Ինչո՞ւ Լևոն Տեր-Պետրոսյանը չմասնակցեց նախագահական ընտրություններին

Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցության (ՍԴՀԿ) վարչության անդամ Գուրգեն Եղիազարյանն այսօր հրավիրված մամլո ասուլիսում կարծիք հայտնեց, որ Հայաստանում միակ քաղաքական դեմքը, ով ի վիճակի է երկրում փոփոխություններ կատարելու, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն է: Գուրգեն Եղիազարյանը նշեց, որ հպարտ է 5 տարի շարունակ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած քաղաքական ուժի կազմում լինելու համար, սակայն միաժամանակ ավելացրեց, որ ինքն այսօր ներկայացնում է այլ քաղաքական ուժ: ՍԴՀԿ ներկայացուցիչը պարզաբանեց իր հպարտության պատճառը:

«Իմ անձնական կարծիքով` նա այս ընտրություններին չմասնակցեց, որովհետև գումար չուներ,-  ասաց Գ.Եղիազարյանը,- Եվ ես հպարտ եմ, որ մենք գործ ունենք հիմնադիր նախագահի հետ, ով, համենայն դեպս, մեր երկիրը չի թալանել: Թալանած լիներ` մի երկու միլիարդ կդներ, սրանց հետքն անգամ չէր մնա»:

Գ.Եղիազարյանից հետաքրքրվեցին, թե 2012 թ. ԱԺ ընտրություններին, որին մասնակցեց Հայ ազգային կոնգրեսը, Լևոն Տեր-Պետրոսյանը գումար ունե՞ր: Սրան ի պատասխան` բանախոսը նշեց, որ խորհրդարանական ընտրությունների ժամանակ նույնպես չկային ֆինանսական միջոցներ, և ԱԺ նախընտրական քարոզարշավը շատ վատ ընթացավ, քանի որ Կոնգրեսն անգամ վառելիքի գումար չուներ` մի գյուղից մյուս գյուղ գնալու համար:

Գուրգեն Եղիազարյանն անդրադարձավ «Հայ ազգային կոնգրես» կուսակցության (ՀԱԿԿ) համագումարում Լևոն Տեր-Պետրոսյանի հնչեցրած գաղափարական դրույթներին` նշելով, որ Տեր-Պետրոսյանը բավական գեղեցիկ ելույթ ունեցավ, և դրանում կային դրույթներ` լիբերալ դաշտում նոր ուղղության` սոցիալ-լիբերալիզմի վերաբերյալ:

«Դա կարելի է ողջունել, որովհետև հիմա ինչ ունենք Հայաստանում, սրա անունը կապիտալիզմ չէ, սրա անունը, ինչ ասեմ, շնացած, կատաղած, վայրի, գայլային (չէ, գայլը լուրջ կենդանի է), տզրուկային կապիտալիզմ է: Երբ այս տզրուկային կապիտալիզմի պայմաններում խոսվում է այս վիճակից դուրս գալու մասին, ավելանում է նաև սոցիալական մոտիվացիան, դա կարող է լուրջ բան դառնալ»,- նշեց Գ.Եղիազարյանը: Սակայն միաժամանակ նա ավելացրեց, որ ինքը սոցիալիստ է և Հայաստանի զարգացման ուղին տեսնում է իրոք սոցիալիզմի ճանապարհին:

Մեր հարցին, թե նա ի՞նչ կարծիք ունի Տեր-Պետրոսյանի առաջարկած մեկ այլ դրույթի` «բուրժուադեմոկրատական հեղափոխության» իրականացման մասին, Գուրգեն Եղիազարյանը պատասխանեց, թե ՀԱԿԿ առաջնորդը, առաջարկելով իշխանափոխության այդ ուղին, խոսել է հեղափոխությունների դասական ձևի մասին, քանի որ ցանկացած հեղափոխություն, որպես կանոն, լինում է բուրժուադեմոկրատական: «Նույնիսկ 1917 թ. բոլշևիկյան (հոկտեմբերյան) հեղաշրջման սկիզբը  բուրժուադեմոկրատական հեղափոխությունն էր»,- նշեց նա:

Տեսանյութեր

Լրահոս