
Ի՞նչ միջոցներով է Վարդան Վարդանյանը վիլլա գնել Իսպանիայում. մամուլ

««Ժամանակի» տեղեկություններով՝ Քաղաքաշինության նախկին նախարար, ԲՀԿ անդամ Վարդան Վարդանյանն իր պաշտոնավարման տարիներին շքեղ վիլլա է ձեռք բերել Իսպանիայում։ Այս ձեռքբերումն ուշագրավ է այն առումով, որ անցած տարեվերջին քաղաքաշինության ոլորտում հսկայական չարաշահումներ բացահայտվեցին:
Մասնավորապես՝ հայտնի դարձավ, որ Վ. Վարդանյանի պաշտոնավարման տարիներին Ազգային գրադարանի վերանորոգման նպատակով բյուջեից հատկացված 700 մլն դրամի մեծ մասը փոշիացվել է, իսկ գրադարանն էլ կիսավերանորոգված է մնացել:
Բացահայտվեց նաև, որ խոշոր գումարներ են մսխվել մի շարք դպրոցների վերանորոգման աշխատանքների ընթացքում: Ճիշտ է, այդ չարաշահումների հետ կապված գլխավոր դատախազությունում քրգործ հարուցվեց, Վ. Վարդանյանը հարցաքննվեց, բայց պատասխանատուներ այդպես էլ չհայտնաբերվեցին։ Փոխարենը քաղաքական շրջանակներում շրջանառվում է, որ ԲՀԿ-ական նախկին նախարարն Իսպանիայում շքեղ վիլլա է գնել»,- գրում է «Ժամանակ» օրաթերթը: