ԲՀԿ-ական վերջին նախարարն անգործ չի մնա. մամուլ
««Ժամանակի» տեղեկություններով՝ սպորտի և երիտասարդության հարցերով ԲՀԿ-ական արդեն նախկին նախարար Հրաչյա Ռոստոմյանն անգործ չի մնա և նոր պաշտոն կստանա։ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը նրան գործ է տալու։ Որոշ տեղեկությունների համաձայն՝ նա ԲՀԿ ղեկավարի օբյեկտներից մեկում կաշխատի որպես տնօրեն»,- գրում է «Ժամանակ» օրաթերթը և շարունակում.
«Ի դեպ, ԲՀԿ-ում դեռևս Երևանի ավագանու ընտրություններից առաջ գիտեին, որ իշխանությունները սպորտի և երիտասարդության հարցերով նախարարությունը ԲՀԿ– ից կվերցնեն, եթե ՀՀԿ-ի հետ կոալիցիա չկազմեն։
Իսկ երբ հայտնի դարձավ, որ ՀՀ միակ ավիափոխադրող «Արմավիա» ավիաընկերությունը սնանկանում է, և կարծիք կար, որ այն կգնի Գ. Ծառուկյանը, Հ. Ռոստոմյանն իր մերձավոր շրջապատում ասել էր, թե ԲՀԿ ղեկավարն իրեն է նշանակելու այդ ընկերության տնօրեն։ Բայց երբ պարզ դարձավ, որ Ծառուկյանը չի գնելու «Արմավիան», Հ. Ռոստոմյանն իր ընկերներին ասել է, թե իրեն նշանակելու է «Ավիասերվիս» ընկերության տնօրեն»: