Բաժիններ՝

Ի՞նչ է կատարվել ողբերգական ավտովթարից րոպեներ առաջ. մամուլ

«Հայկական Ժամանակ» օրաթերթը գրում է. «Մայիսի 1-ի լույս 2-ի գիշերը Գարեգին Նժդեհի հրապարակում տեղի ունեցած ողբերգական ավտովթարը, որի հետևանքով մահացել էր 26-ամյա Դավիթ Հայրապետյանը, պարզվում է՝ նախապատմություն է ունեցել։

Ըստ մեր տեղեկությունների՝ մինչ այդ վթարը Դավիթ Հայրապետյանի «BMW» մակնիշի ավտոմեքենան կանգնեցրել է ՃՈ աշխատակիցը և փորձել է տուգանել արագությունը գերազանցելու համար։ Մեքենայի վարորդը, սակայն, զանգահարել է ինչ-որ մեկին և ասել, որ խոսի ՃՈ աշխատակցի հետ, որպեսզի իրեն չտուգանի։ ՃՈ աշխատակիցը համաձայնել է, բայց պայմանով, որ վարորդի հետ եղած մյուս երեք հոգին իջնեն մեքենայից և ինքը մենակ գնա, քանի որ ի վիճակի չէ մեքենա վարել:

Երեք հոգին իջել են մեքենայից և Դավիթը շարունակել է ճանապարհը, սակայն րոպեներ անց տեղի է ունեցել դժբախտ պատահարը։ Այս տեղեկությունը ճշտելու համար զրուցեցինք ճանապարհային ոստիկանության պետ Արսեն Արշակյանի հետ։ Վերջինս մեր հարցերին ի պատասխան ասաց. «Առաջին անգամ եմ նման տեղեկություն լսում, իմաստը չեմ հասկանում, մեր պրակտիկայի մեջ դեռ նման դեպք չի գրանցվել (որպեսզի ՃՈ աշխատակիցը 3 հոգու իջեցնի մեքենայից, իսկ վարորդին չտուգանի ու թողնի գնա–խմբ.)»,- ասաց Արսեն Արշակյանը:

Վերջինիս արտահայտած զարմանքը հասկանալի է։ Իսկ ո՞ւմ համարին կատարած զանգը կարող էր այդքան ազդեցիկ լինել ՃՈ աշխատակցի համար: Ըստ տարածված տեղեկությունների, երիտասարդի հայրը աշխատում էր Միխայիլ Բաղդասարովի հետ, բավական բարձր պաշտոն է զբաղեցրել վերջինիս պատկանող ընկերություններից մեկում, իսկ նախկինում եղել է ճանաչված օդաչու։

Ըստ որոշ տեղեկությունների՝ նա ինչ-որ ժամանակահատվածում եղել է նախագահական ինքնաթիռի օդաչուն։ Տեղեկություններ կան նաև, որ զոհված երիտասարդի հոգեհանգստին մասնակցել է Սերժ Սարգսյանը։ Այս ամենի համադրումից դժվար չէ կռահել, որ երիտասարդի ծանոթների շրջանում ոստիկանին զանգահարող և հրահանգներ տվող անձանց պակասություն չի զգացվել»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս