ՀՀԿ կենտրոնական ընտրական շտաբի արձագանքը` ՀԱԿ կուսակցության հայտարարությանը
Երևանի ավագանու ընտրությունների ՀՀԿ կենտրոնական ընտրական շտաբը դատապարտում է ցանկացած բռնություն և անթույլատրելի է համարում քարոզարշավը խոչընդոտող ցանկացած ոտնձգություն, միաժամանակ ընտրարշավին մասնակից բոլոր ուժերին կոչ է անում շարունակել քաղաքակիրթ քարոզարշավ:
Հիշեցնենք, որ երեկ Աջափնյակում դաժան ծեծի էին ենթարկել ՀԱԿ ակտիվիստ Ալիկ Հախվերդյանին, ում տեղափոխել էին հիվանդանոց:
ՀԱԿԿ ակտիվիստ Սարգիս Գևորգյանը 168.am-ի հետ զրույցում ասել էր, որ կոնգրեսական 10 ակտիվիստները ծեծի են ենթարկվել մոտ 25-30 հոգանոց «հանրապետական ակտիվիստների» կողմից:
Իսկ ավելի ուշ ՀԱԿ-ը հայտարարություն էր տարածել, որում ասված էր.
««Ապրիլի 22-ին Աջափնյակի 17-րդ թաղամասում հանրապետական շարքային բանդիտների խումբը հարձակվել են Հայ Ազգային Կոնգրեսի երկու ակտիվիստների վրա, որոնք նախընտրական նյութեր էին բաժանում բնակելի շենքում։ Ակտիվիստներից մեկը ծեծի հետեւանքով ծանր մամնական վնասվածք է ստացել եւ տեղափոխվել հիվանդանոց:
Սա արդեն չորրորդ դեպքն է, երբ բռնության գործադրմամբ փորձ է արվում խոչընդոտել Հայ Ազգային Կոնգրեսի քարոզարշավն ու նախընտրական միջոցառումները։ Երեք դեպքում դրա հեղինակները իրենք ներկայացել են ՀՀԿ-ի անունից, չորրորդ դեպքում, քաղաքապետարանի մոտ նախընտրական միջոցառումը խոչընդոտողի դերում հանդես է եկել հենց ինքը՝ ոստիկանությունը։ Ընդ որում առ այսօր քաղաքապետական ընտրությունների քարոզարշավին մասնակից ուրիշ որեւէ քաղաքական ուժի քարոզիչներ ու ակտիվիստներ որեւէ խոչընդոտի չեն հանդիպել:
Վարչախումբը խուճապի մեջ է, եւ այդ խուճապը կապված է Կոնգրեսի վերջին համագումարի ու դրա անհանգստացնող քաղաքական ռեզոնանսի հետ։ Վարչախմբի խուճապը վկայություն է նաեւ այն իրողության, որ մայրաքաղաքի ընտրություններում ընդդիմության հաղթանակը, իրոք, կարող է լուծել Հայաստանում ամբողջական իշխանափոխության հարցը։ Ըստ այդմ՝ ակնհայտ է, որ պետական կառույցներից սկսած մինչեւ հանրապետականի շարքերում գտնվող կամ նրա հովանու տակ գործող թաղային թափթփուկների հստակ քաղաքական հրահանգ է իջեցված՝ ամեն կերպ խոչընդոտել Կոնգրեսի քարոզարշավը։ Այդ հրահանգը իջեցվել է ամենավերեւից, եւ, անկախ այն բանից, թե ով է իրականացնում այդ պատվերը՝ ոստիկանական ուժերը, թե թաղային խուժանը, նա անձնավորում է վարչախմբի պարագլուխ Սերժ Սարգսյանին»: