Ինչո՞ւ է Յուրի Վարդանյանը հրաժարվել մարզպետի պաշտոնի առաջարկից

«Ես չգնացի, որովհետև այդ հնարավորությունը մեր պետությունը չունի այն ձևով, ինչպես ես էի մտածում, որ կարելի էր այսքան ներդրում անել և առաջխաղացում ապահովել: Օրինակ՝ առաջին տարին՝ այսքան, երկրորդում՝ այսքան:  Իմ պատկերացրած հնարավորություններն այսօր մեր երկիրը  չունի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ նախագահի խորհրդական, ծանրամարտի օլիմպիական չեմպիոն, ծնունդով շիրակցի Յուրի Վարդանյանը:

Հիշեցնենք, որ 2013թ. փետրվարի 18-ին կայացած ՀՀ նախագահական ընտրություններից հետո Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը հրաժարական տվեց: Հրաժարականից անմիջապես հետո, իբրև մարզպետի հավանական թեկնածու՝ շրջանառվեց նաև Յուրի Վարդանյանի անունը, սակայն, ինչպես հայտնի է, մարտի 7-ի Կառավարության որոշմամբ՝ Շիրակի մարզպետ նշանակվեց Ազգային անվտանգության ծառայության պետի տեղակալ Ֆելիքս Ցոլակյանը:

Յուրի Վարդանյանն, այնուամենայնիվ, չթաքցրեց, որ մարզում աշխատելու ցանկություն ինքն ունեցել է, թեև գիտակցել է իր աշխատանքի դժվարությունը: «Ես իմ մարզով մտահոգված եմ: Շատ ցավում եմ, որ երկրաշարժից անցել է շուրջ 24 տարի, և այդ վիճակում է հատկապես մարզի ամենամեծ քաղաքը՝ Գյումրին, որը նաև հանրապետության երկրորդ քաղաքն է: Այդ առումով, որպես տեղի մարդ, այնտեղ ծնված-մեծացած մարդ, ես կուզենայի՝ գնայի-աշխատեի՝ քաջ գիտակցելով հանդերձ, որ ահավոր ծանր է լինելու ինձ համար»,- վստահեցրեց Յուրի Վարդանյանը:

Ի պատասխան մեր հարցի, թե հնարավո՞ր է, որ մարզպետի պաշտոնից հրաժարվելու պատճառը նաև հետագայում ՀՀԿ-ական դառնալու մտավախությունն է եղել, Յուրի Վարդանյանը վստահեցրեց, թե նման խնդիր չկա, և չի կարծում նաև, որ Ֆելիքս Ցոլակյանի առջև նման խնդիր դրվի:

Կարդացեք նաև

«Մարդը 61 տարեկանում  նո՞ր պետք է կուսակցական դառնա»,- նշեց  նախագահի խորհրդականը:

Նա պատահականություն համարեց նաև այն փաստը, որ Ֆելիքս Ցոլակյանը ևս, ինչպես Աշոտ Գիզիրյանը, ուժային կառույցի ներկայացուցիչ է:

Նկատենք, որ Ֆ. Ցոլակյանի նշանակումից հետո շրջանառվեց այն տեսակետը, թե այդ նշանակումը պայմանավորված էր նաև այն հանգամանքով, որ ՀՀ նախագահի ընտրություններում Սերժ Սարգսյանը պարտվել էր Շիրակի մարզում:

Յուրի Վարդանյանն այս տեսակետը հերքեց՝ ասելով, թե դա «պատահականություն» է եղել. «Իհա՛րկե պատահականություն է: Թե չէ՝ ի՞նչ է նշանակում՝ ուժային կառույցից, ի՞նչ է՝ Շիրակի մարզում պատերազմական  իրավիճա՞կ է»:

Տեսանյութեր

Լրահոս