«Art Monaco-Expo»-ի ցուցակում «բարձր արվեստ» կենտրոնն առաջին տեղում է
Ապրիլի 23-ին «Բարձր արվեստ» կենտրոն, «Շեդևր» գալերեայի պատվիրակությունը կմեկնի Մոնակո՝ ապրիլի 25-28-ին կայանալիք «Art Monaco-Expo» համաշխարհային ցուցահանդես-տոնավաճառին մասնակցելու:
Նշենք, որ աշխարհում գործող գալերեաների և արվեստագետների համար միջազգային այս մեծամասշտաբ ցուցահանդեսը համարվում է արվեստի ներկայացման, տարբեր երկրների գալերեաների միջև համագործակցության կապեր ստեղծելու, նկարն իբրև գեղարվեստական արժեք մատուցելու լավագույն հարթակներից մեկը: «Բարձր արվեստ» կենտրոնի հիմնադիր Արմինե Քոչարյանն իսկական ձեռքբերում է համարում այն հանգամանքը, որ «Art Monaco-Expo»-ի ինչպես պաշտոնական կայքէջում, այնպես էլ տեղեկատվական գրքույկներում գալերեաների ցանկում առաջինը ներկայացված է «Բարձր արվեստ» կենտրոնը: «Ցանկում, բնականաբար, հայեր կան, մասնավորապես` Բեյրութից մեր գործընկեր, արվեստաբան, «Նոյան» գալերեան ներկայացնող Մովսես Հերգենյանը, ինչպես նաև Ռուսաստանից, ԱՄՆ-ից հայ նկարիչներ կան, որոնք ներկայացնում են գալերեաներ»,- ասում է Ա. Քոչարյանը՝ վստահեցնելով, որ ցուցահանդես-տոնավաճառին մասնակցելու հայտ են ներկայացրել մոտ 100-ից ավելի` աշխարհի տարբեր երկրների գալերեաներ:
«Art Monaco-Expo»-ի գալերեաների ցանկում կազմակերպիչների կողմից «Բարձր արվեստ» կենտրոնին առաջինը ներկայացնելը պայմանավորված է երկու հանգամանքով: Նախ` կենտրոնը բավականին արդյունավետ համագործակցության դաշտ է ստեղծել «Art Monaco-Expo»-ի տնօրինության հետ, և դրանից բացի՝ անցյալ տարի կենտրոնի ներկայացրած գործը ճանաչվեց լավագույնը: Հիշեցնենք, որ անցյալ տարվա «Art Monaco-Expo»-ում «Բարձր արվեստ» կենտրոնն, ի թիվս այլ ստեղծագործությունների, ներկայացրեց Ֆրանսիայից ձեռք բերված՝ Երվանդ Քոչարի 1927թ.-ի հազվագյուտ տարածական ստեղծագործությունը, որը մեծ իրարանցում էր առաջացրել «Art Monaco-Expo»-ում. այդ գործը դիտելու համար անգամ մեծ հերթեր էին գոյացել: «Բարձր արվեստ» կենտրոնը ցուցահանդեսի արդյունքների ամփոփումից հետո համարվել է լավագույն գործ ներկայացնող կենտրոնը, քանի որ Քոչարի տարածական գործն արժանացել է «Արվեստի լավագույն ստեղծագործություն» մրցանակին:
Նաև նշենք, որ «Art Monaco-Expo» ցուցահանդեսն անցյալ տարի ազդարարվել է Քոչարի տարածական գործով, որը համարվել է ցուցահանդեսի խորհրդանիշը և տպագրվել է բոլոր ստենդների, պաստառների վրա: Այն փակցված է եղել ինչպես՝ Գրիվալդի կենտրոնի, այնպես էլ՝ Մոնակոյի աչքի ընկնող բոլոր վայրերում, անգամ՝ հյուրանոցներում: Ա. Քոչարյանի խոսքով՝ ի տարբերություն նախորդ տարվա, այս տարի «Բարձր արվեստ» կենտրոնը ներկայացնելու է ոչ թե Այվազովսկի կամ Քոչար, այլ՝ Ժանսեմ, Ֆելիքս Եղիազարյան, Վարուժան Վարդանյան, Այվազ Ավոյան, Ռոբերտ Էլիբեկյան, Ռաֆայել Մեգալ, Սեյրան Խաթլամաջյան, և այլն: «Մեր ամբողջ ներկապնակն այս տարի չենք տանի, քանի որ դա ոչ այնքան ցուցադրման, որքան համագործակցության վայր է: Արդեն պայմանավորվածություն ունենք Ժանսեմի որդու՝ Ժանի հետ, քանի որ մենք պայմանագրային սկզբունքներով համագործակցում ենք Փարիզում գտնվող Ժանսեմի գալերեայի հետ: Համաձայն Ժանի հետ պայմանավորվածության՝ Մոնակոյում կներկայացնենք Ժանսեմի լավագույն կտավներից երեքը:
Ցավոք, Գառզու չենք կարող տանել, քանի որ իր տղայի հետ մի փոքր բարդ է: Անգամ չհաջողվեց նրա հետ հանդիպել, և մեր արվեստաբաններից մեկի միջնորդությամբ ենք նկար ձեռք բերել: Այդ իմաստով Ժանսեմի որդու հետ համագործակցելն է բավականին հեշտ: Ռոբերտ Էլիբեկյանի «Ջանգյուլում» ստեղծագործությունը կցուցադրենք, որը հրաշք նկար է: Նշեմ, որ ոչ բոլոր նկարներն են այնտեղ վաճառքի հանվելու, քանի որ նկարչի, նկարչի արվեստի տարածման նպատակներ էլ ունենք»,- ասում է Ա. Քոչարյանը` վստահեցնելով, որ հայ նկարչությունն աշխարհի համար կարող է հետաքրքիր լինել ճիշտ ցուցադրելու և մեկնաբանելու պայմաններում: Նա հիշեցնում է, որ լավագույն հայ նկարիչները ժամանակին չցուցադրվելու, չմեկնաբանվելու և վերլուծության չենթարկվելու պատճառով «կորել են»:
Այսօր «Բարձր արվեստ» կենտրոնը` ուսումնասիրելով դաշտը, փորձում է ընտրել, վեր բարձրացնել այն նկարիչներին, ովքեր ունեն նկարչական լեզու, զգացողություն և նոր ասելիք: «Մեր նկարչության արմատները շատ ուժեղ են. Սուրենյանց, Քոչար, Սարյան, Գորկի, Թութունջյան, Եղիշե Թադևոսյան, Բաժբեուկ Մելիքյան, Թերլեմեզյան ունեցող ազգն իրավունք չունի տաղանդավոր նկարիչների սով ունենալ: Եղածը ճիշտ ներկայացնելու, մեկնաբանելու մեր ջանքերն իր արդյունքը տալու է»,- ասում է Ա. Քոչարյանն՝ ընդգծելով, որ «Art Monaco-Expo»-ին կենտրոնի մասնակցության ակնկալիքը նաև հայ նկարչության արժեքը բարձրացնելն է:
Ի դեպ, Մոնակոյում կենտրոնը կներկայացնի նաև Մինաս Ավետիսյանի, Աշոտ Հարությունյանի, Խաչատուր Մարտիրոսյանի, Լեո-Լեոյի, Կամո Գյանջյանի և այլ հեղինակների գրաֆիկական աշխատանքները: Կենտրոնի հիմնադիրը վստահ է, որ այս տարի նույնպես «Բարձր արվեստ» կենտրոնը հաջողություն է ունենալու:
Ա. Քոչարյանը նշում է, որ այս տարի «Art Monaco-Expo»-ին մասնակցելու հարցում աջակցել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Կենտրոնի հիմնադիրը «168 Ժամին» խոստացավ Մոնակոյից հեռախոսակապի միջոցով ցուցահանդես-տոնավաճառի բացման արարողությունից հետո թարմ տեղեկություններ հաղորդել:
«Նկարի ներմուծումն ու արտահանումը խայտառակ պատմություն է»
Ի դեպ, «Բարձր արվեստ կենտրոն Շեդևր գալերեան» ապրիլի 26-ից մասնակցելու է նաև Կոլումբիայում առաջին անգամ անցկացվող նման մի ցուցահանդես-տոնավաճառի: «Շեդևր» գալերեան հատուկ հրավեր է ստացել և ամբողջ մի տաղավար կներկայացնի հայ նկարչությունը:
«Պետք է նշեմ, որ դա մեծ վստահության արդյունք է՝ մոլորակի մի ծայրից երաշխավորում են մեր մասնակցությունն ապահովել, այն էլ` առանց ներկայացուցիչների մեկնման, քանի որ միայն գործերն ենք ուղարկելու:
Մոնակոյի անցյալ տարվա մեր մասնակցությունը մեզ շատ հաջողություն բերեց: Արդեն հրավերք ունենք Մոսկվայում իրականացվող միջազգային փառատոնին մասնակցելու: Դա բավականին մեծ և լուրջ փառատոն է, որին մասնակցում են բազմաթիվ երկրներ»,- ասում է կենտրոնի հիմնադիրը՝ նաև խոսելով Հայաստան նկար տեղափոխելու դժվարությունների մասին: Նա հավաստիացնում է, որ Հայաստան նկար ներմուծել և արտահանելը մեծագույն դժվարություն է, մինչև անգամ ավելի հեշտ է նկարը ողջ աշխարհով պտտեցնել, քան Հայաստան տեղափոխել: Ըստ Ա. Քոչարյանի՝ խայտառակ պատմություն է որևէ նկար Հայաստան բերելու ընթացակարգերով անցնելը: «Մեր բոլոր օրենքները խանգարում են Հայաստան նկար մուտք գործելու և Հայաստանից նկար տանելու համար:
Ամբողջ աշխարհով նկարը ձեռքիդ պտտվում ես, մեկը չի հարցնում՝ ինչ է: Էստեղ տանելուց՝ հանձնաժողովի թուղթ, արտահանման թուղթ, ցուցակ, սա կարելի է, նա չի կարելի, կատարյալ հիմարություն… Ոչ թե Ադրբեջանն ու Թուրքիան են մեզ բլոկադայի ենթարկել, այլ՝ ինքներս մեզ: Նկար ես բերում Երևան՝ պետք է գնաս, հասնես Մշակույթի նախարարության համապատասխան ստորաբաժանում, խնդրես, որ մասնագետը գա-նայի, եզրակացություն տան, որ դա մշակութային արժեք է, նստեն, գրեն, այնուհետև տանես, ներկայացնես: Մաքսայինից և մշակութային արժեքների պահպանության կենտրոնից դժգոհություն չունենք, նրանք բարեխղճորեն կատարում են իրենց աշխատանքը, բայց 2-3 օր է անհրաժեշտ, որպեսզի նկար մուտք անես: 3 անգամ պիտի գնաս օդանավակայան, որ նկարը բերելու իրավունք ունենաս»,- արդարացիորեն դժգոհում է Ա. Քոչարյանը՝ ոլորտի պատասխանատուներին հորդորելով՝ հիմնովին փոփոխության ենթարկել նկարի ներմուծման և արտահանման ընթացակարգերը:
«Արվեստը զարգանում է այնտեղ, որտեղ իրեն հնարավորություն են տալիս, բայց որտեղ խեղդում են՝ մինչև անգամ արվեստը խեղդվում է: Մեր տղաներն այսօր գնում են դրսում նկարելու: Այսօր դրսի խոշոր ցուցահանդեսներին մասնակցությունը գրեթե անհնար է, քանի որ միայն նկարների տեղափոխումը սարսափելի մեծ գումարների հետ է կապված»,- ասում է Ա. Քոչարյանը՝ նաև նկարիչներին հորդորելով դրսում ցուցադրվելու հնարավորությունը ճիշտ օգտագործել և գալերեաների հետ համագործակցելիս նկարների գներն այդքան հավակնոտ չսահմանել:
Լուսանկարները` «Շեդևր» գալերեայի