«Այս պահին ցածր բեռ ունեցողների շարքում ենք». Արշալույս Մարգարյան
ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի պետական պարտքի կառավարման վարչության պետ Արշալույս Մարգարյանի հարցազրույցը Armef.com էլեկտրոնային կայքին
– Պրն Մարգարյան, այսօր աշխարհը կարծես կենտրոնացել է առավելապես տնտեսական զարգացումների վրա, քան զուտ քաղաքական: Շարունակական ճգնաժամերը, բանկային համակարգերի փլուզումները` իրենց քաղաքական լուրջ նախադրյալներով ու հետևանքներով, ավելի են հաճախակիացել: Այս ֆոնի վրա Հայաստանում հաճախ քննարկվող ու նաև շահարկվող թեմաներից մեկը երկրի պետական պարտքն է:
– Հայաստանի պետական պարտքին վերաբերող ամսական հաշվետվության մեջ գործնականում չկա այնպիսի տեղեկատվություն, որ Հայաստանի կամ աշխարհի որևէ քաղաքացի ցանկանա իմանալ ու չկարողանա դա անել: Կայքում ամեն ինչ ամենայն մանրամասնությամբ ներկայացված է:
Ինչ վերաբերում է մասնագիտական մեկնաբանությանը, նշեմ, որ մեր պարագայում բյուջեով հաստատված թվերից մեծ շեղումներ երբեք չեն լինում, որովհետև սպասարկման համար գումարները ծրագրավորելիս միշտ փոքր-ինչ ավելի ենք վերցնում` զուտ ապահովագրական նկատառումներով: Դա ոչ միայն հայերիս, այլև պարտքի կառավարմամբ զբաղվող ցանկացած մարդու «հիվանդությունն է»:
Ունենք լողացող տոկոսադրույքով պարտքեր, որոնք չափվում են LIBOR-ով (Լոնդոնի միջբանկային շուկայում առաջարկվող դրույք` միջազգային բանկային վարկավորման մեջ հիմնական տոկոսադրույք, որ սահմանվում է ամեն օր` Լոնդոնի ժամանակով առավոտյան ժամը 11:00.- armef.com): Գիտենք, որ տարվա ընթացքում LIBOR-ով մի քանի փոխանցում ենք անելու, դիտարկում ենք միջազգային շուկայում LIBOR-ի վերաբերյալ առկա կանխատեսումները, ելնում ենք դրանցից` ապահովագրական որոշակի մեխանիզմով: Վճարումների ժամանակացույցն արդեն իսկ հայտնի է: Վարկերի գծով մեր բանակցությունների հիմնական կետերից մեկը վճարումների ժամանակացույցն է, թե մեր ստացած վարկը երբ, որ օրերին ենք վճարելու:
– Դեռևս վարկը չտրամադրած` արդեն վերադարձի օրն են ճշտու՞մ:
– Սկզբում, քանի դեռ նախարարությունում պարտքի կառավարման կառույց չկար, որպես կանոն` պարտքերը վերադարձնում էինք դեկտեմբերի 31-ին: Հետո, հասկանալով, որ մեր վճարումների հիմնական մասն ընկնելով տարեվերջին` ծանր իրավիճակում ենք հայտնվում, անցանք համակշռված մեխանիզմի մեթոդին, այնպես, որ ծանրությունը հավասարաչափ բաշխվի բոլոր ամիսների վրա: Հիմա ոչ միայն տարիների ընթացքում պարտքի մարման հարթ ժամանակացույց ունենք, այլև` ամիսների:
Պարտքի մարման թվերը հստակ արտացոլված են կայքում: Ընդ որում` տեղադրում ենք թե ներքին և թե արտաքին պարտքի վերաբերյալ շուկայի տեսությունը, որից փոքրիշատե հասկացողը ամեն ինչ կկարդա, և վերջինիս մոտ որևէ բաց հարց չի մնա:
Մեր վարչությունում ներքին և արտաքին պարտքերի հաշվառման կառուցվածքը փոխվել է: Նախկինում գործում էին արտաքին ու ներքին պարտքերի և գանձապետական պահառուի բաժինները: Գործառույթներն էլ բաժանված էին` ըստ պարտքի տեսակների: Թիմի մասնագիտական հմտությունների զարգացմանը զուգընթաց, գրասենյակն աշխատում է` ըստ գործառույթների: Առաջնային գրասենյակը զբաղվում է արտաքին աշխարհից միջոցների ներգրավմամբ, միջին գրասենյակը` ռիսկերի գնահատմամբ ու ռազմավարական ծրագրերի մշակմամբ, ետինը հաշվառում է ամեն ինչ: Հիմա ևԲ արտաքին, ևԲ ներքին պարտքի գծով բոլոր գործառույթները հաշվառվում են ետին գրասենյակում: Այսինքն` Կենտրոնական բանկի վճարումները, ԿԲ-ից միջոցներ ստանալը, ամեն ինչ կատարվում է այստեղ, իսկ առաջնային գրասենյակում կազմակերպում են աճուրդները, արտաքին աղբյուրներից միջոցների ներգրավումը: Միջին գրասենյակում էլ զբաղվում են արտարժութային, տոկոսադրույքի և վերաֆինանսավորման ռիսկերի գնահատմամբ: Եվ դրա հիման վրա կազմվում է ռազմավարություն: Այդ ընթացքում հավասարաչափ կարևոր են և ռիսկերը, և դրանք ուղեկցող ծախսերը:
– Իսկ ի՞նչ սկզբունքով է աշխատում այս կառույցը պետության համար կարևորագույն որոշումներ կայացնելիս, ասենք` վարկ վերցնելիս:
– Դիցուք` 100 մլրդ դրամ գումար պետք է բերվի բյուջե: Առաջին քայլով որոշվում է, թե նշյալ գումարից որքանն է ապահովվում ներքին աղբյուրներից, որքանը` արտաքին: Այնուհետ` գումարի որ մասն է լինելու կարճաճամկետ, որը` միջնաժամկետ և որը` երկարաժամկետ: Սրան հաջորդում է աղբյուրների որոշումը, թե գումարը որ աղբյուրներից է բերվելու` Համաշխարհային բանկ, Զարգացման ասիական բանկ, Գերմանիայի Դաշնային Հանրապետության KfW բանկ, թե չորրորդ-հինգերորդից: Այդքանից հետո միայն որոշվում է արժույթի տեսակը` դոլար, եվրո: Սրան էլ հաջորդում է մեր ունեցած պարտքի կառուցվածքի ուսումնասիրությունը, և ըստ այդմ էլ մշակվում են պարտքը վերցնելու սցենարներ, ծախսերի ու ռիսկերի առումով որոշում դրանցից լավագույնը: Բնականաբար` ընտրվում է ծախսերի ու ռիսկերի հնարավորինս ցածր մեծություններով տարբերակը: Այդ ամենի հիման վրա էլ մշակվում է համապատասխան ռազմավարություն:
2013թ. առանձնահատկություններից մեկն այն է, որ թողարկում ենք երկարաժամկետ պարտատոմսեր, որոնք այս պահին ռիսկային են, բայց դա արվում է` ապահովելու կենսաթոշակային բարեփոխումների հաջող ընթացքը: Աստիճանաբար առաջանում է կենսաթոշակային կառավարիչների դասը, որոնց պետք է, որ փողը երկար ժամանակով կայուն տոկոսներով դրվի, որպեսզի առնվազն չկորցնեն այդ փողը: Հետևաբար` երկարաժամկետ պարտատոմսերի նկատմամբ պահանջարկը 2014-ից սկսած, երբ կենսաթոշակային բարեփոխումը կմեկնարկի, ավելի է մեծանալու: Մենք այդ քայլին գնացել ենք գործընթացի հաջողությանը նպաստելու համար:
– Այդուհանդերձ` կխնդրեի անդրադառնալ մեր պարտքի բեռին:
– Ֆինանսների նախարարության մակրոտնտեսական քաղաքականության վարչությունը հարկաբյուջետային ընդհանուր քաղաքականության ներքո դիտարկում է հանրապետության ունեցած պարտքի բեռի խնդիրը, թե ՀՆԱ-ի որևէ մակարդակում, արտահանման-ներմուծման հարաբերության ինչ մակարդակում մեր պարտքը ինչպես պետք է դրսևորվի: Վարչությունը մշակում է որոշակի կանոններ և դրանց համաձայն` նշում հանրապետության տնտեսության համար պարտքի վտանգավոր սահմանագիծը:
Պարտքի վտանգավոր սահմանագիծը յուրաքանչյուր երկիր սահմանում է` ելնելով իր տնտեսության մեջ ձևավորված իրավիճակից ու հնարավորություններից:
– Մեր պարագայում սկզբում մինչև ՀՆԱ-ի 40%-ն էր նշվում, հետո դարձավ մինչև 60%:
– Այդ 40-ը կամ 60-ը ասվում է սիրողական մակարդակով: Ոչ մի դեպքում չի կարելի մի ցուցանիշ վերցնել և դրանով գնահատել պարտքի ծանրությունը: Հաճախ պարտքային սուր ճգնաժամեր են լինում երկրներում, որտեղ պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը 30%, 20%, նույնիսկ 15% է: Փաստորեն` շատ անվտանգ պարտք է, և հանկարծ` պարտքային ճգնաժամ է առաջանում, որը հետևանք է լինում արտարժութային շուկայում ինչ-որ հզոր տատանումների: Այդ պատճառով էլ մասնագետը երբեք չի համարձակվի մի ցուցանիշով բնորոշել պարտքի վիճակը: Սովորաբար` հաշվետվություններում տալիս են ցուցանիշների համակարգ: Երկրի վարկունակությունը գնահատվում է 5-10 ցուցանիշներով, և գործող որոշակի նորմերով դիտարկվում է, թե այդ 10 ցուցանիշներից քանիսն են բավարար, քանիսը` անբավարար: Եթե 9 ցուցանիշները բավարար են, տասերորդը` ոչ, այդ դեպքում երկիրը միանշանակ վարկունակ է: Եթե երկու ցուցանիշն են շեղված, դա շրջահայացության հիմք է ստեղծում: Երեքի շեղումն արդեն խիստ վտանգավոր է, և այդ երկրի հետ գործ չեն ունենում:
– Հիմա Համաշխարհային բանկը, Զարգացման ասիական բանկը, գերմանական KfW-ն կարծես նույնիսկ հաճույքով են մեզ վարկ տրամադրում: Դրանից կարելի՞ է հետևություն անել, որ վտանգավորության սահմանի առումով Հայաստանում ամեն բան կարգին է, մենք միանգամայն անվտանգ գոտում ենք:
– Իհարկե: Մենք այդ ցուցանիշներն էլ ենք հրապարակում, դրանք մեր բոլոր հաշվետվությունների վերջում հավելվածի տեսքով հրապարակվում են: Ասենք` պարտք – ՀՆԱ, պարտք – զուտ ներկա արժեք – ՀՆԱ, պարտքի սպասարկում – արտահանում հարաբերությունները:
– Գուցե թվային արտահայտություններով ներկայացնեք ու նաև մեկնաբանեք:
– Ասեմ, որ մեկնաբանությունները չափազանց հեշտ է անելը, եթե փորձում եք մի քիչ խորանալ թվերի մեջ:
– Հաճախ ԶՏՄ-ներում «մի քիչ խորացած» ներկայացվում է այս ոլորտի իրավիճակը, որից այն պատկերն է ստացվում, թե ուր որ է «խորտակվելու ենք»:
– Թերևս որոշ չափով նաև այդ թերթերի գործելաոճն է մեզ մղել այն բանին, որ ամեն ինչ հրապարակենք ամենայն մանրամասնությամբ: Կրկնում եմ` չի կարող լինել մեր պարտքին վերաբերող որևէ հարց, որի պատասխանը հնարավոր չլինի գտնել կայքում: Դա բացառվում է:
Անդրադառնալով արտաքին պետական պարտքի զուտ ներկա արժեք – ՀՆԱ հարաբերակցությանը` նշեմ, որ պարտքի առավել ծանր բեռ ունեցող երկրներում այս ցուցանիշը 80%-ից ավելի է: Միջին պարտք ունեցող երկրների համար 48-80% միջակայքում է, պարտքային նվազ բեռ ունեցող երկրների համար` մինչև 48%: Հայաստանի փաստացի ցուցանիշներով մեզանում այդ հարաբերակցությունը առավելագույնը եղել է 30%: Ընդ որում` զուտ ներկա արժեքը այլ բան է, քան պարտքի անվանական մեծությունը: Եթե 2040-ին պետք է վճարել 1000 դրամ վարկային գումար, ապա զուտ ներկա արժեքն այն գումարն է, որ այսօր ավանդավորելով որևէ բանկում` դրանից ստացված հոսքերով կկարողանաս 2040-ին վճարել այդ գումարը: Սովորաբար` աշխարհում հաշվում են զուտ ներկա արժեքը, որովհետև հնարավոր է` երկու երկրներ ունենան նույն ՀՆԱ-ն (ասենք` 10 հազար միավոր), և երկուսն էլ ունենան հավասար միավորներով (ասենք` 6 հազար միավորի) պետական պարտք: Գործին անտեղյակների մոտ այս թվերը կարող են զարհուրանք առաջացնել: Կործանարար են: Քանի որ այս երկու երկրների մասին կա ընդամենը այդքան տեղեկատվություն, հնարավոր չէ ավելի որևէ բան գնահատել: Բայց եթե պարզվում է, որ երկրներից մեկն այս ամբողջը պետք է 100 տարվա ընթացքում 60-60 միավորով մարի, իսկ մյուսը` երկու տարվա ընթացքում, պարզվում է, որ հսկայական տարբերություն կա: Զուտ ներկա արժեքը պետք է` հասկանալու համար, թե ունեցածդ ինչքան «հեռու փողե է:
Պարտքի բեռի գնահատման նպատակով ՀԲ-ի, ԱՄՀ-ի, ՏՀԶԿ-ի մասնագետները համատեղ մշակել են ցուցանիշներ, որոնք ընդհանուր են և գործում են բոլորի համար:
Հաջորդը արտաքին պետական պարտքի զուտ ներկա արժեք – արտահանում հարաբերակցությունն է: Զուտ ներկա արժեքը արտահանման հետ է համեմատվում, որովհետև արտահանումը միակ կայուն աղբյուրն է, որտեղից կարելի է տարադրամ ստանալ և ծառայեցնել պարտքի վճարմանը: Այստեղ գործում է նույն տրամաբանությունը. 220%-ից բարձրը շատ ծանր բեռ ունեցողներն են, 132-220%-ը` միջին բեռ ունեցողները և մինչև 132%-ը` ցածր բեռ ունեցողները:
– Մենք այս սանդղակի ո՞ր միջակայքում ենք:
– Այս պահին ցածրի մեջ ենք: Միջինի մեջ հայտնվել ենք երկու տարի` 2009-10թթ.: 2009-ին մեծ ներհոսք ունցանք, բայց 2010-ին արդեն հունի մեջ ընկանք և հիմա նորից ցածր բեռ ունեցողների շարքում ենք:
Ինչ վերաբերում է արտաքին պարտքի սպասարկում – արտահանում հարաբերակցությանը, այստեղ զուտ ներկա արժեք չկա, որովհետև այս դեպքում ցույց է տրվում, թե որոշակի տարում արտաքին պարտքի գծով որքան է դուրս բերվում, և դա արտահանման որ մասն է կազմում: Ըստ բեռի ծանրության` ցուցանիշները հետևյալն են. 30%, 18-30% և 18%: Մենք սրանց մոտ թվեր ունեցել ենք շատ վաղուց, հիմա Հայաստանի արտաքին պարտքի սպասարկում – արտահանում հարաբերակցությունը միանիշ թվով է չափվում:
Մնացած ցուցանիշների պարագայում էլ նույն սկզբունքն է գործում, նույն մեխանիզմով ենք առաջնորդվում: Շատ ավելի կոռեկտ ու իմաստնավորված է, երբ այս բոլոր ցուցանիշները համադրվում են` հստակեցնելու Հայաստանի տեղն ու դիրքը և հասկանալու, թե դրսի աշխարհում Հայաստանն ինչպես է ընկալվում` որպես պարտքառու:
– Դեռևս կարող ենք պարտքեր վերցնել, և դա երկրի համար խնդիր չէ՞:
– Ինչպես է առաջանում այդ խնդիրը. կա, այսպես կոչված, վարկային վերին սահման: Մենք շատ հեռու ենք այդ սահմանից և երբեք այդ սահմանին մոտ վարկ չենք վերցնում: Ունենք բազմարժութային զամբյուղով վարկեր: Մեր Մակրոտնտեսական քաղաքականության վարչությունը ուսումնասիրությունների ընթացքում հստակեցնում է, թե մենք որ դեպքերում ենք մոտենում թույլատրելի վտանգավոր սահմանին: Այս պահին մեզ համար վտանգավոր կարող է լինել, եթե հանկարծ դրամի փոխարժեքը հասնի 530-ի: Այդ դեպքում վարկ վերցնելու մեր հնարավորությունը կմոտենա զրոյի: Բացի այդ, լրացուցիչ պարտք վերցնելու հնարավորությունը նվազում է, երբ արտահանումը պակասում է:
Այդ ամենը արվել և արվում է` ճշտելու համար, թե առաջիկա տարիներին ինչն է լինելու մեր ուշադրության կենտրոնում. փոխարժեքը, արտահանումը, տրանսֆերտները:
– 2 տարի առաջ, երբ փոխարժեքը 306 դրամ էր, վարկ վերցնելու մեր հնարավորությունն ավելի մե՞ծ էր:
– Որքան մեծանում է տնտեսության աճը, այնքան մեծանում է ներուժը, նաև` վարկունակությունը:
Փոխարժեքից և արտահանումից զատ, ունենք նաև ամրագրված ու լողացող տոկոսադրույքների վարքագծի հետ կապված խնդիրը: Կա «վերամրագրման ժամկետե ցուցանիշը: Պարտքի վերամրագրման ժամկետը վերաբերում է լողացող տոկոսադրույքով վարկերը մարելու և նորը վերցնելու պարբերականությանը: Լողացող տոկոսադրույքի պարագայում վարկ վերցնելիս վարկատուն առաջարկում է կաԲմ ինչ-որ տոկոսով ամրագրված, կաԲմ մեկ այլ տոկոսով լողացող տարբերակներ: Ու ստիպված ես որոշակի կանխատեսումներ անել: Իհարկե` սխալվելու դեպքում կանխարգելող տարբերակներ էլ կան, այդուամենայնիվ` սխալվելը ցանկալի չէ:
Ցանկանում եմ մեկ անգամ ևս շեշտել, որ մեր գործողությունները շատ թափանցիկ են, ու մեզ համար շատ կարևոր է, որ այդ թափանցիկությունը հայտնի լինի բոլորին: Հայաստանի Հանրապետության պարտքի վերաբերյալ չկա մի բան, որ որևէ մեկի մտքով անցնի ու պատասխանը կայքում չգտնի: Դա բացառվում է: Օրերս մեզ «բռնեցրել էինե մի «անթափանցիկ իրավիճակումե, երբ պարզվել էր, որ մեր պարտքը դոլլարային արտահայտությամբ նվազել է, իսկ դրամով` ավելացել: Մենք մտածում էինք, որ ամեն բան հասկանալի է, և դրան անդրադառնալ պետք չէ, բայց ստացվեց, որ սխալվել էինք ու ստիպված կայքում բացատրեցինք, որ որևէ սխալմունք չկա, պարզապես պատճառը դրամ-դոլլար հարաբերության, փոխարժեքի փոփոխությունն է: