Տիգրան Ուրիխանյանը՝ Վարդան Օսկանյանի բարևարշավի ու ընտրակաշառքի մասին
««Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի, պատգամավորական ֆրակցիայի ձևավորած քարոզչական շտաբն ունի այնքան միտք, որպեսզի կարողանա ծրագրավորել և իրականացնել իր սեփական, ուրույն քարոզարշավը»,- 168.am-ին ասաց ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը՝ անդրադառնալով այն դիտարկմանը, թե ԲՀԿ ցուցակը գլխավորող Վարդան Օսկանյանի իրականացրած քարոզարշավը նմանություններ ունի Րաֆֆի Հովհաննիսյանի բարևարշավին:
Նույնաբովանդակ հարց Տիգրան Ուրիխանյանին տրվել էր նաև այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, սակայն վերջինս գերադասեց ժպտալ այդ հարցին ի պատասխան: Ճիշտ այդպիսի ռազմավորություն ընտրեց ԲՀԿ խոսնակը մամուլի ասուլիսի ժամանակ մեր հնչեցրած այն հարցի ժամանակ, թե տեղեկություններ կան, որ Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակում օրերս Էրեբունի վարչական շրջանում Սասունցի Դավթի արձանի հարևանությամբ կայացած ընտրողների հետ հանդիպման ժամանակ ԲՀԿ-ն երեք հազարական դրամ ընտրակաշառք է բաժանել:
Տիգրան Ուրիխանյանը սկզբում ժպտաց, հետո էլ նմանատիպ ահազանգ ունեցողներին հորդորեց դիմել ոստիկանություն:
«Բոլոր նրանք, ովքեր ընտրակաշառքի փաստին ականատես կլինեն, դրանից կվրդովվեն, կդժգոհեն, թող գան կուսակցության կենտրոնական գրասենյակ, թող զանգահարեն ինձ, ինք կգնամ իրենց մոտ: Թող դիմեն ոստիկանություն, շատ հեշտ է ընտրակաշառք բաժանողի նկարագիրը ներկայացնել, նկարագրել իրադարձությունները և ամեն ինչ շատ արագ կպարզաբանվի»,- ասաց Տիգրան Ուրիխանյանը: