«Բարև Երևանը» լինելու է «երևանցու լրտեսը քաղաքապետարանում»
«Բարև Երևան» դաշինքը վերցնելու է Երևանի ավագանու ընտրությունների արդյունքում ստացած վեց մանդատները: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց դաշինքի անդամ Անահիտ Բախշյանը՝ տեղեկացնելով, որ երեկ երեկ իրենք ունեցել են ընդլայնված հավաք՝ ցուցակի մասնակիցներով, վարչությամբ ու որոշել ընդունել մանդատները:
Ա. Բախշյանը հիշեցրեց, որ դրան զուգահեռ «Բարև Երևանը» Վարչական դատարանում վիճարկում է ԿԸՀ ներկայացրած իր դիմումները, ինչպես նաև վիճարկելու է Երևանի տասներեք ընտրատարածքներում արձանագրած խախտումները, որոնց վերաբերյալ, նրա խոսքով, իրենք հատորներ են պատրաստել ու վիճարկելու են դրանք վարչական դատարանում:
Ավագանիում, Բախշյանի խոսքով, իրենք դառնալու են «երևանցու լրտեսը քաղաքապետարանում», որովհետև բոլորն էլ գիտեն՝ ինչ փակ կառույց է այն: Բախշյանը նշեց, որ բոլոր վտանգավոր որոշումների մասին հասարակությանը տեղյակ կպահեն, որպեսզի բոլոր որոշումները դառնան հրապարակային: Նա նաև տեղեկացրեց, թե պայմանավորվածություն կա՝ ավագանու նիստերն օն-լայն հեռարձակելու շուրջ:
ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանն էլ իր հերթին ասաց, թե իրեն չի անհանգստանում, որ ավագանու նիստերը կհեռարձակվեն օն-լայն ռեժիմով. «Ինչո՞ւ պետք է արդար անցած կուսակցությունը վախենա, որ կառույցի որոշումները նախօրոք տեղադրեն»,- հակադարձեց նա՝ միաժամանակ ողջունելով «Բարև Երևանի»՝ մանդատները վերցնելու մասին կայացրած որոշումը:
Անահիտ Բախշյանը նշեց նաև, որ ինքը, Ստյոպա Սաֆարյանը, Արմեն Մարտիրոսյանը, Դավիթ Սանասարյանն ու Գագիկ Բաղդասարյանն անպայման վերցնելու են իրենց մանդատը: