
Ո՞վ է ֆինանսավորում ՀԱԿԿ-ին

Իրականությանը համապատասխանո՞ւմ են Հայ ազգային կոնգրես կուսակցության (ՀԱԿԿ) համագումարից հետո տարածված այն լուրերը, թե Կոնգրեսին ֆինանսավորում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: Ի պատասխան այս հարցին` ՀԱԿԿ վարչության անդամ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանն այսօր հրավիրված ասուլիսում նշեց, որ այդ տեղեկությունները հիմնավորված չեն:
«Հայ ազգային կոնգրեսին ֆինանսավորել են իր համակիրները, այսինքն` դա միշտ բազմաշերտ է եղել` մի որոշ ժամանակաշրջանում շատ, որոշ ժամանակաշրջանում` քիչ: Ես կարծում եմ, որ ՀԱԿ դաշինքի` կուսակցության վերափոխման պրոցեսը բավական ոգևորիչ ազդեցություն է ունեցել մեր համակիրների վրա, ինչից էլ ոգևորված` մեր համակիրները շարունակում են աջակցել մեզ` գտնվելով մշտական ֆինանսական, քաղաքական ահաբեկման տակ»,- ասաց Արման Մուսինյանը:
Հիշեցնենք, որ ՀԱԿ դաշինքին անդամ կուսակցություններից Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցության անդամ Գուրգեն Եղիազարյանն այս շաբաթ մամլո ասուլիսում կարծիք էր հայտնել, թե Լևոն Տեր-Պետրոսյանը չմասնակցեց վերջին նախագահական ընտրություններին` ֆինանսական խնդիրների պատճառով:
«Իմ անձնական կարծիքով` նա այս ընտրություններին չմասնակցեց, որովհետև գումար չուներ: Եվ ես հպարտ եմ, որ մենք գործ ունենք հիմնադիր նախագահի հետ, ով, համենայնդեպս, մեր երկիրը չի թալանել: Թալանած լիներ` մի երկու միլիարդ կդներ, սրանց հետքն անգամ չէր մնա»,- ասել էր Գուրգեն Եղիազարյանը:
Այս մասին էլ Մուսինյանը նշեց, որ դա իր մասնավոր կարծիքն է: