Աղվան Վարդանյանը թանկարժեք գույքի սիրահար է
Երևանի ավագանու մայիսի 5-ի ընտրություններին գրանցված 7 քաղաքական ուժերից ՀՅԴ-ն միակն է, որի ընտրական ցուցակի առաջին եռյակը ներկայացնում է կուսակցության ղեկավար կազմը՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչն ու երկու փոխներկայացուցիչները:
Նրանք, դատելով Կենտրոնական ընտրական հանձնաժողովից «Փաստինֆո»-ին տրամադրած թեկնածուների գույքի և եկամուտների հայտարարագրերից, ունեցվածքի հարցում ունեն ընդհանրություններ. ունեն մեկական բնակարան, դրամական միջոցներ, չունեն շարժական գույք, արժեթղթեր և այլ ներդրումներ:
Ընտրական ցուցակը գլխավորող ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ի ներկայացուցիչ, Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար, 53-ամյա Արմեն Ռուստամյանը որպես սեփականություն հայտարարագրել է բնակարան Երևանում՝ 96 ք.մ մակերեսով:
Ա.Ռուստամյանի տարեկան եկամուտները գոյացել են ԱԺ-ից ստացած 3 մլն 350 հազար դրամ աշխատավարձից և «Առեքսիմբանկից» ստացած 150 հազար դրամ ավանդի տոկոսից:
ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ի ներկայացուցիչը հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ ունեցել է 15 մլն դրամ, 10 հազար ԱՄՆ դոլար և 2 հազար եվրո:
ՀՅԴ ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ի փոխներկայացուցիչ, ԱԺ-ի ՀՅԴ խմբակցության քարտուղար, 54-ամյա Աղվան Վարդանյանը հայտարարագրել է որպես միանձնյա սեփականություն բնակարան Երևանում՝ 79 ք.մ մակերեսով:
Ա.Վարդանյանի տարեկան եկամուտները գոյացել են ԱԺ-ից ստացած 2 մլն 760 հազար 980 դրամ աշխատավարձից:
ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ի փոխներկայացուցիչ, նախկին սոցապնախարարը հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ ունեցել է 2 մլն դրամ և 5 հազար ԱՄՆ դոլար:
Ի տարբերություն իր երկու կուսակիցների, նա հայտարարագրել է նաև թանկարժեք գույք՝ 20-25 մլն դրամ արժողությամբ գեղանկարներ:
Ցուցակի երրորդ հորիզոնականը զբաղեցնող ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ի փոխներկայացուցիչ, ներկայումս ոչ մի տեղ չաշխատող, 39-ամյա Արսեն Համբարձումյանը հայտարարագրել է որպես ընդհանուր համատեղ սեփականություն բնակարան Երևանում՝ 73,4 ք.մ մակերեսով:
Ա.Համբարձումյանը հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ ունեցել է 650 հազար դրամ, 8 հազար ԱՄՆ դոլար և 1200 եվրո:
Չաշխատող թեկնածուն եկամուտներ չունի: