Բաժիններ՝

«Երևի Տարոն Մարգարյանը մոռացել է, թե ինչ է նշանակում՝ քաղաքապետ լինել»

Երևանի քաղաքապետարանին կից Էկոլոգիական հանձնաժողովը դիմել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին, որպեսզի վերջինս փոխի մոտեցումը հանձնաժողովի նկատմամբ: Պատճառն այն է, որ հանձնաժողովի հետ համաձայնեցվում են միայն կանաչապատման հարցերը, իսկ քաղաքաշինության հարցերը նրա հետ չեն քննարկում: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Էկոլոգիական հանձնաժողովի նախագահ Կարինե Դանիելյանը:

«Փաստորեն, մեզ հետ համաձայնեցնում են այն հարցերը, որոնք կապված են միայն կանաչ տարածքների հետ, այսինքն՝ շատ նեղ են հասկանում էկոլոգիական խնդիրները, իսկ էկոլոգիական խնդիրները քաղաքաշինության հետևանք են: Սա է խնդիրը: Մեզ ասացին, որ մենք պետք է ընտրենք 4 հոգի՝ Քաղաքաշինական խորհրդում մասնակցելու համար, որտեղ լուծվում  են քաղաքաշինության բոլոր խնդիրները: Բայց առայսօր չի հավաքվել Քաղաքաշինության խորհուրդը, և դա մեզ շատ է անհանգստացնում, որ դարձյալ ճարտարապետների հանձնաժողովն ինքնուրույն է ամեն ինչ քաղաքում որոշում:

Ընդ որում, որքան ես գիտեմ՝ այնտեղ էլ դժվարություններ կան: Ճարտարապետները հաճախ համաձայն չեն գլխավոր ճարտարապետի՝ Նարեկ Սարգսյանի հետ, բայց, ի վերջո, ընդունվում են նրա որոշումները: Այսինքն՝ ի վերջո մենք չենք կարողանում ազդել քաղաքաշինական խնդիրների վրա: Պատճառը դա է, որ մենք դարձյալ դիմել ենք քաղաքապետին, որ պետք է փոխվի այդ մոտեցումը: Պետք է այդքան նեղ չհասկանան, որ միայն ծառեր-ծաղիկներն են մեր խնդիրները: Ավելի լայն պետք է հասկանան մեր աշխատանքները: Անկախության տարիներին իրականացված քաղաքաշինությունն է, որ ուղղակի քանդել է Երևանի էկոլոգիան, վնասել է սեյսմիկան, պատմական ժառանգությունն է ոչնչացրել: Մենք չենք ուզում անմասն մնալ այդ գործընթացից: Միայն ծառ ու ծաղիկով չենք կարող զբաղվել»,- ասաց հանձնաժողովի նախագահը:

Կարինե Դանիելյանի խոսքով՝ ապրիլի 8-ին հանձնաժողովի կազմից 5 անդամ է դուրս եկել, նրանք հիմնականում երիտասարդներ էին: Պատճառը «Ջազվե» սրճարանի կառուցապատումն է եղել. «Նրանք շատ զայրացել են, որ առանց մեզ տեղյակ պահելու՝ այդպիսի գործ է տեղի ունեցել: Ճիշտ է՝ մեր զանգից հետո քաղաքապետարանը միջամտել էր և քանդել էր այդ պատը, ասել, որ դա պատահականություն էր, ճարտարապետի մտահղացումն էր: Բայց բոլոր դեպքերում երիտասարդները միշտ կասկածում էին՝ իմաստ ունի՞ մասնակցել, թե՞ ոչ: Դա երևի վերջին կաթիլն էր, ինչպես և Փակ շուկայի խնդիրը»:

Կարդացեք նաև

Կարինե Դանիելյանի խոսքով՝ հանձնաժողովն այդպես էլ չի կարողանում պատասխան ստանալ` ինչպե՞ս ստացվեց, որ Փակ շուկան քանդվեց:

Հարցին՝ արդյոք շարունակելու դեպքում հանձնաժողովը կդադարեցնի՞ իր աշխատանքները, Կարինե Դանիելյանը պատասխանեց. «Ես չեմ ուզում, որ այդպես կոպիտ հնչի: Ես, համենայն դեպս, միշտ կողմնակից եմ համագործակցության, որովհետև դու կարող ես փողոցում ամիսներով պաստառներով կանգնել և ոչ մի արդյունք չստանալ, և մի հանդիպումը, երբ դու նորմալ բացատրում ես, արդյունք է տալիս: Դրա համար ես աշխատում եմ՝ որքան հնարավոր է համագործակցությունը պահել և հույս ունեմ, որ իրավիճակը կփոխվի»:

Հանձնաժողովի նախկին անդամ Սիլվա Ադամյանը, ով ևս վերջերս էր դուրս եկել քաղաքապետարանին կից հանձնաժողովից, 168.am-ի հետ զրույցում ասաց, որ քաղաքապետարանը հանձնաժողովի հետ առաջին իսկ օրվանից քննարկել է միայն իրեն ձեռնտու խնդիրները. «Մենք մի խնդիր էինք բարձրացնում, քաղաքապետարանը մեզ ներկայացնում էր լրիվ այլ խնդիր՝ ի՞նչ տեսակի ծառեր տնկենք, ծաղիկները ո՞ր տեսակի լինեն: Փաստորեն, այդ խնդիրը վերաբերում էր միայն բուսաբաններին: Էլի՛ արեք, մենք դեմ չենք, բայց քաղաքն այսօր լուրջ խնդիրներ ունի, և այդ խնդիրները միայն ծաղիկներին չեն վերաբերում: Ամբողջ քաղաքը գնում է դեպի անապատացում: Անձամբ ես չեմ ցանկանում, որ ինձ հիմարի տեղ դնեն, բոլորովին:

Օրինակ՝ մեր քթի տակ ամեն օր նոր սրճարան է աճում, ամեն օր նոր շենք է աճում՝ քաղաքաշինական նորմերը խախտելով, ամեն օր մենք զբոսայգիներում նոր կառույցներ ենք ունենում: Բարձրացրել էինք Կոմիտասի այգում «Կոմիտասագիտության» կենտրոնի հարցը: Անկախ նրանից՝ մեր բոլորի կողմից շատ հարգված ճարտարապետ Արթուր Մեսչյանն ինչպես է գծել այդ կենտրոնը, մեզ համար անընդունելի է, որ դա պետք է լինի Պանթեոնի մեջ: Մենք պայքարեցինք, պայքարեցինք, ասացինք, որ անընդունելի է, սակայն քաղաքապետարանում՝ ձայն բարբառո հանապատի: Ոչ մի ձայն, ոչ մի ռեակցիա, ոչ մի քննարկում: Այսպիսի իրավիճակ էր, հարցերը բարձրացվում էին, բայց այդ հարցերը փակվում էին: Այդ իսկ պատճառով մենք որոշեցինք, որ միայնակ ավելի լավ ենք աշխատում»:

Սիլվա Ադամյաննը Էկոլոգիական հանձնաժողովի աշխատանքը բացարձակապես անարդյունավետ գնահատեց. «Չի կարելի ասել, որ այդտեղ ինչ-որ մեկը մեղավոր է: Այդտեղ պետական կառույցի մեղավորությունն է, որը չի ցանկանում իրական խնդիրները դնել բաց դաշտում և դրանց լուծում տալ»: Սիլվա Ադամյանն ասաց, որ ինքը անիմաստ է համարել հանձնաժողովում աշխատանքները շարունակելը. «Դա իմիտացիա է»:

Հարցին՝ արդյոք հույս ունե՞ք, որ իրավիճակը կփոխվի, Սիլվա Ադամյանը պատասխանեց.  «Եթե քաղաքապետին փոխենք՝ կփոխվի: Երևի Տարոն Մարգարյանը մոռացել է, թե ինչ է նշանակում՝ քաղաքապետ լինել: Ինքը լուրջ գործերով պիտի զբաղվի: Կա քաղաքի բնապահպանական անվտանգություն, քանի տարի է արդեն, այդ վիճակում է մեր քաղաքը, ոչ մեկը ոչ մի բան հաշվի չի առնում, քաղաքում սողանքներ կան, կա պաշտպանիչ շերտի կորուստ, սեյսմաանվտանգություն կա: Ոչ մի բան հաշվի չի առնվում: Հարցն անձի մեջ չէ: Ես չեմ ուզում անձնավորել: Համակարգը պետք է ամբողջությամբ փոխվի: Ավագանու խորհրդի մեջ ամբողջ ընդդիմությունը պետք է լինի, որ իրենց ասածն առաջ տանեն: Ամբողջ ավագանու խորհուրդն իրենց մարդիկ են՝ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներ: Դա հանգեցնում է նրան, ինչ պատկեր մենք այսօր ունենք»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս