Բաժիններ՝

Գյուղօլիգարխի սպասելիս

Տարադրամի շուկայում կատարվածը տնտեսական և մասամբ քաղաքական օրինաչափություններով բացատրելու գայթակղությունը մեծ է: Տարադրամի փոխարժեքը ցատկոտում է: Կարելի է ասել, որ տնտեսվարողներն ու շուկան այդպես արձագանքեցին կառավարություն չունենալու փաստին: Բայց դա լուրջ բացատրություն չի համարվի: Նախ` նոր վարչապետի անունը վաղուց էր հայտնի: Հետևաբար` բավական պարզ էր` ինչ տեսք ու կառուցվածք է ունենալու կառավարությունը:

Կարելի է նաև ասել, որ ֆինանսական շուկան պուճուրիկ ցնցումների մեջ է մայրաքաղաքային ընտրությունների պատճառով: Բայց դա էլ հիմնավոր բացատրություն չի համարվի: Ընտրությունների արդյունքների մասին կասկած ունեին միայն մանկամիտ քաղաքական գործիչները: Կամ՝ նրանցից ամենառոմանտիկները: Եթե այդպիսիք կան մեր քաղաքական համակարգում:

Այնպես որ, մեր տնտեսական կյանքը կայուն է: Հետևաբար` լուրջ փոփոխությունների սպասելիքներ չկան: Չնայած, որ նոր կառավարության կազմը ներկայացնելիս` ՀՀ նախագահը խոստացավ, որ նոր կառավարության աշխատանքը գնահատելիս արդյունավետությունն են չափանիշ ունենալու: Նախագահի խոսքից հետո կառավարությանը գործնական խորհուրդներ տվեց վերջին ամիսների ամենամոդայիկ տնտեսական գործիչը՝ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Բայց նույնիսկ սրանք չեն շաբաթվա հիմնական նորությունները:

Ամենակարևորը վարչապետի անցկացրած խորհրդակցությունն էր: Էկոնոմիկայի նախարարություն էին հրավիրվել գյուղմթերումներով ու վերամշակումով զբաղվող 80 կազմակերպությունների ներկայացուցիչներ: Վարչապետը նրանց պատմել էր, թե հարազատ կառավարությունը վերջին տարիներին ինչ է արել գյուղացուն ու գյուղատնտեսությանն օգնելու նպատակով:

Այդ մասին բոլորն էլ գիտեն: Ավելին՝ ոմանք կառավարության արածը, մեղմ ասած, արդյունավետ չեն համարում: Չեն համարում, ու կառավարությանն առաջարկում են ֆինանսապես աջակցել գյուղացուն, ոչ թե դիզվառելիք, սերմացու և պարարտանյութ ներկրող հայտնի ու անհայտ կազմակերպություններին: Ոլորտում անելիքների մասին խոսելիս` վարչապետն ահագին նոր քայլեր առաջարկեց: Դրանց մի մասն իսկապես նոր է: Օրինակ, այս տարի կառավարությունն առաջարկում է գյումթերքների արտահանումն ապահովագրող պետական կառույց ստեղծել:

Հետաքրքիր ծրագիր է, բայց ոգևորվել պետք չէ: Ռուսաստանի նախկին վարչապետի թևավոր խոսքը հնարավոր է, որ այս անգամ էլ աշխատի՝ «Ուզում էին լավ անել, բայց ստացվեց, ինչպես միշտ»: Նման կարծիք ունենալու համար մեր կառավարության նախկին գործունեությունը հիշելը պարտադիր չէ: Բավական է պարզապես հետևել խորհրդակցության ժամանակ վարչապետի խոսքին: Վարչապետը գյուղմթերողներին և վերամշակողներին տեղեկացրեց, որ Հայաստանում կա 340 հազար գյուղացիական տնտեսություն: Դրանք միասին վերցրած 400 հազար հեկտար հող են մշակում: Հետևաբար` գյուղմթերքների ինքնարժեքը բավական բարձր է:

Հետևաբար` ի՞նչ է պետք անել: Իհարկե խոշորացնել տնտեսությունները: Վարչապետը հենց դա էլ առաջարկեց: Առաջարկեց ու նշեց, որ այդ 400 հազար հեկտար գյուղատնտեսական հողերի մի մասը չի մշակվում: Հետևաբար` պետք է տույժ-տուգանքներ սահմանել, որ գյուղացին ամբողջովին մշակի իր հողը: Իսկ եթե չի կարող մշակել՝ թող օտարի: Արդյունքում` պարզ է ինչ կլինի. կհայտնվեն խոշոր հողատերեր: Այսինքն՝ ամեն ինչ պետք է անել գյուղոլորտում խոշորացում ապահովելու համար: Ոչ թե կոոպերացիայի ճանապարհով, ինչպես քաղաքակիրթ երկրներում, այլ գյուղմոնոպոլիստ ու գյուղօլիգարխ բուծելու ճանապարհով:

Դա մեր իշխանությունների մոտ ավելի լավ է ստացվում: Վարչապետը նույնիսկ առաջարկում է միավորել մթերող ու վերամշակող մանր ու միջին ձեռնարկությունները: Միավորման առաջարկն արվում է բավական ազնիվ նկատառումով՝ նպաստել արտահանմանը: Ավելին, վարչապետը տնտեսվարողներին խոստացավ, որ այս գործում պետությունը լուրջ մասնակցություն կունենա:

Եթե, իհարկե, տնտեսվարողները համաձայնեն: Տնտեսվարողները, հարկավ, հասկացան իրենց գլխի գալիքը: Հողի սեփականաշնորհումից ի վեր գյուղատնտեսությունը համարյա պետական աջակցություն չստանալով` դարձել է մեր իրական տնտեսության ամենաակտիվ և ամենակայացած հատվածը: Հատված, ուր կա իրական մրցակցություն: Բնականաբար, գյուղացու ծանր աշխատանքի հաշվին: Հիմա կարծես ինչ-որ բան փոխվում է:

Մի քանի տարի առաջ պետությունը հայտարարել էր, որ դեմքով շրջվելու է դեպի գյուղը: Հիմա կարծես շրջվում է: Շրջվում է բավական տարօրինակ նպատակներով ու ծրագրերով: Ու մեր միակ հույսը մնում է այն, որ կառավարության այս ծրագրերն էլ բազում նախորդների նման չեն իրականանա:

Հ.Գ. Ընտրություններից հետո բոլորովին անկապ հիշեցի ծերացող Պինոչետի հայտնի ճառը. «Շուտով ես կմեռնեմ, բայց ընտրություններ, միևնույն է, չեն լինի»: Ընդունեք, որ դիկտատորն ավելի անկեղծ ու ազնիվ էր:

«168 ԺԱՄ»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս