Արդյոք Ադրբեջանն ունի՞ այնպիսի առավելություն, որ նոր հարձակման անցնի ՀՀ-ի ու ԼՂՀ-ի դեմ
Ռուսական Regnum լրատվական գործակալության կայքում երեկ հրապարակվել է Մոսկվայում գործող Hayasa վերլուծական կենտրոնի ռազմական փորձագետ Լեոնիդ Ներսիսյանի «Մանրիկ «Սառը պատերազմ» և Ղարաբաղյան ճգնաժամի սցենարները» խորագրով հոդվածը, որում ասվում է.
«Ղարաբաղյան հակամարտությունը շարունակում է մնալ սառեցված վիճակում: 1991 թվականին այստեղ ծագեց արյունալի պատերազմ, որը տևեց մինչև 1994 վականի մայիսի 12-ը: Այսօր՝ 20 տարի անց, վերլուծաբանները չեն դադարում հարցադրում անել, թե արդյոք Ադրբեջանը կվճռի՞ անցնել նոր հարձակման, թե՞ հակամարտող կողմերին կհաջողվի խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով՝ իրենց ժողովուրդներին զերծ պահելով արյունահեղությունից:
Ղարաբաղյան հակամարտության գոտում տիրող իրավիճակը հատկանշական է նրանով, որ այստեղ տեղակայված չեն երրորդ երկրի խաղաղապահ զորքերը: Խախուտ խաղաղությունը պահպանվում է հակամարտող կողմերի միջև ուժային հավասարակշռության շնորհիվ:
Սակայն վերջին շրջանում աճում են մտահոգությունները՝ կապված նրա հետ, որ Ադրբեջանը նավթի ու գազի վաճառքից ստացվող ֆինանսական համալրումների շնորհիվ սպառազինության հարցում սկսել է գերազանցել Հայաստանի զինված ուժերին ու Լեռնային Ղարաբաղի Պաշտպանական բանակին՝ համատեղ վերցրած:
Ադրբեջանի ղեկավարությունը խստապես աջակցում է տեղեկատվական այդ միտմանը՝ հայկական կողմին բաց սպառնալով ռազմական գործողությունների վերսկսմամբ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բաց չի թողնում ոչ մի դեպք՝ ընդգծելու համար, որ ավարտվել է պատերազմի միայն առաջին փուլը, հակամարտությունը սառեցված չէ, ադրբեջանական զինված ուժերը պատրաստվում են նոր պատերազմի:
Փորձենք պարզել, թե արդյոք իրականում առկա՞ է Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ռազմավարական առավելություն, թե՞ դա միայն պատրանք է, ոգեշունչ, ակտիվ տեղեկատվական քարոզչություն: Հայաստանը սկզբնական շրջանում շատ չի ջանացել մասնակցել իրեն պարտադրված սպառազինությունների մրցավազքին:
Դեռ 2008 թվականին, ի պատասխան Ադրբեջանի կողմից МИГ-29 կործանիչների գնման՝ Երևանը Ռուսաստանից ստացավ С-300ПТ-1 զենիթա-հրթիռային համալիրի (ԶՀՀ) 3 դիվիզիոն: Ավելի ուշ՝ մոտ 2010 թվականին, Հայաստանի հակաօդային պաշտպանությունը (ՀՕՊ) համալրվեց նաև С-300ПС 2 դիվիզիոնով:
Դրանով իսկ որոշվեց ադրբեջանական ռազմաօդային ուժերի (ՌՕՈՒ) գերազանցության խնդիրը հայկական ՌՕՈՒ-ի նկատմամբ. Հայաստանը չէր կարող քանակական հարթությունում պայքարել իր հարևանի դեմ, որի ռազմական բյուջեն մի քանի անգամ ավելի է:
Արդյունքում ՌՕՈՒ-ի գործոնը գործնականում բացառվեց հնարավոր հակամարտությունում՝ «մենք ինքներս չենք թռչում, և մյուսներին էլ դա անելու հնարավորություն չենք տալիս» սկզբունքով:
Հայաստանն ու ԼՂՀ-ն իրենց նորույթներն ակտիվորեն սկսեցին ցուցադրել 2012 թվականին՝ նախ Հանրապետության անկախության 20-ամյակին, ապա Ստեփանակերտում անցկացված և Շուշիի ազատագրման ու ԼՂՀ Պաշտպանական բանակի ձևավորման 20-ամյակին նվիրված զորահանդեսների ժամանակ:
Բավական անսպասելիորեն ցուցադրվեցին Точка-У օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրներ և Р-17 (Скад-Б) բալիստիկ հրթիռներ: Ընդ որում, Հայաստանն ունի ավելի շատ Точка-У օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրներ, քան Ադրբեջանը:
Վերջինս ընդհանրապես չունի Р-17 հրթիռներ, որոնք ունակ են խոցել մինչև 300 կիլոմետր հեռավորության վրա ընկած թիրախները (այդպիսի հեռահարությունը հնարավորություն է ընձեռում հարվածել Բաքվում եղած առանցքային կարևորության թիրախներին):
Р-17-ի առկայությունն Ադրբեջանին հարկադրեց վիթխարի միջոցներ ծախսել ՀՕՊ-ի ժամանակակից միջոցների գնման ու տեղակայման վրա: Ռուսաստանից գնվեցին 2, իսկ որոշ տվյալներով՝ 3 դիվիզիոն С-300ПМУ-2, Իսրայելից գնվեցին Barak 8 ԶՀՀ-ները, ինչպես նաև Green Pine ռադիոտեղորոշիչ կայանները:
Սակայն այս բոլոր գնումները քիչ թե շատ հուսալի ծածկույթ ապահովեցին միայն Բաքվի համար՝ թեև անգամ այդ ԶՀՀ-ների առկայությունը 100 տոկոսով չի երաշխավորում լիակատար անվտանգություն՝ Р-17 հրթիռների ոչնչացում:
Ընդհանրապես, ոչ վաղ անցյալում հայտնի դարձավ, որ Հայաստանը մշակում է սեփական արտադրության օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրներ (ընդ որում մշակման գործընթացը գտնվում է եզրափակիչ փուլում):
Եթե Երևանը կարողանա սկսել օպերատիվ-մարտավարական հրթիռային այդ համալիրների զանգվածային արտադրություն, ապա Ադրբեջանը հարկադրված կլինի մտածել սեփական նավթագազային ենթակառույցների պաշտպանության նոր տարբերակներ:
Նույն 2012 թվականին Հայաստանը ներկայացրեց (այդ թվում նաև զորավարժությունների ժամանակ) սեփական արտադրության «Կռունկ» և «Բազե» անօդաչու թռչող սարքերը (ԱԹՍ): Դա դարձավ Ադրբեջանի կողմից իսրայելական արտադրության ԱԹՍ-երի գնման պատասխանը: Հայ զինվորականները վստահեցնում են, որ ակտիվորեն շարունակվում են նոր տիպի ԱԹՍ-երի ստեղծման ուղղությամբ աշխատանքները:
Պետք է առանձին ընդգծել ոչ վաղ անցյալում ստացված այն տեղեկատվությունը, որն առնչվում է Հայաստանի կողմից սեփական զրահատեխնիկայի ու ՀՕՊ-ի միջոցների արդիականացմանը: Չարենցավանում գտնվող հայ-լեհական համատեղ ձեռնարկության կողմից արդիականացվելու են Т-72 տանկերը ՝ հասցվելով մինչև Т-90 մերձակա տանկի մակարդակի:
Ռուսաստանի հետ համատեղ արդիականացվելու են БМП-1 և БМП-2 հետևակի մարտական մեքենաները: Կարևոր է նաև С-300ПТ-1 և С-300ПС ԶՀՀ-ների արդիականացման սկսումը, որոնք հասցվելու են մինչև С-300ПМ-ի մակարդակի, ինչը թիրախների խոցման հեռահարությունը 75 կիլոմետրից կհասցնի մինչև 150 կիլոմետրի և կբարձրացնի տվյալ ԶՀՀ-ի հակատանկային հնարավորությունները:
Ոչ վաղ անցյալում նաև տեղեկատվություն հայտնվեց այն մասին, որ Հայաստանը Ռուսաստանի հետ բանակցություններ է վարում ՌՕՈՒ-ի համար մեծ քանակությամբ տեխնիկա, այդ թվում նաև գրոհային ինքնաթիռներ, ЯК-130 նորագույն ուսումնա-մարտական ինքնաթիռներ և կործանիչներ գնելու մասին (հավանաբար, ի ապատասխան Ադրբեջանի կողմից Ми-35 ուղղաթիռների գնման):
Հավաստի աղբյուրների տվյալներով՝ ներկայումս ռազմա-տրանսպորտային ավիացիայով արդեն իսկ մեկնարկել է ռազմական տեխնիկայի մատակարարումը Գյումրու ռուսական ռազմաբազա:
Թերևս, այն քիչ կետերից մեկը, որով Ադրբեջանը ներկա պահին գերազանցում է Հայաստանին, դա համազարկի ծանր ռեակտիվ համակարգերն են: Ադրբեջանն ունի Смерч տիպի 12 և Ураган տիպի 4 նմանատիպ համակարգ: Բացի այդ, Թուրքիայից պատվիրված են որոշակի քանակությամբ Kasirga ռեակտիվ համակարգեր:
Դրա դիմաց Հայաստանն ունի չինական արտադրության WM-80 տիպի 8 ռեակտիվ համակարգ: Սակայն բավական վաղուց լուրեր են շրջանառվում Հայաստանի տրամադրության տակ որոշակի քանակությամբ Смерч և/կամ Ураган ռեակտիվ համակարգերի առկայության մասին:
Այսպիսով, ակնհայտ է, որ Ադրբեջանն ընդհանուր առմամբ չունի լուրջ գերազանցություն, որը հնարավորություն կտա իրականացնել արագ գործողություն և վերահսկողություն հաստատել Լեռնային Ղարաբաղի նկատմամբ: Հայկական ստորաբաժանումների մոտոհրաձգային և հրաձգային վաշտերն ու դասակները սպառազինության հագեցվածության պլանում անգամ ունեն գերազանցություն:
Մասնավորապես, հայկական ստորաբաժանումներն ունեն հավելյալ տրամաչափի ավելի շատ փողեր. գնդացիրներ, դիպուկահար հրացաններ, նռնականետեր, ականանետեր և այլն: Եվ այս ամենում դեռ հաշվի առնված չէ այն, որ գրեթե 20 տարի Ղարաբաղում չի դադարում ամրությունների կառուցման գործընթացը. արդեն իսկ ստեղծվել է պաշտպանական 10 գիծ:
Նման պաշտպանության ճեղքման համար անհրաժեշտ է մի քանի անգամյա առավելություն: Մնացյալ դեպքերում առաջին հերթին հարձակվող կողմի համար ռազմական գործողությունները չեն ավարտվի ոչնչով՝ բացառությամբ վիթխարի կորուստներից:
Բացի այդ, անհրաժեշտ է ընդգծել ադրբեջանական բանակի պատրաստվածության շատ ցածր մակարդակն ու զինծառայության սարսափելի պայմանները. 2013 թվականից սկսած՝ զոհվել է 35 զինծառայող, ընդ որում, կորուստների ճնշող մեծամասնությունը ոչ մարտական կորուստներ են:
Ուշագրավ է, որ 15 ինքնասպանություններից 4-ը գրանցվել է նույն բրիգադում: Հայաստանը միևնույն ժամանակահատվածում կրել է 4 մարտական և 2 ոչ մարտական կորուստ: Մի՞թե նմանատիպ լուրջ ներքին խնդիրներ ունեցող բանակն ընդհանրապես կարող է արդյունավետ պատերազմել: Դա մեծ կասկածներ է հարուցում:
Վերոնշյալից պարզ է դառնում, որ սպառազինությունների մրցավազքը գտնվում է թեժ փուլում, այն դեռ իսկապես չի շահել հակամարտող կողմերից և ոչ մեկը: Ուժերի հավասարակշռությունը պահպանվում է, և ամենայն հավանականությամբ կհանգեցնի նրան, որ տեսանելի ապագայում տարածաշրջանում կպահպանվի ստատուս-քվոն:
Հայաստանն ու ԼՂՀ-ն կարիք չունեն ռազմական գործողությունների սանձազերծման, իսկ եթե դա անի Ադրբեջանը, ապա նրա զորքերը խրված կմնան Ղարաբաղի պաշտպանական բնագծերում և կկրեն մեծ կորուստներ, ընդ որում՝ առանց նշանակալից առաջխաղացման:
Քանի որ հավանական պատերազմը, ամենայն հավանականությամբ, կտևի 2-3 շաբաթից ոչ ավելի (կողմերին ավելի շատ պատերազմելու հնարավորություն չեն տա միջազգային կառույցները), ապա Ադրբեջանը ոչինչ չի ստանա՝ բացառությամբ միջազգային դատապարտման և մեծ հավանականությամբ ԼՂՀ-ի անկախության ճանաչման:
Բացի այդ, գոյություն ունի նավթագազային ենթակառույցների վիթխարի ռիսկը, ինչը կհանգեցնի բաժնետերերի, այդ թվում նաև արևմտյան խոշոր ընկերությունների ֆինանսական խոշոր կորուստներին՝ էլ չխոսած այն մասին, որ հակահարվածը կարող է հանգեցնել նոր տարածքների կորստյան:
Հայկական կողմը վերջին 5 տարում անցկացնում է հենց այդպիսի սցենարով զորավարժություններ: Դա չի հանդուրժի Ադրբեջանի բնակչությունը, և ներկայիս վարչակարգը դատապարտված կլինի: Դա ևս մեկ պատճառ է, որ կշարունակվի մանրիկ «սառը պատերազմը», և կպահպանվի ստատուս-քվոն»: