Վահան Խաչատրյան. Նորաձևությունը անհատական կուլտուրա է

Մեր հայրենակից դիզայներ-մոդելավորող, «Վահան Խաչատրյան բարձր նորաձևության կենտրոնի» հիմնադիր Վահան Խաչատրյանը սսովորել է Ֆլորենցիայի «Ակադեմիա Իտալիանո» մասնավոր նորաձևության դպրոցում, որն Իտալիայում մեծ հեղինակություն է վայելում համարվում է լավագույն դպրոցներից մեկը: Վահան Խաչատրյանի ստեղծած հագուստները չափազանց կանացի և նուրբ են, որոնք իրենց մեջ ոչ միայն ճաշակ և յուրօրինակ ոճ են կրում, այլև միտք և պրոֆեսիոնալիզմ՝ և՛ նյութի հետ աշխատելու, և՛ գաղափարը մարդուն հասցնելու տեսանկյունից:

Վ. Խաչատրյանը 2011թ. Ակադեմիան ավարտելուց անմիջապես հետո «Dolce & Gabbana» նորաձևության կենտրոնից Միլանում աշխատելու առաջարկ էր ստացել: Կնքված մեկ տարվա պայմանագրային ժամկետը լրանալուց հետո «Dolce & Gabbana» նորաձևության կենտրոնն առաջարկել է ևս 5 տարվա աշխատանքային պայմանագիր կնքել, մինչդեռ Վ. Խաչատրյանը առաջարկը մերժել է՝ որոշում կայացնելով սեփական ներուժն ու իմացությունը ներդնել իր անհատական նախագծերի իրագործման վրա: Հայաստանում երկարատև նախապատրաստական աշխատանքներից հետո նա շուտով կբացի «Վ. Խաչատրյան բարձր նորաձևության կենտրոնը»` «Vahan Khachatryan. Atelier Haute Couture», որն իր գործունեությամբ հայաստանյան նորաձևության ոլորտում նոր, պրոֆեսիոնալ խոսք է ասելու: Նորաձևության կենտրոնի նմուշները կվաճառվեն ոչ միայն հայաստանյան շուկայում, այլև Վ. Խաչատրյանի ստեղծագործությունները կներկայացվեն համաշխարհային շուկայում:

«Վ. Խաչատրյան բարձր նորաձևության կենտրոնի» մասնագետները նորաձևության ոլորտում պատշաճ ներկայանալու կոնցեպցիան են մշակում և հագուստների արտադրության կազմակերպման խնդիրներն են կոորդինացնում: «Բարձր նորաձևության կենտրոնի» բացմանը հաջորդելու է մայիսի 31-ին մոտ 100-120 հյուրերի համար նախատեսված փակ ցուցադրությունը: Համաշխարհային նորաձևության տենդենցների, հայաստանյան նորաձևության խնդիրների մասին մենք մենք զրուցեցինք դիզայներ-մոդելավորող Վահան Խաչատրյանի հետ:

– Նորաձևության կենտրոնի բացմանը հաջորդելու են խոշոր արտադրություն ստեղծելու քայլերը, ընդ որում՝ հատկապես դրսի շուկայի համար, քանի որ այդ գնային սեգմենտում մեծաքանակ արտադրության շուկա, սպառողներ մենք, ցավոք, չունենք: Լինելու է լյուքս դասի արտադրանք: Տեղական շուկայում աշխատելու ենք պատվերով՝ վճարունակ համապատասխան խավի հետ: Մենք ուղիղ մեկ տարի տրամադրել էինք կենտրոնի աշխատանքների պլանավորմանը, որի ընթացքում փնտրում, մասնագետների թիմ էինք հավաքում, սակայն, միևնույն ժամանակ պետք է ընդգծեմ, որ լյուքս դասի արտադրության մեջ երբեք մեծ քանակությամբ մասնագետների կարիք չի լինում: Մի քանի հմուտ մասնագետներ սովորաբար կարողանում են համակարգել ամբողջ աշխատանքները:

Կարդացեք նաև

– Դուք ուսումնասիրել եք դրսի, մասնավորապես` Իտալիայի նորաձևության շուկան, որտեղ հագնվելու կուլտուրան իրենից մի մեծ մշակույթ է ներկայացնում: Հայաստանում մարդիկ կարողանո՞ւմ են գրագետ հագնվել:

– Եթե համեմատելու լինենք մի քանի տարի առաջվա հետ, ապա հիմա շատ մեծ, դրական փոփոխություններ կան, որին նպաստել է մայրաքաղաքում բացված լյուքս դասի խանութների ստեղծումը: Վերջին տարիներին մեզ մոտ ներմուծվել են լայն մասսաների համար նախատեսված բրենդեր, որոնք ինչ-որ չափով մարդկանց ճաշակը կարգի են բերել:

Vahan Xachatryan (2)

Նախկինում երիտասարդներից շատերը տոնավաճառներից էին գնումներ կատարում, իսկ այսօր մտնում են խանութ, տեսնում են փակցված գովազդները, ճիշտ հագցված մանեկեններ, և այդ վիզուալ ինֆորմացիան նպաստում է ճիշտ հագնվել կողմնորոշվելու մեջ: Ինչ վերաբերում է լյուքս դասի, առավել վճարունակ խավի հագնվելու կուլտուրային, ապա նրանցից շատերը արտերկրի խանութներից են օգտվում, որտեղ նախ` ընտրությունն է շատ մեծ, և բացի այդ՝ կան ոճաբաններ, ովքեր նրանց հուշում են՝ ի՞նչ գնել: Նրանք նաև վստահում են դիզայներներին, ովքեր իրենց հերթին` փորձում են մաքսիմում գրագետ աշխատել: Շատ ժամանակ է պետք, որ հասնենք Եվրոպային, բայց շարժ, այնուամենայնիվ, մեզանում կա:

– Հայաստանյան նորաձևության ոլորտում կա՞ն նվաճումներ, նոր միտք, գաղափարներ կա՞ն: Ընդհանրապես այս ոլորտում պրոֆեսիոնալիզմ կա՞, թե՞ ստեղծվում է այն, ինչը համաշխարհային շուկայում արդեն համարվում է հնաոճ:

– Ընդհանրապես լյուքս դասի նորաձևությունը քիչ մարդկանց է հետաքրքրում, որովհետև քիչ մարդիկ կարող են իրենց թույլ տալ օգտվել դրանից: Հայաստանում, ցավոք, շատերը գնում են դիզայների մոտ այն մտայնությամբ, որ դիզայները դերձակ է:

Դիզայների մասնագիտությունը շատերի համար դեռևս անհասկանալի է: Հայաստանում իրենց լյուքս դասի դիզայներ հռչակած ոչ բոլոր դիզայներն են համապատասխանում այդ կատեգորիային: Բնականաբար, անուններ չեմ նշի, բայց ամեն մեկն իր գործով պետք է ապացուցի իր որակը: Պետք է նշեմ, որ հայ դիզայներների միջավայրում մրցակցային պայմաններում թույլ դիզայներները ոլորտից դուրս կմղվեն, որովհետև գումար վճարողը կփնտրի որակ և կգիտակցի անորակ ապրանքին փող տալու անհեթեթությունը: Այսօր, սակայն, մրցակցություն չկա:

– Ընդունված է համարել, որ հասարակական ճաշակ թելադրող ամենաազդեցիկ հարթակը հեռուստաեթերն է, որտեղից հանդես եկող «դեմքերը», մասնավորապես, երիտասարդներին օրինակ են ծառայում: Ցանկացած հասարակության մեջ երիտասարդները հիմնականում նմանակում են լայն մասսայականություն վայելող անհատներին: Ձեզ դո՞ւր է գալիս հանրային ճանաչում ունեցող մարդկանց հագուկապը:

– Արտիստները պետք է ուշադրություն դարձեն իրենց տեսքին, քանի որ երիտասարդությունը կրկնում է իրենց: Բնականաբար, լինելով ճաշակ թելադրող, իրենց կողմից արձանագրվող ցանկացած սխալ անդրադառնում է ոչ միայն իրենց, այլ այն հոծ զանգվածի վրա, որն իրենց հետևում է: Թե որքանո՞վ են իրենք դա գիտակցում՝ չեմ կարող ասել, բայց իսկապես կան մարդիկ, ովքեր գիտակցում են իրենց արտիստ լինելու կարևորությունը, հետևում են իրենց բեմական տեսքին: Բացի այդ, նրանք փողոց են դուրս գալիս խնամված, ճիշտ հագնված, կոկիկ, բայց, ցավոք, այդպիսի անհատները քիչ են: Ես հասկանում եմ, որ գրագետ հագնվելը, դիզայների ծառայությունից օգտվելը ծախսատար է, և բոլորը չէ, որ ունեն դրա հնարավորությունը, բայց դա հիմնավոր պատճառ չէ:

Vahan Xachatryan (1)

Եթե նրանք արժանի արտիստներ են, ունեն շատ լավ ձայն, բայց չունեն դիզայներից օգտվելու հնարավորություն, ապա թող ինձ դիմեն, ես անվճար հագուստները կտրամադրեմ: Խնդիրն այն է, որ շատերը չեն գիտակցում ճիշտ հագնվելու, պրոֆեսիոնալներից խորհրդատվություն ստանալու անհրաժեշտությունը: Եթե դու լավ ճաշակ չունես՝ դա ամոթ չէ, այլ ամոթ է, որ ճաշակ չունենալով հանդերձ, չես դիմում մասնագետներին և վատ տեսքով ես հայտնվում եթերում: Այդ հոգեբանությունը չի հասունացել մեզ մոտ:

– Որպես մասնագետ՝ ինչպե՞ս կգնահատեք մեր պետական պաշտոնյաների հագնվելու կուլտուրան: Օրինակ՝ ԱԺ-ում հիմա նաև կին պատգամավորներն են մեծ թիվ կազմում. կա՞ ճաշակ, օրիգինալություն, էսթետիզմ:

– Քաղաքական ոլորտում դրեսկոդի հետ կապված կան սահմանափակումներ: Բնականաբար, ակտուալ է դասական հագուստը: Մեր երկրում, հատկապես` տղամարդկանց շրջանում, առաջին խնդիրը ոչ թե հագուստն է, այլ՝ առողջ ապրելակերպի բացակայությունը, մարմնի ոչ սպորտային, սխալ կառուցվածքը: Պարզ է, որ նրանք չպետք է սպորտսմեններ լինեն, բայց եթե մարդը մշտապես հանրության ուշադրության կենտրոնում է՝ պարտավոր է դրա մասին մտածել:

Մանավանդ, որ նրանք դրա հնարավորությունն ունեն: Բացի այդ, պետք է կարողանան ճիշտ կոստյումներ կրել, ստիլիստների խորհուրդներին հետևել, որովհետև նույնիսկ ամենաակնհայտ թերությունները կարելի է ճիշտ հագնվելու դեպքում աննկատ դարձնել: Ինչ վերաբերում է կին քաղաքական գործիչներին, ապա, կարծում եմ՝ մենք չենք կարող պարծենալ ԱՄՆ-ի կամ Ֆրանսիայի (նախորդ) առաջին տիկինների նորաձևության իկոնա ստատուսով: Մենք հիմա վառ օրինակ ունենք՝ Մեծ Բրիտանիայի դքսուհին, ով, լինելով թագավորական ընտանիքի անդամ, ամեն դեպքում հանդիսանում է նորաձևության թելադրող:

Բնականաբար, այդ կարգավիճակի մարդը չի կարող ամեն ինչ կրել, բայց այդ սահմանափակումներով հանդերձ` նա կարողանում է թելադրել նորաձևություն: Անգլիայում այդ կուլտուրան կա, որովհետև նախկինում էլ դրա թելադրողը հանդիսանում էր լեդի Դիանան: ԱՄՆ-ում նույնպես առաջին տիկինները նորաձևության ձեռքբերումների կրողներն են, որոնցից ամենահայտնին Ժաքլին Քենեդին էր, իսկ Միշել Օբաման փորձում է նորաձևության առաջնորդող լինել: Կարծում եմ՝ կարելի է նրանցից օրինակ վերցնել, բայց ոչ թե կրկնօրինակել, այլ իրենց ապրելակերպը, իրենց մատուցել իմանալու ձևը յուրացնել: Չնայած այս ամենին, մեզ մոտ կին քաղաքական գործիչներն անուշադիր չեն, փորձում են ճիշտ հագնվել:

– Անցյալ տարի Սիդնեյի համալսարանից Հայաստան էր եկել մի նկարչուհի, ով ապշել էր ԵՊՀ-ի ուսանողների երեկոյան զգեստների, վառ շպարով բուհ հաճախելու «ավանդույթի» վրա: Ինչո՞ւ են մեր ուսանողները այդպես հագնվում և նման տեսքով դասերի հաճախում:

– Ես ավարտել եմ ԵՊՀ-ի Ռոմանոգերմանական ֆակուլտետը, և իմ շուրջը նման տեսքով աղջիկներ շատ կային: Այդ տարիներին ես այդ հարցի պատասխանը գտա, որը ուղիղ կապ ունի մեր ազգի մենթալիտետի հետ: Ուսանող հայ աղջիկները, համալսարանից բացի, գնալու այլ տեղ չունեն, որովհետև շատերի պապաները չեն թողնում, շատերը ֆինանսական հնարավորություն չունեն, և այլն: Աղջիկը հագնվելու ցանկություն ունի, սիրում է, որ իրեն նայեն, քննարկեն, և դա անում է միայն բուհ գնալու ժամանակ, որովհետև թատրոն, համերգ, հասարակական և մշակութային որևէ վայր չի գնում: Դա անհատի պրոբլեմ չէ, այլ հասարակական երևույթ է՝ դաստիարակության, ընտանիքի, ավանդույթների արդյունք է:

Vahan Xachatryan (4)

– Այս տարի ո՞ր գույնը, ի՞նչ հագուստ է նորաձև:

– Դա իմ ամենաչսիրած հարցն է, որովհետև չկա «ինչն է նորաձև» հասկացություն: Եթե Ձեր առջև կանգնած է մեկը, ով ճիշտ է հագնված, գեղեցիկ, գրագետ է, ապա երբեք չեք նայի, թե ի՞նչն է նորաձև այդ տարի: Եթե մարդն այդ տեսքով գրավիչ է, ուրեմն՝ նորաձև է: Նորաձևությունն այսօր հիմնված է մարդու սեփական ոճի, տեսակի, անհատականության վրա: Նորաձևությունը անհատական կուլտուրա է:
«168 ԺԱՄ»

Տեսանյութեր

Լրահոս