Օբամաների տարեկան եկամուտը նվազել է
Ռուսական Риа Новости լրատվական գործակալության փոխանցմամբ`ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և նրա կին Միշելը նախորդ տարի վաստակել են 608.611 դոլար: Այս մասին է վկայում նրանց հարկային հաշվետվությունը, որն այսօր հրապարակել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:
2012 թվականին Օբաման ու նրա կինը որպես եկամատահարկ են վճարել 112.214 դոլար: ԱՄՆ-ի առաջնորդի համար դաշնային եկամտահարկը կազմել է 18.4 տոկոս:
Նախորդ տարի վաստակած գումարի մոտ 24.6 տոկոսը` 150.034 դոլար, Բարաքն ու Միշելը հատկացրել են 33 տարբեր բարեգործական կազմակերպությունների: Նվիրատվության առյուծի բաժինը` 103.871 դոլար, բաժին է ընկել Fisher House հիմնադրամին, որը զբաղվում է ամերիկացի զինծառայողներին ու նրանց ընտանիքներին մասնագիտական բժշկական օգնության ցուցաբերմամբ:
Նշվում է, որ ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենն ու նրա կին Ջիլը 2012 թվականին վաստակել են 385.072 դոլար: Նախորդ տարի նրանք վճարել են 87.851 դոլար դաշնային հարկեր, իսկ բարեգործական նպատակների է տրամադրել ավելի քան 7100 դոլար:
2011 թվականին Բարաքն ու Միշելը վաստակել են մոտ 790.000 դոլար, 2010 թվականին` մոտ 1.7 միլիոն դոլար, 2009 թվականին` 5.5 միլիոն դոլար, իսկ 2008 թվականին, երբ Օբաման առաջին անգամ դարձավ ԱՄՆ նախագահ` 2.7 միլիոն դոլար: