«Ապրել-մահանալու խնդիր է լինում, նոր են գալիս»
Օրերս ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանը հայտարարել էր, որ Գյումրիի հոգեկան առողջության կենտրոնն ունի որոշակի խնդիրներ:
Ըստ նրա, ստացիոնար բուժվող հիվանդները, այդ թվում` հոգեկան խանգարում ունեցողներ, թմրամոլներ, մշտապես դեղամիջոցների ազդեցության տակ օգտվում են թուրքական տիպի երկու զուգարաններից, և աշխատակիցները ստիպված են այդ ընթացքում լինել նրանց կողքին, որպեսզի հիվանդները չընկնեն, չվնասվեն: Հիվանդներն օգտվում են երկու ցնցուղներից, որոնք ձմռանը չեն գործում:
Պատգամավորը նշել էր նաև, որ հիվանդասենյակներում շնչելու օդ չկա, որովհետև նորմայով նախատեսված 3-4 մարդու փոխարեն` 8-10-ն են տեղավորված: Մեզ հետ զրույցում կենտրոնի տնօրեն Նադյա Վարդանյանն ասաց, որ սանհանգույց չունենալը պայմանավորված է նրանով, որ կոյուղին վնասված է եղել.
«Մեր կոյուղին ձմռանը վնասվել էր, և որպեսզի ջրի արտահոսքը չշարունակվի ու անընդհատ չսառչի, մենք ջրերը փակել էինք: Իսկ փակելու հետևանքով ջուրը փակվել էր նաև սանհանգույցում: Դրա հետևանքով մեզ համար մեծ դժվարություններ էին առաջացել: Այդ իսկ պատճառով մենք հարմարեցրել էինք, հիվանդներին ուրիշ տեղում էինք լողացնում: Վատ պայմաններ էին: Եթե այդ վթարը չլիներ, մենք բաղնիքներ ունեինք»: Կենտրոնի տնօրենի փոխանցմամբ` դեռևս նախորդ տարվա դեկտեմբեր ամսին Շիրակի մարզպետարանին տեղյակ է պահվել շենքի արտաքին պատի փլուզման վտանգի մասին. այժմ արդեն կենտրոնին 42 մլն դրամ է հատկացվել.
«Արդեն մեկ շաբաթ է` մեզ մոտ նախապատրաստական աշխատանքներ են ընթանում: Կարծում եմ, որ այդ 42 մլն դրամը բավական ծանրակշիռ գումար է, և մենք կկարողանանք այդ գումարով խնդիրները լուծել: Այդ գումարով կլուծվի կոյուղու հարցը, կկառուցվի պարիսպ, կկատարենք ներքին հարդարման աշխատանքները` մենք ցանկանում ենք մեծացնել մատուցարանը, այն շատ փոքր է, չի համապատասխանում հիվանդների թվին, վերանորոգելու ենք երկու հիվանդասենյակ, որը հնարավորություն կտա պակասեցնել խտությունը: Եթե երկու սենյակներից յուրաքանչյուրում դրվի 4-5 մահճակալ, արդեն մյուսների ծանրաբեռնվածությունը կփոքրանա: Իհարկե, դրանով նորմերին չենք համապատասխանի, բայց կլինենք բավական թեթև:
Գիտեք` այսօր ամբողջ հանրապետությունում սանիտարահիգիենիկ նորմերին մի երկու նորակառույց հիվանդանոց կարող են համապատասխանել: Այնպես որ, դա այն հրատապ խնդիրը չէ, բայց եթե այսօր մի պալատում 8 հիվանդ է պառկած, վերանորոգելուց հետո կդառնան 5 հիվանդ»:
Մարտուն Գրիգորյանը նշել էր նաև, որ շենքը և հիվանդներին հսկում են բուժաշխատողները, պահակախումբ չկա, աշխատակիցները պաշտպանված չեն:
Մեզ հետ զրույցում Նադյա Վարդանյանն ասաց, որ դա շատ գլոբալ խնդիր է. «Բուժաշխատողն ընդհանրապես պաշտպանված չէ: Քանի որ մեզ մոտ ծանր, շրջապատի համար վտանգավոր հիվանդներ են լինումգ Հանրապետության որևէ հոգեբուժարանում պահակախումբ չկա, հետևաբար` մենք չէինք կարող առանձնանալ: Պահակախմբի կարիք չկա: Դա հեշտ լուծելի խնդիր է` ներքին գործերի մեկ աշխատակից ունենալ, որովհետև հոգեկան հիվանդներն ավելի զգաստանում են ոստիկանի հագուստից»: Նադյա Վարդանյանը նշեց, որ կենտրոնի հիմնական խնդիրները դրանք էին:
Գյումրիի հոգեկան առողջության կենտրոնի տնօրենն ասաց, որ այսօրվա դրությամբ կենտրոնում 53 հիվանդ է բուժում ստանում: Հարցին` արդյոք մասնագետը կիսո՞ւմ է բենզինով թմրամիջոցներ օգտագործող անձանց վերաբերյալ բարձրաձայնվող մտահոգությունները, Ն. Վարդանյանը պատասխանեց. «Դա այնքան վառվող կրակի, փարոսի նման է, որ չտեսնել հնարավոր չէ»: «Գյումրեցին չի կարող էլիտար թմրամիջոցներ օգտագործել: Ես կարծում եմ, որ ամբողջ հանրապետությունում էլ բենզինը շատ է օգտագործվում, բենզինը` հատկապես: Դա խնդիր է, շատ մեծ խնդիր է: Հաշվառված հիվանդների թիվն ամենևին էլ չի համապատասխանում իրականությանը»,- հավելեց մասնագետը:
Նրա խոսքով` բենզինից պատրաստվող թմրամիջոցների շատ օգտագործումը պայմանավորված է դրա մատչելիությամբ: «Բենզին են օգտագործում, որովհետև այն էժան է, իսկ գյումրեցին աղքատ է, սոցիալապես շատ ավելի վատ վիճակում է, քան երևանցին, որովհետև իրենք շատ ավելի գործազուրկ են, շատ ավելի փող չունեն: Թմրամոլության պատճառներից մեկն էլ, ինչպես գիտեք, նաև սոցիալական վիճակն է:
Աշխատանք չունենալը, կենսամակարդակն ազդում է դրա վրա»: Նադյա Վարդանյանի փոխանցմամբ` Գյումրիում թմրամիջոցներ օգտագործողների թիվը մեծ է` պայմանավորված նաև երկրաշարժի հետևանքով առաջացած զանազան խնդիրներով. «Մութուցուրտ տարիներին ծնված երեխաները շատ ավելի խոցելի են»: Միաժամանակ, մասնագետը նշեց, որ չնայած վիճակագրություն չկա, սակայն, վստահաբար կարելի է ասել, որ Գյումրիում տղամարդ թմրամոլներն ավելի շատ են, քան կանայք:
Նադյա Վարդանյանի խոսքով` Գյումրիում նարկոլոգիական ծառայության ուժեղացման խնդիր կա. «Մենք անհամբեր սպաում ենք, որ Շիրակի մարզում, կոնկրետ Գյումրու հոգեկան առողջության կենտրոնում ներդրվի մետադոնային բուժման ծրագիրը, որը մեծապես կփոքրացնի բենզին օգտագործողների թիվը: Մենք չունենք մետադոնային ծրագիր, որպեսզի գոնե նրանց մի մասին ետ պահենք բենզինից, իսկ բենզինը միայն թմրամոլություն չէ, այն նաև մահ է»:
Գյումրիի հոգեկան առողջության կենտրոնի տնօրենի խոսքով` բենզինից պատրաստված թմրամիջոցներ օգտագործած անձինք դիմում են բժշկական օգնության, սակայն հոսպիտալացվել չեն ցանկանում: Նադյա Վարդանյանն ասաց, որ հոգեբուժարանի մահճակալներից 10-ը նարկոլոգիական մահճակալներ են, իսկ 55-ը` հոգեբուժական:
Հոգեբուժական մահճակալները, ըստ նրա, 87-90 տոկոսով ծանրաբեռնված են լինում, իսկ նարկոլոգիականը` ոչ այնքան. պատճառն այն է, որ նման կախվածություն ունեցող անձինք «հաճույքով» չեն բուժվում. «Գիտեք, Գյումրին իր մենթալիտետով և իր փոքր լինելով` ավանդական քաղաք է: Ինչքան էլ իրենք իմանան, որ դա գաղտնի է լինելու, ամեն դեպքում մտավախություն կա: Եվ հետո թմրամոլն իր տեսակով այդպիսին է, ինքը չի ընդունում, որ հիվանդ է: Մեզ մոտ ավելի շատ գալիս են բենզին օգտագործած այն հիվանդները, որոնք մարմնական խնդիրներ ունեն: Գիտեք, որ շատ արագ ախտահարվում է ամբողջ օրգանիզմը, գերազանցապես` երիկամները, իսկ մարմնական խնդիրներ ունենալու դեպքում` իրենք արդեն մեր հիվանդները չեն: Գալիս են այն դեպքում, երբ մահվան վախ են ունենում. ապրել-մահանալու խնդիր է լինում, նոր են գալիս»:
«168 ԺԱՄ»