Մշակութային կոթողն անասնագոմի է վերածվել
«Վերջերս առիթ եղավ այցելելու Հարանց անապատ, որը գտնվում է օրհասական վիճակում. շատ քիչ բան է պահպանվել: Ներկայումս տվյալ մշակութային կոթողում կենդանիներ են պահում: Այս պատմամշակութային կոթողը, թերևս, պատկանում է այն հուշարձանների շարքին, որոնց ճակատագիրը հետաքրքիր չէ ո՛չ Մշակույթի նախարարությանը, ո՛չ էլ այլ շահագրգիռ կողմերի: Նրանք երևի տեղյակ էլ չեն, որ նման մշակութային կոթողն օգտագործվում է՝ որպես անասնագոմ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Արևի» զբոսաշրջային ընկերության տնօրեն Գևորգ Գասպարյանը:
Նրա խոսքով՝ մենք շատ ունենք այնպիսի եկեղեցիներ և ամրոցներ, որոնց վիճակն օրհասական է, ամեն պահի կարող են փլվել. «Առայժմ պահպանման ոչ մի քայլ ոչ մեկի ուղղությամբ չեմ նկատել: Իհարկե, կան կազմակերպություններ, որոնք պատմական, ճարտարապետական ուսումնասիրություններ են կատարում, սակայն նրանք իրենց ռեսուրսներով չեն կարող վերանորոգումներ կամ պահպանության հարցեր լուծել: Մենք մի քանի հարցի հետ կապված բարձրաձայնել ենք Մշակույթի նախարարությանը, բայց, անկեղծ ասած, երբ տեսնում ենք, որ, օրինակ, Գառնիի կամուրջն ինչ ձևով է վերականգնվել, ձգտում ենք նրանց նման հարցերով չդիմել, որովհետև նույն ճակատագրին կարող են արժանանալ նաև այն հրաշք մշակութային կոթողները, որոնք այսօր կան»:
– Գևորգ, վերջերս նշում էիք «Արևի» զբոսաշրջային ընկերության երկրորդ ամյակն ու ուղևորության շրջանի բացումը: Այս տարի ինչպիսի՞ արշավներ եք կազմակերպելու:
– Առհասարակ բոլոր ուղղությունները մեզ մոտ ոչ ստանդարտ են, ձգտում ենք շեղվել ստանդարտ երթուղիներից ու ամեն անգամ առաջարկում ենք նոր երթուղի, որը նախկինում չի եղել: Այսինքն` ձգտում ենք գտնել այնպիսի մշակութային կոթողներ, որոնք քիչ են այցելուներ տեսնում: Առայժմ արդեն պլանավորված կա Մանթաշաբերդից՝ մինչև Աղջկա բերդ, Հարանց անապատից՝ մինչև Տաթևի մեծ անապատ քայլարշավները: Նշված երթուղիները տվյալ ոլորտում քիչ են հայտնի: Կան նմանատիպ այլ երթուղիներ, որոնք այս տարի առաջին անգամ ենք իրականացնելու:
– Տեղյակ եմ, որ այս տարի նաև Արևմտյան Հայաստան եք գնալու…
– Այս տարի, Արևմտյան Հայաստան գնալուց բացի, բարձրանալու ենք նաև Արարատ լեռը (2-րդ անգամ):
– Ե՞րբ եք պատրաստվում գնալ Արևմտյան Հայաստան, և որքանո՞վ են հայերը ցանկանում տեսնել իրենց պատմական հայրենիքը:
– Առաջին ուղևորությունը պլանավորել ենք իրականացնել հունիս ամսվա մեջ: Արձագանքները մեծ են, շատերը ցանկություն ունեն տեսնել իրենց պատմական հայրենիքը: Հիմնական խնդիրն ու հարցն է, թե ի՞նչ արժե ուղևորությունը, հարմա՞ր է իրենց գրպանին, թե՞ ոչ:
– Ընդհանուր առմամբ՝ նման ուղևորությունը մատչելի՞ է:
– Ներկայումս ուղևորության գինը բավական իջել է, և կարծում եմ` գնալով կիջնի` կապված ընկերության ներքին քաղաքականության հետ:
– Որքանով տեղյակ եմ՝ Արարատ լեռը պատրաստվում եք բարձրանալ օգոստոս ամսին: Կպատմե՞ք` քանի՞ օրում եք պլանավորել բարձրանալ, դժվարի՞ն լեռնագնացություն է, թե՞ ոչ, հատուկ պատրաստվածություն պահանջո՞ւմ է:
– Իհարկե, լեռները հատուկ պատրաստվածություն պահանջող վայրեր են, ուղևորության համար անպայման պետք է նախօրոք նախապատրաստվել: Արարատի դուռը կարող է տևել 4-7 օր` կապված նրան, թե բացի Արարատ բարձրանալուց, ինչ երթուղիներ և էքսկուրսիոն ծրագիր է ներառված տվյալ փաթեթի մեջ: Մենք պլանավորել ենք վեց օրում իրականացնել այս ուղևորությունը, որից երեք օր բաժին է ընկնելու Արարատ բարձրանալուն, իսկ մյուս երեք օրը` Վան, Կարս, Անի այցելելուն: Ընդհանուր առմամբ՝ ասեմ, որ Արարատի դուռով հետաքրքրվողները ևս շատ են: Կան շատ հայրենասեր հայեր, որոնց համար կարևոր է բարձրանալ Բիբլիական լեռը:
– Ի՞նչ եք կարծում` մենք՝ հայերս, արշավասե՞ր ժողովուրդ ենք:
– Եթե համեմատենք այլ երկրների, թեկուզ՝ հարևան Վրաստանի կամ Իրանի հետ, իհարկե, նրանց մոտ լեռնագնացություններն ու արշավներն ավելի լավ են զարգացած, սակայն ասեմ, որ 2007-2008-ից սկսած՝ ոլորտում փորձեր են կատարվում: Մինչև այսօր հայերի մեջ կտրուկ տենդենց եմ նկատում, ինչի մասին են խոսում ամեն օր ծագող խմբերը, որոնք արշավներ են կազմակերպում:
– Կարծում եք՝ Հայաստանը դեռևս շատ քի՞չ է բացահայտված:
– Հայաստանում բացահայտելու շատ բան ունենք, մենք ինքներս մեր հայրենիքը լավ չենք ճանաչում: Նույնիսկ շատ ժամանակ այնպիսի անսպասելի մշակութային կոթողների ենք հանդիպում, որոնց մասին մտքներովս էլ չէր անցնի: Ինչքան էլ ճանապարհորդում ենք, ինչքան էլ ամեն շաբաթ նոր վայրեր ենք մեզ համար բացահայտում, դեռ մեծ բաժին կա, որի մասին մենք տեղյակ չենք:
– Կառանձնացնե՞ք մի վայր, որտեղ լինելով՝ շատ եք տպավորվել:
– Տպավորված եմ բոլորով, չեմ կարող որևէ վայր առանձնացնել: Վերջերս առիթ եղավ բարձրանալ Աղջկա բերդ, որը շատ հետաքրքիր և չքնաղ բնություն ունեցող մի վայրում է: Առաջին անգամ էի այնտեղ: Իհարկե, կրկին պահպանված շատ քիչ բան կա, հիմնականում ավերված է, ոչ մեկը չի հետևում, բերդի մասին գրեթե ինֆորմացիա չկա, բայց ինքն իրենով՝ հրաշք է:
– Որևէ բան կցանկանա՞ք ավելացնել:
– Բոլորին խորհուրդ կտամ բացահայտել Հայաստանն՝ ինչքան հնարավոր է ավելի շատ, ու ճանաչել այն Հայաստանը, որն իրականում մենք ունենք, և ոչ թե՝ այն, ինչ որ կա Երևանի բետոնե պատերի ետևում: Իհարկե, այնտեղ էլ շատ հետաքրքիր բաներ կան, որոնց մասին մենք չգիտենք: Բոլորին խորհուրդ կտամ նաև սիրել մեր բնությունը, չփչացնել այն, չավերել: Այն մեր հետագա լավ կյանքի գրավականն է: