Բաժիններ՝

Թուրքիան ուղեծիր է արձակել կապի նոր արբանյակ

Haber7-ի փոխանցմամբ՝ Թուրքիան այսօր տեղական ժամանակով ժամը 07.13-ին արձակել է կապի նոր արբանյակ՝ TÜRKSAT-3USAT-ը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի մալուխային հեռուստատեսության ու արբանյակային կապի Türksat պետական ընկերությունը:

Արբանյակը Long March 2D հրթիռով արձակվել է չինական Jiuquan քաղաքի տիեզերակայանից: Արբանյակի երկարությունը կազմում է 34 սանտիմետր, այն արտադրվել է Ստամբուլի Տեխնիկական համալսարանի ու Türksat ընկերության կողմից:

Արբանյակը երեք տարի շարունակ օգտագործվելու է Երկրից 645 կիլոմետր հեռավորության վրա: Այն հանդիսանում է թուրքական արտադրության առաջին մինի կապի արբանյակը:

2012 թվականի դեկտեմբերի 18-ին էլ Թուրքիան չինական այդ նույն տիեզերակայանից արձակել էր իր երկրորդ արբանյակը՝ Göktürk-2-ը, որն օգտագործվում է պաշտպանական նպատակներով: Թուրքական առաջին հետախուզական արբանյակը՝ RASAT-ը, ուղեծիր է արձակվել 2011 թվականին:

Ավելի վաղ Թուրքիայի գիտության, արդյունաբերության ու տեխնոլոգիաների նախարար Նիհաթ Էրգյունը հայտարարել էր, որ Թուրքիան պատրաստում է երկրի արբանյակային տեխնոլոգիաների զարգացման մեջ ներդրումներ անելու տասնամյա ծրագիր:

Էրգյունի խոսքերով՝ այսօր Թուրքիայի առաջնահերթ առաջադրանքը արբանյակների արձակման համակարգի ստեղծումն է: Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանն իր հերթին հայտարարել է, որ Թուրքիան պետք է ունենա իր տիեզերակայանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս