«Ժողովուրդն այլասերության պատրաստ է»

Ասում է Վասիլի Շուկշինի «Կարմիր բռինչ» վիպակի հերոս Եգոր Պրոկուդինը

ՀՀԿ-ն անպարտելի է. այս պահի դրությամբ սա արդեն արձանագրված փաստ է: Երևանի ավագանու ընտրություններին Տարոն Մարգարյանի օգտին քվեարկել է ընտրողների ավելի քան 55 տոկոսը: Դրանից առաջ այս կուսակցությանը հաջողվեց պարտադրել իր առաջնորդին` ՀՀ նախագահի պաշտոնին: Դրանից ավելի առաջ ՀՀԿ-ն խորհրդարանում զբաղեցրեց աթոռների մեծամասնությունը:

Այս կուսակցությունն ունի մեծ ներուժ. հասարակությունը հարուստ է մարդկային այն տեսակով, որը պատրաստ է սիրով համալրել ՀՀԿ-ի շարքերը: Այս կուսակցությունն ընտրություններին աշխատեցնում է թաղային խուժանի, լյումպենի հսկայական բանակ: Այս կուսակցության համար բացարձակ խնդիր չէ իր քաղաքացիներին տեսնել ընտրակաշառք վերցնելիս և բաժանող: Այս կուսակցությունն իշխանության մնալու համար պատրաստ է այլասերել նրանց, ովքեր դիմադրելու գիտակցություն չունեն: Կայքերում տեղադրված նյութերն իսկական շոկ են. միջին տարիքի և տարեց կանայք խմբված են բակում: Դա կրկեսի շրջակայքը չէ, և տիկնայք էլ կարճ փեշերով և ցանցկեն զուգագուլպաներով չեն: Մոտենում է մի ջիփ, կանայք հերթով մտնում են մեքենա, դուրս գալիս, ապա տեղավորվում երթուղայիններումգ Իմ գործընկերների ռեպորտաժներում երթուղայինների վարորդներ էին, որոնք լրագրողի հարցին` ինչո՞ւ են աշխատում այլ երթուղով, ո՞ւմ են սպասում` այդպես խմբված, անմիտ պատասխաններ էին տալիս: Ոմանք անհարմարությունից ձեռքով ծածկում են դեմքը:

ՀՀԿ վերնախավում մարդիկ են, որոնք գիտեն` ինչն է լավ և ինչը` վատ: Նրանք իրենց զավակներին, ծնողներին, հարազատներին չեն ներգրավի այս մեքենայությունների մեջ, քանի որ վստահ են` անպատվաբեր է: Որևէ մեկի մայրը հաստատ չի գնա ընտրակաշառք վերցնելու` ռեպորտաժի տարեց կանանց նման: Նրանց կանայք էլ երբեք իրենց թույլ չեն տա նստել անծանոթ մեքենա, ընտրակաշառք ստանալ, ապա տեղավորվել երթուղայինում: Նրանց զավակներն ընտրատեղամասերի հարևանությամբ չեն հավաքվի, քանի որ անպատվաբեր է լյումպենի ընկերակցությունը: Այդ դեպքում, ինչո՞ւ են նման քայլի դրդում այլոց զավակներին, կանանց, ամուսիններին, տարեց ծնողներին:

Անհասկանալի է նման ձևով սեփական քաղաքացիների հետ վարվելու մոտիվացիան: Պատասխանը, կարծում եմ, այստեղ է` երկրի ղեկին մարդիկ են, ովքեր մտովի այս երկրի քաղաքացի չեն: Նրանք իրենց ներկայությունը երկրում համարում են շնորհ, որին մեծահոգաբար արժանացնում են տգետ ու անգիտակից այս հասարակությանը: Նրանց կապիտալը ևս դրսում է, քանի որ այս երկրի կանոններն իրենք են գրել և իրենք էլ հասկանում են` սա ապահով երկիր չէ: Նրանցից շատերն իրենց զավակների, մերձավորների ապագան այս երկրում չեն պատկերացնում: Նրանցից շատերն այստեղ ուղղակի լավ աշխատանք ունեն, լավ վաստակում են, գեղեցիկ հագնվում և բարձրաշխարհիկ միջոցառումների ու հարսանիքների մասնակցում:

Նրանք իրենց աշխատանքը մայրաքաղաքի լավագույն հասցեներում հիմնավորում են ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանի շուրթերով. 2012 թ.-ի մայիսի 2-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, նա ասաց բառացիորեն հետևյալը. «Եթե պատերազմ չեք ուզում, քվեարկեք հանրապետականի օգտին», ապա շարունակեց, թե պատերազմի ժամանակ կռվողը հանրապետականն է լինելու:

Երկրի անվտանգության համար անհանգիստ այս կուսակցությունը ենթադրում է, թե պատերազմ է գնալու համամասնական իր ցուցակի ողջ կազմով ու հաղթելու է թշնամուն, քանի որ կարողացել է գալ իր քաղաքացիների հախից: Ընտրությունից ընտրություն մարդկանց զայրույթը, անզորությունն արտահայտվում է մի քանի բառերում` «Թուրք, թշնամի, Աթաթուրք»: Այսինքն` ենթագիտակցորեն մարդիկ այն, ինչ կատարում է այս իշխանությունը, ասոցիացնում են այն ամենի հետ, ինչ կատարել է մեր ժողովրդի գլխին թշնամին: Ընդդիմության հասցեին մեղադրանքները, որոնք այս կուսակցության ակտիվիստները տարածում են սոցցանցերում, անհիմն են, քանի որ ընտրատեղամասում ունենալով անգամ վստահված անձանց մեծ բանակ, միևնույն է, ընտրական գործընթացը վերահսկել անհնար է:

Ընտրակեղծարարության մեքենան այնքան է կատարելագործվել, որ հիմնական գործողություններն արդեն ընտրատեղամասերում չէ, որ ծավալվում են: Ընտրատեղամասային միջադեպերը ՀՀԿ-ի կամ ԲՀԿ-ի որոշ ներկայացուցիչների ինքնագործունեության հետևանքով առաջացած անախորժություններ են: Ամեն ինչ որոշված է` մինչև ընտրողի` ընտրատեղամաս մտնելը: Մարդկանց հետ աշխատում են մինչև ընտրությունները: Այս անգամ գործի է դրվել ընտրակեղծարարության նոր մեթոդ: Այն հղկվել է նախագահական ընտրություններից հետո, երբ մարդիկ կարող էին ընտրակաշառք վերցնել ՀՀԿ-ից, քվեարկել ուրիշի օգտին: Հավաքել են ընտրողների անձնագրերը, իրենց մարդիկ այդ անձնագրերով ներկայացել են ընտրության, իսկ վերադարձնելիս չեն մոռացել շնորհակալությունը` բաղձալի 20.000-անոցը:

Մայիսի 5-ից հետո շատերն են արձանագրում, թե այս ընտրություններին հաղթել է թաղային խուժանը: Սակայն այդ խուժանը չի կարող հաղթել, անգամ չի կարող շնչել, եթե նրա ձեռքին փող ու արտոնություններ չլինեն: Փող ունի երկու կուսակցություն` ՀՀԿ-ն և «Բարգավաճ Հայաստանը»: Երկուսն էլ առատորեն ընտրակաշառք են տվել: Արտոնություն առայժմ ունի միայն ՀՀԿ-ն:
Երևանի ավագանու ընտրություններին մեր` երևանցիներիս վերաբերմունքը չափազանցված էր ներկայացվում. իբր` սա ձեզ համար նախագահական կամ խորհրդարանական ընտրություններ չեն, սա Երևանն է, ուր հավաքված է հանրապետության մտածող, քաղաքացիական ակտիվություն ունեցող մարդկանց կորիզը:

Ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, որ կորիզը կա, սակայն այն չափազանց փոքր է: Տպավորություն է, որ նախագահական ընտրություններին այս իշխանությունների դեմ ընտրողների մի մասը քվեարկել էր, որովհետև իրենց ընտրակաշառք չէր հասել:

Ի՞նչ անել: Բոլորի մտքի մի անկյունում կա վերջին տարբերակը` հեռանալ այս երկրից: Սակայն դա խնդրի լուծում չէ: Մնալով և որակական մեծամասնություն կազմելով է միայն հնարավոր ինչ-որ բան փոխել: Ինձ համար անակնկալ էր սոցցանցում տեսնել գրառում` պետք է բոլոր պարագլուխներին ոչնչացնել միաժամանակ, ինչպես «Կնքահայրը» ֆիլմում եղավ, այդ դեպքում է միայն հնարավոր լուրջ փոփոխություն: Սա չափազանց ծայրահեղ ու մերժելի կարծիք եմ համարում, սակայն, երբ փայտը չափազանց է ճկվում, այն ջարդվում է: Եվ լսվում են ոչ միայն հրավառության կրակահերթեր…

«168 ԺԱՄ»

Տեսանյութեր

Լրահոս