Բաժիններ՝

Նավալնին դատարանում հայտարարել է, որ անմեղ է

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Կիրովի դատարանը դիտարկում է ընդդիմադիր գործիչ Ալեքսանդր Նավալնիի գործը՝ կապված «Կիրովլես» ընկերության գույքը վատնելու հետ: Նավալնին դատարանում հայտարարել է, որ չի ընդունում իր մեղքը և չի հասկանում, թե հետաքննությունն ինչպես է մտադիր ապացուցել դա:

Նավալնու խոսքերով՝ մեղադրական եզրակացությունը կազմված է կոպիտ խախտումներով և պետք է վերամշակման նպատակով վերադարձվի դատախազությանը: Ընդդիմադիր գործիչն ընդգծել է, որ իր համար անհասկանալի են մեղադրականի բազում կետեր.

«Հետաքննության ժամանակ չի իրականացվել փորձաքննություն, ինչը բնորոշ է տնտեսական բնույթի հանցագործությունների բոլոր գործերին: Բացի այդ, գործում չկան իմ մեղքը հաստատող փաստաթղթեր ու կտրոններ:

Դրա հետ կապված՝ ես այս քրեական գործը համարում եմ քաղաքական վրեժխնդրություն՝ պետական կառույցներում կոռուպցիայի դեպքերի հետաքննման, ինչպես նաև իմ ընդդիմադիր գործունեության համար»:

Նավալնին իրեն քրեական հետապնդման ենթարկելը պայմանավորել է նաև իր նախագահական հավակնություններով: Նա պարզաբանել է, որ դատվածություն և անգամ պայմանական դատվածություն ստանալու դեպքում չի կարողանա մասնակցել ընտրություններին:

Հետաքննությունն իր հերթին պնդում է, որ Նավալնին 2009 թվականին համոզել է «Կիրովլես» պետական ձեռնարկության ղեկավար Վյաչեսլավ Օպալևին՝ կնքելու համար ոչ շահավետ պայմանագիր, ինչը հանգեցրել է 16 միլիոն ռուբլու կորստյան: Ավելի վաղ Օպալևը գործարք է կնքել հետաքննության հետ և 2012 թվականի դեկտեմբերին ստացել է պայմանական ժամկետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս