ADIDAS. Ընտանեկան բիզնեսի հաղթանակած վախճանը
1976թ. Ադոլֆ Դասլերը հեռուստացույցով հետևում էր Մոնրեալի Օլիմպիական խաղերի 400 մետրանոց վազքի մրցումներին: Հանկարծ նրա ուշադրությունը գրավեց կուբացի վազորդ Խուանտորենասի շարժումների անճշտությունը: Մարզիկը վազում էր հատուկ այդ Օլիմպիադայի համար պատրաստված մարզակոշիկներով` կարգավորվող հանվող ելուստներով` «փշերով»: Դասլերը շտապ զանգահարեց Մոնրեալում գտնվող իր օգնականին և հանձնարարեց ստուգել Խուանտորենասի կոշիկները: Պարզվեց, որ վազորդն իր նախաձեռնությամբ փոխել էր ելուստներն, ինչը նկատեց միայն 76-ամյա Դասլերն` այդ մարզակոշիկների գաղափարի հեղինակը: Խնդիրը լուծվեց, իսկ Խուանտորենասը շահեց օլիմպիական ոսկին:
Ադոլֆ Դասլեր
Լվացքատնից մինչև Dassler
Դասլերը ծնվել է 1900թ. բավարական փոքր քաղաքում: Մայրը հավաքարար էր, հայրը` հացթուխ: Ադին (այդպես էին նրան կոչում) ընդամենը 14 տարեկան էր, երբ սկսվեց Առաջին համաշխարհային պատերազմը, ուստի նրան ռազմաճակատ չտարան: Նա առանձնապես չէր էլ ուզում գնալ, քանզի նրա կիրքը ֆուտբոլն էր: Երբ 1918թ. Գերմանիան պարտվեց, Դասլերները ծանր կացության մեջ ընկան, և 1920թ. ընտանեկան խորհուրդը որոշեց սեփական գործ հիմնել` կոշիկ կարել:
Մոր լվացքատունը Դասլերները սարքեցին արհեստանոց: Հնարամիտ Ադին իր հեծանիվը դարձրեց կաշվի վերամշակման սարք: Նրա մայրը և քույրերը կտրում էին քաթանն, իսկ Ադին իր հոր և ավագ եղբոր` Ռուդիի հետ կարում էր կոշիկները: Դասլերների առաջին արտադրանքը հողաթափիկն էր, որի հումքը զինվորական համազգեստն ու հին ավտոմեքենաների անվադողերն էին: Ադին զբաղվում էր բուն արտադրական գործընթացով և նոր մոդելների գաղափարների ստեղծմամբ, իսկ Ռուդին` արտադրանքի վաճառքով: 1924 թ. ստեղծվեց «Դասլեր եղբայրների կոշիկի ֆաբրիկա» ընկերությունը:
Եղբայրները տարբեր բնավորություն ունեին: Եթե Ադին հնարամիտ էր, ինտելեկտուալ և սիրում էր ֆուտբոլ խաղալ, ապա Ռուդին բռնկուն էր, սիրում էր սեքսը, ջազը և բռնցքամարտը: 1925թ. ֆիրմայի գործերն այնքան լավ էին, որ Ադին ռիսկի դիմեց և որոշեց առաջին անգամ «փշերով» ֆուտբոլային մարզակոշիկներ կարել: Գաղափարը հաջողություն ունեցավ: Արդեն 1927թ. Դասլերներն իրենց ֆաբրիկայի համար նոր շենք վարձակալեցին, և ամբողջ ընտանիքը շուտով տեղափոխվեց մոտակա առանձնատունը: Առաջին անգամ սպորտսմենները «փշերով» մարզակոշիկներով հանդես եկան 1928թ. Ամստերդամի Օլիմպիադայում: Եվ հենց այդ ժամանակվանից էլ ավանդույթ դարձավ, որ Դասլերների նորամուծությունը մարզիկներին հաջողություն է բերում յուրաքանչյուր Օլիմպիադայում:
Դասլեր եղբայրները՝ Գերմանիայի սպորտի նախարարի հետ
Համաշխարհային բրենդի ծնունդը
Երկրորդ աշխարհամարտից հետո եղբայրները ստիպված էին ընտանեկան գործը սկսել զրոյից: «Դասլեր» կոշիկները կրկին սկսեցին արտադրվել զինվորական համազգեստների մնացորդից, իսկ ընկերության աշխատակիցները որոշ ժամանակ վարձատրվում էին փայտով և այլ ապրանքներով: Սակայն եղբայրներն առաջվա նման համերաշխ չէին: Հոր մահից հետո 1948թ. նրանք վերջնականապես բաժանվեցին և կիսեցին ընկերությունը: Եղբայրները նաև պայմանավորվեցին չօգտագործել ընտանեկան ձեռնարկության անվանումը և խորհրդանիշը: Ադին իր ֆիրման անվանեց Addas, իսկ Ռուդին` Ruda: Մի քանի ամիս անց Addas-ը վերանվանվեց Adidas, իսկ Ruda-ն` Puma: Այսպես «մեռավ» համաշխարհային Dassler բրենդը, և «ծնվեցին» երկու նոր բրենդներ: Իսկ եղբայրները մինչև կյանքի վերջը լռեցին, իրենց վեճի պատճառների մասին: Ավելին, «Ադիդասի» և «Պումայի» հիմնադիրների թշնամանքը փոխանցվեց նաև իրենց հարազատ քաղաքին: Յուրաքանչյուր ֆիրմա ստեղծեց իր ֆուտբոլային թիմը, որոնց մասնակիցները նույնպես թշնամանքով էին վերաբերվում «հակառակորդներին» ու նույնիսկ նրանց ընտանիքներին:
Որոշ ժամանակ անց Ադին խախտեց իր ու Ռուդիի պայմանավորվածությունը. նա Dassler-ի խորհրդանիշից վերցրեց երկու զոլերը, դրանց ավելացրեց երրորդը և ստեղծեց «Ադիդասի» սիմվոլը: Եղբոր հետ մրցակցելու համար Ադին սկսեց զբաղվել իր սիրած զբաղմունքով` հնարամտությամբ: 1949թ. նա ստեղծեց նոր` հանովի «փշերով» մարզակոշիկները: Իսկ մի քանի տարի հետո սկսեց նաև սպորտային պայուսակներ արտադրել:
Հաղթանակ երեք զոլերով
Տարեցտարի «Ադիդասի» կոշիկների արտադրությունը տեխնոլոգիապես բարդացավ, և արդեն 1954թ. պրոֆեսիոնալ սպորտի աշխարհում ընկերությունը մրցակիցը չուներ: Այդ տարի «Ադիդասի» մարզակոշիկները կրող ֆուտբոլի Գերմանիայի ազգային հավաքականն առաջին անգամ աշխարհի չեմպիոն դարձավ: Ազգը ցնծության մեջ էր: Ադին անձամբ ներկա էր Բեռնում ընթացող որոշիչ խաղերին, և նրա ղեկավարությամբ ֆուտբոլիստների մարզակոշիկները հարմարեցվում էին եղանակային պայմաններին: Այդ հաղթանակի շնորհիվ Ադիի մոտ միտք հղացավ` մարզադաշտերում տեղադրել ընկերության գովազդը: Եվ 1956թ. «Ադիդասն» Օլիմպիական կոմիտեի հետ գովազդի պայմանագիր կնքեց` այդպիսով սպորտի առևտրականացման դարաշրջանի հիմքը դնելով: «Ադիդասի» հաջողություններն այնքան ակնհայտ էին, որ երևում էին նույնիսկ «երկաթե վարագույրի» այն կողմից: 1972թ. ՍՄԿԿ ԿԿ Քաղխորհուրդը որոշում ընդունեց սովետական օլիմպիական հավաքականի համար ձեռք բերել «Ադիդասի» մարզակոշիկները:
Ադի Դասլերը մինչև իր կյանքի վերջն անձամբ ղեկավարել է «Ադիդասը»: Կյանքի վերջում նա ասել է, որ «Ադիդասն» իր համար ոչ թե նպատակ է եղել, այլ` միջոց: «Իմ կյանքի միակ կարևոր գործը սպորտն է եղել»,- խոստովանել է Ադին: Նա մահացել է 1978թ., սրտի կաթվածից` իր 5 երեխաներին թողնելով ծաղկող ընկերությունը: Բայց «Ադիդասն» այդպես էլ ընտանեկան բիզնես չդարձավ: Հոր մահվանից հետո Ադիի զավակները սկսեցին վիճել իրենց ժառանգության շուրջ:
Նոր էջ «Ադիդասում»
1993-ից մասնագետների նոր թիմը սկսեց գրել «Ադիդասի» նորագույն պատմությունը: Նոր մենեջմենթն առաջին հերթին «գրավեց» Nike-ի և Reebok-ի լավագույն մասնագետներին: Երկրորդ, արտադրությունը հետզհետե դուրս բերեց Գերմանիայի սահմաններից. այժմ ֆիրման, իր հիմնական մրցակիցների նման, արտադրում է նաև Ինդոնեզիայի, Չինաստանի և Թաիլանդի ձեռնարկություններում` օգտագործելով այդ երկրների էժան աշխատուժը: Այսօր «Ադիդասն» աշխարհին ներկայանում է արտադրանքի լայն տեսականիով` տարբեր մարզակոշիկներ, սպորտային հագուստ, կոշիկներ զբոսաշրջիկների համար: Մի խոսքով, «Ադիդասի» մոտ ամեն ինչ կարգին է, բայց Ադի Դասլերի մահից հետո սա լրիվ ուրիշ «Ադիդաս» է: