Ներսես Նազարյանը կապ չունի՞ բարձրաստիճան պաշտոնյաներից կազմված ֆինանսական բուրգի հետ. մամուլ
«Բարձրաստիճան պաշտոնյաներից կազմված ֆինանսական բուրգի վերաբերյալ ՀՔԾ-ում քննվող քրեական գործի մասին վերջին շրջանում տարաբնույթ տեղեկություններ են հրապարակ նետվում»,- գրում է «Ժողովուրդ» օրաթերթն ու հավելում.
«Թե դրանցից որ մասն է դառնում քննության առարկա, իսկ որ մասի վրա են իրավապահները աչք փակում, ապագան ցույց կտա։ Բայց մի բան այս պահին հաստատ է. Երևանի նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանը հավաստիացնում է, որ ինքը որևէ առնչություն չունի այդ բուրգի հետ։
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Նազարյանը նշեց. «Պարզապես ծիծաղելի փորձեր են ինձ նման պատմությունների մեջ մտցնելը: Վստահեցնում եմ Ձեզ, որ դրանք հերյուրանքներ են»։ Այդ դեպքում ինչո՞ւ եք լռում, ինչո՞ւ չեք ներկայացնում Ձեր հակափաստարկները և ինչո՞ւ չեք մեկնաբանում Ձեզ պաշտոնանկ անելու պատճառները. «Ժողովուրդի» թղթակցի այս հարցերին պարոն Նազարյանը պատասխանեց. «Ես իմ լռությամբ արհամարհում եմ սուտը։ Ժամանակը բոլոր հարցերի պատասխանը կտա։ Համբերեք, և ամեն ինչ կընկնի իր տեղը»։
Հիշեցնենք, որ բարձրաստիճան ոստիկանների կողմից ստեղծված ու ղեկավարվող ֆինանսական բուրգը խաբեությամբ 2,5 մլն դոլար է կորզել մարդկանցից և «պայթել»»։