Բաժիններ՝

Մաղադանոսը՝ լեռնային բուժարար

Հովանոցազգիների ընտանիքին պատկանող երկամյա, բուրավետ խոտաբույս է։ Արմատը հյութալի է, իլիկաձև, ճյուղավորված։ Կյանքի առաջին տարում առաջացնում է երկարակոթուն, կրկնակի փետրաձև տերևների վարդակ։ Երկրորդ տարում աճում են կլորավուն խիտ ճյուղավորվող ցողուններ` մինչև 50 սմ բարձրությամբ։ Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, հովանոցաձև ծաղկաբույլը կազմված է մանր, սպիտակ ծաղիկներից։ Պտուղը պարունակում է երկու մոխրականաչավուն, դառնահամ սերմիկ։

Ըստ ավանդազրույցի` առաջին անգամ հայտնաբերվել է Պելոպոնես թերակղզու քարքարոտ լեռներում։ Անվանվել է «լեռնային նեխուր» (Petroselinon), գիտական անվանումն է` Petroselinum crisspum։ Մաղադանոսը, նույն ինքը` կարոս, պարունակում է մի քանի անգամ շատ ասկորբինաթթու, քան կիտրոնը, մեկ փոքրիկ փունջը կբավարարի օրգանիզմի մեկ օրվա պահանջարկը։ Բույսի բոլոր մասերը (ավելի շատ է սերմերում) պարունակում են բուրավետ յուղ, վիտամիններ` կարոտին, B1, B2, K, նիացին, ֆոլիաթթու, նաև ֆիտոնցիդներ։ Արմատները պարունակում են զգալի քանակությամբ կալիում, կալցիում, ֆոսֆոր, մագնիում, երկաթ, պղինձ, մարգանեց, կոբալտ, ցինկ, նիկել, քրոմ, յոդ, սելեն` նաև սպիտակուցներ, ածխաջրատներ, պեկտին։

Սերմը պարունակում է 7 տոկոս եթերայուղ, 22 տոկոս ճարպայուղ, ֆլավոններ, գլիկոզիդ։
Հնագույն ժամանակներում մաղադանոսը մշակվել է` որպես դեղաբույս։ Հին Հունաստանում համարվել է փառքի խորհրդանիշ։ Մաղադանոսը մշակվել է Կառլոս Մեծի դեղաբուսական բանջարանոցում, որը հիմնադրվել է 812թ. և նկարագրված է արքայի «Capitulare de villis» ձեռագրում։

Մաղադանոսը գրանցված է որպես դեղաբույս աշխարհի գրեթե բոլոր երկրների դեղաբանական ցանկերում։ Բուժիչ հատկություններ ունեն բույսի արմատը, տերևը և հատկապես սերմը։

Կարդացեք նաև

Բույսից ստացված պատրաստուկներն օգտագործում են որպես ախորժակը և մարսողությունը լավացնող, միզամուղ, թույները հեռացնող, հակաբորբոքային միջոց` լյարդի, լեղապարկի, երիկամների, սրտի հիվանդությունների բուժման ընթացքում։

Կա կարծիք, որ մաղադանոսի հյութն անհրաժեշտ է թթվածնային փոխանակության, մակերիկամների, վահանագեղձի նորմալ ֆունկցիայի պահպանման և արյունատար մազանոթներն ամրացնելու համար։ Ունի ուժեղ ներգործություն միզաքարային հիվանդության, օրգանիզմի ջրազրկման, տեսողական նյարդի հիվանդության, աչքի եղջերաթաղանթի խոցոտման, շաղկապենու բորբոքման, կատարակտի դեպքում և այլն։
Հոմեոպատները բույսի հյութից և սերմից ստացված պատրաստուկներով բուժում են ուռոլոգիական հիվանդություններ։

Ժողովրդական դեղատոմսեր

petrushka1Անոթները մաքրող. Աղացեք մաղադանոսի 250 գ արմատ և 150 գ կանաչ զանգված, 3-ական միջին կիտրոն (առանց կորիզի) և սխտոր, խառնեք, ավելացրեք 250 գ մեղր, 24 ժամ թրմեք։ Պահեք սառնարանում։ Խմեք 1 ճ/գ` քնելուց առաջ, կամ 1-ական թ/գ` օրը 4 անգամ` ուտելուց (քնելուց) մեկ ժամ առաջ։
Այտուցներ. Խառնեք 2-ական թ/գ երիցուկի ծաղիկ և մաղադանոսի տերև, 1 ժամ թրմեք ջերմապահում 200 մլ եռջրի մեջ։ Խմեք 60-ական մլ` օրը 3 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ։

Աղացեք 200 գ մաղադանոսի տերև, 8 ժամ թրմեք 400 մլ եռջրում` փաթաթեք տարան լաթով, քամեք, հեղուկը թափեք, մզեք հումքը և ավելացրեք 30 մլ կիտրոնի հյութ։ Խմեք օրը 60 մլ, 2 օրից ընդմիջեք 3 օրով, կրկնեք ըստ անհրաժեշտության` բժշկի ցուցումով։ Հատկապես պետք է զգուշանան լյարդի հիվանդություններ ունեցողները։
Միզապարկի հիվանդություններ. Մանրացրեք, խառնեք աղեխոտ, մաղադանոսի սերմ, արջախաղողի տերև, 6 ժամ թրմեք 200 մլ սառը` զտված ջրում, 15 րոպե եփեք ջրային բաղնիքի վրա, քամեք։ Խմեք 50-ական մլ, օը 8 անգամ` մեզի ալկալիային ռեակցիայի դեպքում։ Շարունակեք 14 օր։

Դաշտանադադարի պարբերության խանգարում (ուշացում). Փոշիացրեք մաղադանոսի սերմը, կես թ/գ հումքը 8 ժամ թրմեք 400 մլ սառը ջրում։ Խմեք 2-ական թ/գ` յուրաքանչյուր 2 ժամը մեկ` առավելագույնը երկու օր։
Միզամուղ. Խմեք կեսական գրամ փոշիացրած սերմ` օրը 2 անգամ, ուտելուց կես ժամ առաջ` 100 մլ գոլ ջրի հետ։ Շարունակեք 1 շաբաթ, կրկնեք 1 շաբաթից` խորհրդակցեք բժշկի հետ։

Խորհուրդ է տրվում շագանակագեղձի բորբոքման, օրգանիզմի ջրազրկման, սրտի և երիկամների ոչ բավարար աշխատանքի հետևանքով առաջացած այտուցների դեպքում։
Օստեոխոնդրոզ. 3 ճ/գ փոշիացրած սերմը 10 րոպե եփեք 400 մլ եռջրում։ Խմեք 1-ական ճ/գ` օրը 3 անգամ։
Աչքերի հոգնածություն. Կտրատեք թարմ տերևը, լցրեք թանզիֆե պարկիկի մեջ, 1-2 րոպեով ընկղմեք տաք ջրում, պարկիկը 5 րոպե պահեք քամիչի վրա։ Դրեք թրջոց կոպերին, պահեք 3 րոպե, որից հետո թրջեք բամբակե խծուծը սառը ջրում և դրեք թրջոց։
Մոծակի, մեղվի խայթոց. Տրորեք տերևը, դրեք վերքի վրա։
Զգուշացում։ Սերմը պարունակում է թունավոր նյութեր, թույլատրվող առավելագույն չափաքանակն օրվա ընթացքում 3 գ է։

Երիկամների, միզապարկի բորբոքում

Սամիթի և մաղադանոսի խառնուրդի թուրմ. Մանրացրեք, խառնեք տերևները, (1։1) կես թ/գ հումքը 20 րոպե թրմեք 200 մլ եռջրում։ Խմեք 60-ական մլ` օրը 3 անգամ։

Խառնեք մաղադանոսի արմատը և տերևը, 1 ճ/գ հումքը 1 ժամ թրմեք 200 մլ եռջրում, քամեք։ Խմեք 100-ական մլ` օրը 2 անգամ։
Զգուշացում։ Թուրմը հակացուցված է հիվանդությունների սրացման շրջանում։
Հոդային ռևմատիզմ. Մանրացրեք, խառնեք հավասար քանակությամբ թանթրվենի սևի ծաղիկ, եղինջի տերև, մաղադանոսի արմատ, ուռենու կեղև։1 ճ/գ հումքը 1 ժամ թրմեք 200 մլ եռջրում, քամեք։ Խմեք 100-ական մլ` օրը 2 անգամ, ուտելուց 1 ժամ հետո։
Միզաքարային հիվանդություն. Մանրացրեք, տրորեք մաղադանոսի արմատը, 1 ճ/գ հումքը, 10 ժամ թրմեք 100 մլ եռջրում` ջերմապահի մեջ, քամեք։ Խմեք 1-ական ճ/գ` օրը 4 անգամ, ուտելուց 20 րոպե առաջ։

petrushka1 ճ/գ արմատը 10 րոպե եփեք 200 մլ եռջրում, 30 րոպե թրմեք, քամեք։ Խմեք 100-ական մլ` օրը 2 անգամ։
Մաղադանոսի արմատից կամ տերևից ստացված պատրաստուկները տրոհում, լուծում են քարերը։ Նման բուժումը կարելի է կատարել միայն բժշկի հսկողությամբ և համապատասխան հետազոտություններից հետո։
Կտրատեք 50 գ մաղադանոսի կանաչի, 5 ժամ թրմեք 1 լ եռջրում, քամեք։ Խմեք 100-ական մլ` օրը 5 անգամ։

Խառնեք 100-ական գ մաղադանոսի կանաչի և մեղր, 50 գ նեխուրի արմատ, 100 մլ ջուր, հասցրեք եռման ջերմաստիճանի, անջատեք կրակը, քամեք։ Խմեք 3-ական ճ/գ` օրը 4 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ։
Մետեորիզմ. 1 թ/գ տրորած սերմը 8 ժամ թրմեք 1 լ ջրում` մութ տեղում։ Խմեք 3-ական ճ/գ` յուրաքանչյուր 2 ժամը մեկ։

Ջրծաղիկ. 1 ճ/գ կանաչին 1 ժամ թրմեք 500 մլ եռջրում, քամեք։ Խմեցրեք երեխային 1-ական թ/գ` օրը 3 անգամ։
Կարմրուկ. 1 թ/գ արմատը 8 ժամ թրմեք 200 մլ եռջրում, քամեք։ Խմեք 1-ական թ/գ` օրը 3 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ։

Բուժում է մաղադանոսի հյութը

Հյութը քամում են բույսի տերևից և արմատից, ունի ուժերը վերականգնող, շնչառությունը լավացնող, սրտի և երիկամների աշխատանքն ակտիվացնող, մակերիկամների և վահանաձև գեղձի գործունեությունը կարգավորող, արյունատար մազանոթներն ամրացնող, տեսողությունը պայծառացնող հատկություններ։ Մաղադանոսի հյութի ներգործությունը շատ ուժեղ է, մեկ օրվա առավելագույն չափաբաժինը չի կարող գերազանցել 60 գրամը` մեղրի հետ խմելու դեպքում։
Աչքերի հիվանդություններ. Խառնեք մաղադանոսի և գազարի հյութերը (1։3)։ Խմեք 2-ական ճ/գ, օրը 3 անգամ, ուտելուց առաջ` կես թ/գ մեղրի հետ։
Շագանակագեղձի բորբոքում. Մաղադանոսի հյութը (50 մլ) խառնեք բազուկի, վարունգի կամ գազարի հյութերի հետ ցանկացած հարաբերությամբ։ Խմեք 200-ական մլ, օրը 3 անգամ ուտելուց առաջ։
Հելմինտոզ. Խմեք 200-ական մլ բազուկի և մաղադանոսի հյութերի խառնուրդ (10։1)` օրը 2 անգամ, ուտելուց առաջ։ Շարունակեք 21 օր հակահելմինտային (ճիճվաթափ) բուժում ընդունելուց հետո։

Խմեք 150-ական մլ գազարի, նեխուրի, սպանախի, մաղադանոսի հյութերի խառնուրդ (7։4։3։2)` օրը 3 անգամ, ուտելուց 1 ժամ առաջ։ Շարունակեք 14 օր։
Լյարդի հիվանդությունների դեպքում մաղադանոսի հյութ խմելուց առաջ խորհրդակցեք բժշկի հետ։

Լյարդի քաղցկեղի դեպքում խորհուրդ է տրվում.
Խառնեք գազարի, նեխուրի, մաղադանոսի հյութեր (9։6։2)։ Խմեք 50-ական մլ` յուրաքանչյուր 2 ժամը մեկ (ընդամենը 10 անգամ)։ Շարունակեք 2 շաբաթ։

Մաղադանոսը` գեղարարության մեջ

МАСК5

Մաղադանոսը թարմացնում և սպիտակեցնում է մաշկը, վերացնում է կոպերի այտուցվածությունը, ամրացնում է մազերը։ Մաշկաբանները խորուրդ են տալիս մաղադանոսը պարտադիր ընդգրկել սննդակարգում, քանի որ այն կանխարգելում է մաշկի ծերացումը և պահպանում առողջ գույնը և փայլը։ Մաղադանոսը պարունակում է ֆոտոդինամիկ հատկություն ունեցող նյութեր, ինչի շնորհիվ օգտակար է վիտիլիգոյի դեպքում, նպաստում է մազերի գույնի պահպանմանը։
Մաղադանոսը հակացուցված է հղիներին։

Դիմակ ցանկացած տեսակի մաշկի համար. Մանր կտրատեք և տրորեք 100 գ մաղադանոսի կանաչի, ավելացրեք 50 մլ ջուր, եփեք թույլ կրակի վրա` մինչև հասնի եռման ջերմաստիճանի, խառնեք, 15 րոպե թրմեք, քամեք թանզիֆով, հեղուկը թափեք։ Հումքը հավասարաչափ լցրեք երկտակ ծալած թանզիֆի վրա, դրեք դեմքին, լվացեք սենյակի ջերմաստիճանի ջրով։ Դիմակն ունի հանգստացնող, թարմացնող հատկություն։ Կոպերի վրա կարելի է դնել միայն սառը թրջոց։

Խառնեք 2 ճ/գ տրորած կաթնաշոռ, 1 թ/գ մաղադանոսի հյութ, կես թ/գ բուսայուղ, 15-20 րոպեից լվացեք դեմքը մաղադանոսի թուրմով (1 ճ/գ, 500 մլ եռջուր) և մշակեք քսուքով։ Մաքրում է մաշկը։

Չոր մաշկ. Խառնեք 100 գ մանրացրած կանաչի և 1 ճ/գ թթվասեր։ Համասեռ զանգվածը 15 րոպեից լվացեք գոլ ջրով։
Ճարպոտ մաշկ. Խառնեք 1 ճ/գ կանաչի և 2 ճ/գ բնական յոգուրտ։ 15 րոպեից լվացեք։
Կորյակներ, ցան. 1 ճ/գ կանաչին խառնեք 1 ձվի դեղնուցի և 1 թ/գ սխտորի հյութի հետ։ Կարելի է օգտագործել որպես քսուք` տեղային` կորյակների վրա։ Մաշկի ուժեղ բորբոքման դեպքում օգտագործեք մաղադանոսի թունդ եփուկը։

Սպիտակեցնող. Մանր կտրատեք կանաչին, տրորեք, քամեք հյութը։ Շփեք դեմքը հյութի մեջ թրջած բամբակե խծուծով` օրը 3 անգամ։ Շարունակեք 3-4 շաբաթ։

Խառնեք 2 ճ/գ թարմ հյութ, 1 ձվի դեղնուց, 1 թ/գ թթվասեր, 4 կաթիլ տուղտի յուղ։ Մաքրեք 15 րոպեից, լվացեք գոլ ջրով։
Պեպեններ. 40 կանաչին 5 րոպե եփեք 200 մլ ջրում, քամեք։ Խառնեք 50-ական մլ թարմ և կիտրոնի հյութ (վերցրեք 1 միջին կիտրոն)։ Շփեք դեմքը լուծույթի մեջ թրջված բամբակե խծուծով` առավոտյան և երեկոյան։ Լավ արդյունք է ապահովում նաև արմատի եփուկի (30 գրամ, 200 մլ ջուր) և կիտրոնի հյութի խառնուրդը։
Արևայրուք. Լվացեք դեմքը մաղադանոսի արմատի եփուկով` մանրացրած 50 գ արմատը 10 րոպե եփեք 500 մլ ջրում, 1 ժամ թրմեք, քամեք։

Բարձր քրտնարտադրություն.

30 գ արմատը 2 ժամ թրմեք 300 մլ եռջրում, քամեք։ Խմեք 100-ական մլ` օրը 3 անգամ։ Շարունակեք 2 օր, ընդմիջեք 4 օր, կրկնեք 4-5 անգամ։ Օգտակար է նաև մաշկային ցանի, կորյակների դեպքում։

Թառամող մաշկ. Մանրացրեք, խառնեք սամիթի և մաղադանոսի կանաչին (1։1), 3 ճ/գ հումքը 3 ժամ թրմեք 200 մլ տաք ջրում (70 C), քամեք։ Դրեք թրջոց, 15 րոպեից լվացեք սառը ջրով։
Մազերի խնամք. Խառնեք 1-ական թ/գ փոշիացրած մաղադանոսի սերմ և բժշկական սպիրտ, 2 թ/գ գերչակի յուղ։ Խառնուրդը ներմերսեք գլխամաշկին` կատարեք օրը մեջ, ընդամենը 15 անգամ։

Ուժեղ մազաթափության դեպքում խորհուրդ է տրվում զուգահեռաբար խմել մաղադանոսի սերմի թուրմ. Կես թ/գ տրորած սերմը 8 ժամ թրմեք 200 մլ ջրում։ Խմեք 2-ական ճ/գ, օրը 4-5 անգամ։
1. 50 գ մաղադանոսի կանաչին 15 րոպե եփեք 1 լ ջրում, 30 րոպե թրմեք, քամեք թանզիֆով։ Լվանալուց հետո մազերը ցայեք թուրմով։

«168 ԺԱՄ»

Julo-Girq1-113x160 (1)Հ.Գ. Արդեն վաճառքում է «Պահապան ծառերի բուժիչ զորությունը» գիրքը: Այն կարող եք ձեռք բերել «Նոյյան տապան», «Բուկինիստ», «Նոր գիրք» և «Արտ Բրիջ» (Աբովյան 20) գրախանութներից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս