Բաժիններ՝

Կաշառք չկա, մարդ չկա՞. մամուլ

«Հայկական Ժամանակ» օրաթերթը գրում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանը իր վերջին ասուլիսի ժամանակ աչքի է ընկել յուրահատուկ պահվածքով: Երբ մեր թղթակից Գագիկ Աղբալյանը ցանկություն է հայտնել հարց ուղղել նրան, Ուրիխանյանը դիմելով նրան՝ ասել է. «Կաշա՞ռք եք ուզում»:

Բանն այն է, որ Գագիկ Աղբալյանը, բնակիչների կողմից մեր խմբագրության ստացած ահազանգի հետքերով լրագրողական փոքրիկ հետաքննություն էր կատարել՝ մտնելով ԲՀԿ-ի տարածքային կառույցներից մեկը, որտեղ որպես տարածքի բնակիչ՝ պատասխանատու անձի հետ զրույց էր ունեցել ավագանու ընտրություններում ԲՀԿ-ին ընտրելու դիմաց ակնկալվող դրամական վտխհատուցման մասին: Զրույցի ընթացքում ԲՀԿ-ականը բաց տեքստով խորհուրդներ էր տվել, թե երբ է պետք ներկայանալ, ինչ է պետք անել գումարը ստանալու համար:

Հետաքննության արդյունքում գրված հոդվածից հետո ոչ ԲՀԿ-ն, ոչ ոստիկանությունը չարձագանքեցին դրան: Ոստիկանությունը մինչ օրս չի արձագանքել: Իսկ ահա ԲՀԿ խոսնակը կրկին մեր թերթին տված հարցազրույցում ստիպված լինելով անդրադառնալ խնդրին, հանդգնություն էր ունեցել հայտարարելու, որ լրագրողի կողմից պրովոկացիա է տեղի ունեցել և որ լրագրողը, ինչպես և ընտրակաշաոք առաջարկողը, կարող է օրենքի առաջ պատասխան տալ դրա համար:

Սա էլ դեռ քիչ է, հաջորդ օրը Տ. Ուրիխանյանը ասուլիսի ժամանակ դիմում է լրագրողին «Կաշառք եք ուզում»: Հարց է առաջանում, իսկ ումից և ինչ է ուզում ինքը՝ ԲՀԿ խոսնակը՝ «ընտրողներից ձայներ առնելու» սեփական կուսակցության հանրահայտ գործելաոճը կոծկելու համար և որքան է գնահատվում նման պահվածքը: Հետաքրքիր է նաև, թե ինչու է ԲՀԿ-ի բակային հանդիպումներին 10 հոգի հավաքվում, ինչի մասին բուռն դժգոհություն էր հայտնում կուսակցության ներկայացուցիչներից մեկը՝ նախօրեին տեղի ունեցած հանդիպումից հետո, որ հաջողությամբ ֆիքսել էին տարբեր ԶԼՄ-ների տեսախցիկները:

Էլ «կաշաոք չեք տալի՞ս», վախենում եք բռնվե՞լ: Թե՞ արդեն կաշառքն էլ չի օգնում: Հայաստանի քաղաքական կյանքում իհարկե ցինիզմը մեծ տեղ ունի, ոչ միայն ԲՀԿ-ի, այլ մյուս բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչները հաճույքով են դիմում դրան սեփական «աղբը» թաքցնելու համար, սակայն՝ չափի զգացումը երբեք պետք չէ կորցնել»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս