Սամվել Կարապետյանը ֆինանսական բուրգի զոհ. մամուլ
Հասարակական հետաքրքրության կիզակետում գտնվող բարձրաստիճան պաշտոնյաներից կազմված ֆինանսական բուրգի վերաբերյալ ՀՔԾ-ում քննվող քրեական գործի մասին «Ժողովուրդ» օրաթերթին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել:
Թերթը հիշեցնում է, որ բարձրաստիճան ոստիկանների կողմից ստեղծված ու ղեկավարվող ֆինանսական բուրգի բացահայտումից հետո Երևանի ոստիկանապետ Ներսես Նազարյանն ազատվեց պաշտոնից: Ըստ «ՀԺ-ի»՝ այդ կառույցը խաբեությամբ 2,5 մլն դոլար է կորզել մարդկանցից և «պայթել»:
Եվ ահա «Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ «քցվածներից» մեկը ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանն է, որը Սերժ Սարգսյանի մոտ «պատռել է բուրգի» որոշ բարձրաստիճան անդամների դիմակը, որոնք գրպանել են իր փողերը: ՀՔԾ-ից, սակայն, «Ժողովուրդ»-ին տեղեկացրել են, որ այս քրգործով կատարվում է նախաքննություն, հարցաքննվել են վկաներ, իրականացվում են քննչական այլ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու և մեղավոր անձանց շրջանակը պարզելու ուղղությամբ:
«Քրեական գործով որևէ տվյալ ձեռք չի բերվել ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանի կողմից ՀՀ-ում կատարած ներդրումներն իրավապահ համակարգի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից յուրացնելու դեպքի վերաբերյալ»: Իսկ Ս. Կարապետյանի եղբայր Կարեն Կարապետյանի գրասենյակի ղեկավար Արտակ Ճաղարյանը «Ժողովուրդ»-ին հայտնել է.
«Ես, իհարկե, իրավասու չեմ պատասխանել Ս. Կարապետյանի անունից, սակայն շատ լավ ճանաչելով Կարապետյան եղբայրների մարդկային տեսակն ու հնարավորությունները՝ վստահ եմ, որ որևէ մեկը, ով էլ նա լինի, չի կարող, ինչպես Դուք եք նշում, «քցել» նրանց: Դա բացառվում է: Անհրաժեշտության դեպքում իրենք են գումար տրամադրում նրանց, ովքեր դրա կարիքն ունեն»:
Պարբերականը հավելում է, որ այս «բուրգի» բացահայտման հետևանքով էլի սպասվում են խոշոր պաշտոնանկություններ: Մանրամասները թերթը կներկայացնի առաջիկայում: