
Սոս Գիմիշյանը՝ ՀԱԿԿ մասին. Գեղի կլուբ էր, դարձավ քաղաքի պալա՞տ

«Գոյություն ունի օրենքի սահմաններում ձևավորված ՀԱԿԿ, որը մեկ շաբաթվա պատմություն ունի, ու կա հինգ տարվա գոյություն ունեցող կուսակցությունների միավորում, որոնք երկուսն էլ իրական են»: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը:
Ինչ վերաբերում է նորաստեղծ կուսակցության անվանը, Սոս Գիմիշյանը նշեց. «Հայ ազգային կոնգրես կուսակցությունը որոշեց, որ հինգ տարվա գոյություն ունեցող կառույցի անունը պետք է վերցնի իրեն: Մենք չենք աղմկում՝ ինչո՞ւ մեր անունը վերցրեցին, մենք հանգիստ ենք վերաբերվում դրան, իսկ իրենք կեղծ են անվանում մեր հայարարությունը: Իրավունքի տեսանկյունից նորաստեղծ կուսակցությունը կարող էր վերցնել մեր անունը, բայց մենք հանդես ենք եկել ՀԱԿ կուսակցությունների միավորման անունից, և ոչ կուսակցության: Եթե կարդալ չգիտեն, ու չեն տեսնում, որ մենք միավորման անունից ենք հանդես եկել, իրենց պրոբլեմն է: Լավ վերցրել՝ վերցրել են, ինչո՞ւ են աղմկում, երբ մենք ձայն չենք հանում»:
Նրա խոսքով՝ «սիրուն» չէ անվան համար կռիվ անել՝ հավելելով, թե կլուծեն այս հարցը, երբ ՀԱԿ կուսակցությունների միավորման կազմը վերջնականապես որոշված լինի. «Գնացողը ամեն ինչ թողնում է մնացողներին, բայց այս դեպքում այդպես չէ»:
Ս. Գիմիշյանը հաջողություն է մաղթում նորաստեղծ ՀԱԿ կուսակցությանը, միաժամանակ նկատելով, թե իր համար ՀՀՇ-ն նախկին ՀՀՇ-ն չէ, որովհետև իր կողմից հարգված Հովհաննես Իգիթյանն այլևս այդ շարքում չէ. «Գեղի կլուբ էր, դարձավ քաղաքի պալա՞տ»:
Անդրադառնալով ՀԱԿԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի որակումներին, թե իրենք «մարդ-կուսակցություններ» են կամ՝ «կնիք-կուսակցություններ», Սոս Գիմիշյանն ասաց. «Լավ ա մարդ ենք ու կուսակցություն ենք, բա ի՞նչ կասեք նրանց մասին, ով մարդ չէ ու կուսակցություն չէ: Այո, մենք փոքր ենք, ես միշտ էլ ասել եմ: Այն ժամանակ, երբ դաշինք էին տասնութ կուսակցություններով, շատ մեծ էինք, հիմա փոքրացել ենք հա՞: Բա որ փո՞քր ենք, ինչո՞ւ եք մեզ այդքան մեծ ուշադրություն դարձնում: Փոքր ենք՝ կգնանք, կկորենք»:
Հարցին, թե ԱԺ ՀԱԿ խմբակցությունն այս դեպքում ո՞ւմ է պատկանում, Ս. Գիմիշյանը պատասխանեց. «Խմբակցությունը պատկանում է դաշինքին: Ի՞նչ է, հենց ՀՀՇ-ն դուրս է գալիս, ստացվում է դաշինքը ՀՀՇ-ի՞նն էր: Հասարակությունը, երբ համագումարի էր գալիս ու հույսեր էր կապում, իհարկե, Լևոն Տեր-Պետրոսյանի դերակատարությունը կար, բայց կար նաև կուսակցությունների դերը: Ցավում եմ, որ վստահությունը անպտուղ պարզվեց, մի շարք կուսակցություններ դուրս եկան: ՀՀՇ-ն դուրս եկավ, նոր կուսակցություն ստեղծեց, մենք էլ ուզում ենք համագործակցել, դիմել ենք գնացած մյուս կուսակցություններին, որ նրանք վերադառնան ու համատեղ ուժերով փորձենք պահպանել դաշինքը: Ո՞րն է մեր հանցագործությունը, որ պիտակ են կպցնում, աղմուկ են բարձրացնում»:
Նա ընդգծեց, որ ԿԸՀ-ի կողմից ՀԱԿ դաշինքը գրանցված է, և քանի դեռ մեկ կուսակցություն կա, դաշինքը պահպանվում է: Ինչ վերաբերում է ընտրական հանձնաժողովներին, Գիմիշյանը նկատեց. «Թող բարի լինեն հանձնաժողովի տեղերը հավասար բաժանեն: Ծայրահեղ դեպքում՝ ՀՀՇ-ն պետք է ակնկալի հանձնաժողովի տեղերի մեկ ութերորդը: Նույնը վերաբերվում է դաշինքի ֆինանսներին: Դրանք, որքան գիտեմ, բաշխվում են հավասարապես. մենք ստացող չենք, հրաժարվել ենք դաշինքի մեջ մտնել»: