«Մի ապտակից մոռացավ Նոր Հայաստանի մասին և վազեց աղոթելու». Գուրգեն Եղիազարյանը` Րաֆֆի Հովհաննիսյանի մասին

Հարցազրույց Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցության վարչության անդամ, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության նախկին պետի տեղակալ Գուրգեն Եղիազարյանի հետ:

– Պարոն Եղիազարյան, արդյո՞ք ապրիլի 9-ին կերտվեց «Նոր Հայաստանը», ինչպես հայտարարել էր Րաֆֆի Հովհաննիսյանը:

– Ասեմ, մի հատ սիլլա տվեցին, մի ապտակից անմիջապես մոռացավ Նոր Հայաստանի մասին և վազեց աղոթելու, գնաց, իր ընկերներին թողեց այնտեղ, չեմ իմանում` ում հույսին, այն դեպքում, երբ իր համախոհները բիրտ հարձակման էին ենթարկվել: Նրանց թողնելով` շտապեց մոմ վառելու, այսինքն` եթե էդ մոմը մի երկու ժամ հետո վառեր, չէր լինի: Դուք իրեն հարցրեք` ինչո՞ւ այդ արագությամբ գնաց, անհասկանալի էր: Օրինակ, ես գիտեմ` ինչու գնաց:

– Ինչո՞ւ:

– Պարզապես վախեցել էր: Երբ Արմեն Մարտիրոսյանին ծեծեցին, նա վախեցավ և որոշեց հնարավորինս արագ թողնել մարտի դաշտը:

– Այդ դեպքում ինչո՞ւ նա հայտարարեց, որ գնում է Բաղրամյան 26:

– Դե, գիտեք ինչ, հնարավո՞ր է` մարդ 3 ամիս խոսեր և ոչ մի հոդաբաշխ նախադասություն չասեր: Այդպիսի բան հնարավո՞ր է: Ես ասում էի, որ տվյալ քաղաքացին չունի ծրագիր: Երբ ինձ հարցնում էին` «ինչո՞ւ չեք միանում ընդդիմադիրին, խանդի գործոնն է աշխատում», ես ասում էի` թող այդ մարդն ասի իր ծրագիրը` ի վերջո ի՞նչ է ուզում, և ես չեմ ճանաչում այնպիսի ընդդիմադիր գործիչ, ով չի միանա: Ւ վերջո, մենք ընդդիմությունը չենք սեփականաշնորհել, և ես միշտ ասել եմ, որ ընդդիմադիր է ցանկացած ՀՀ քաղաքացի, ով չի ուզում այսպես ապրել: Էդ մարդը մինչև վերջ այդպես էլ չասաց` ի՞նչ է պահանջում, ի՞նչ է ցանկանում: Այսպես ասեմ, նույնիսկ իր համախոհները չէին իմանում, թե ամսի 9-ին ինչի՞ մասին է խոսելու: Ասում էին, որ կլինի երդման արարողություն: Ի՞նչ երդման արարողություն, ժամը քանիսի՞ն կլինի, ինչպե՞ս կլինի, ոչ ոք չէր իմանում: Գիտե՞ք` ինչու չէին իմանում, որովհետև այդ նույն Րաֆֆին էլ չգիտեր` ինքն ինչ պետք է անի:

– Բայց, ամեն դեպքում, Դուք այն համարձակ ընդդիմադիր գործիչներից եք, ով, ինչպես մի առիթով ասացիք, «2008 թ. մարտի 1-ին մինչև գիշերվա 3:30-ը եղել եք ժողովրդի կողքին»: Ինչո՞ւ այս անգամ չեկաք և չկանգնեցիք քաղաքացիների կողքին, ովքեր ղեկավար գործչի կարիք ունեին և գրեթե մնացել էին մեն-մենակ` Ոստիկանության դիմաց:

– Նախ և առաջ՝ ասեմ, որ նույնիսկ չէի պատկերացնում և շատ ուշ եմ իմացել, որ տվյալ քաղաքական գործիչն այդքան արագ յուրայիններին կմատնի բախտի քմահաճույքին: Ճիշտն ասած, երբ ինձ ասացին, որ սույն քաղաքացին Սերժ Սարգսյանի համար աղոթք է անում, նույնիսկ չհավատացի: Ասաց. «Աստված պահապան պարոն նախագահ Սերժ Սարգսյանին, ոստիկաններին, ժողովրդին, որը հիմա կանգնած է Բաղրամյան փողոցում…»: Ինչի՞ էր դրա համար բարձրացել Ծիծեռնակաբերդ, թող գնար մտներ ցանկացած եկեղեցի և իր աղոթքն ասեր:

Ինչևիցե, ապրիլի 9-ին երդվել է, ժողովուրդն էլ հետը կրկնել է այդ տեքստը: Պատասխանեմ հարցին` ինչո՞ւ չգնացի: Ես միշտ ասում էի` եթե նա իր առաջին պայմանավորվածություններից հետ կանգնի և մի փոքր ավելի նոր բան ասի իշխանությունների հասցեին, ուրեմն կկիրառվի ուժ: Ւսկ պատկերացնո՞ւմ եք` եթե մենք գնայինք, և ուժ կիրառվեր: Անմիջապես ասելու էր, թե՝ «տեսեք, 3 ամիս ժողովրդի հետ հանրահավաք եմ անում, և Ոստիկանության կողմից հարձակում չի եղել, եկան էս ՀԱԿ-ի անդամները, անմիջապես արյուն թափվեց»: Չէ՞ որ նա ասում էր, թե ինքն ուրիշների նման չէ, թույլ չի տա, որ նույնիսկ մեկի մատից արյուն թափվի: Բայց հենց իր տեղակալին ծեծեցին, անմիջապես որոշեց` գնա, Գասպարյան Վովայի հետ մոմ վառի:

Այս ամենի մեջ ունենք մի քաղաքական գործիչ, ով իրեն սպառեց, այսինքն՝ այն, ինչ ես ասում էի այս 3 ամիսներին, կատարվեց: Ունենք մի ոստիկանապետ, ով, պարզվում է, ավելի լավ է տիրապետում Ավետարանին, քան ԱՄՆ-ում կրթություն ստացած Րաֆֆի Հովհաննիսյանը, և ունենք Ներքին զորքերի հրամկազմ, որի վրա շատ լուրջ ուշադրություն պետք է դարձնել: Իհարկե, պետք է պարզել մանրամասները, թե ինչպե՞ս է տեղի ունեցել հարձակումն Արմեն Մարտիրոսյանի վրա, ես չեմ կարծում, թե Արմեն Մարտիրոսյանն այն մարդն է, ով կհրահրեր նման բան: Նա բավական լուրջ տղա է: Ուրեմն, սադրանքը տեղի է ունեցել Ներքին զորքերի կողմից, ավելի, քան վստահ եմ դրանում, որովհետև երբ ես նայում էի այդ կադրերը, Ա.Մարտիրոսյանին հարվածողները նրան սեռական բնույթի հայհոյանքներ էին տալիս: Սա լրջագույն ուսումնասիրության առարկա պետք է դառնա:

– Այս առումով` ինչպե՞ս եք գնահատում բախումների ժամանակ, այսպես ասած, սադրիչների դերը, որոնց մասնակցությամբ տեսանյութերը շրջանառվեցին համացանցում:

– Ես կարող եմ ասել, թե ինչպե՞ս դեպքերը զարգացան 2008 թ. մարտի 1-ին, թե ինչպե՞ս մեքենաներ բերեցին, ինչպե՞ս այդ մեքենաներն այրեցին, թե ինչպե՞ս ապրանքները նախապես հանեցին խանութներից, հետո դրանք թալանեցին: Եթե Դուք ինձ հարցնեք` արդյոք կկրկնվե՞ր Մարտի 1-ի սցենարը, կարող եմ ասել, որ Սերժ Սարգսյանի համար այդ սցենարը կրկնելը ոչինչ չէր նշանակում: Ընդամենը մեկը կհրկիզեր, ասենք, Գրողների միության շենքը, և այս անգամ ամեն ինչ կավարտվեր դիակներով:

– Այսինքն` կա՞ր նման հնարավորություն` Մարտի 1-ը կրկնելու:

– Ես ասում եմ` սույն քաղաքական գործիչը 3 ամիս գովաբանել է բռնապետին` Սերժ Սարգսյանին, և իշխանությունը նրա հանդեպ ուժ կիրառելու ոչ մի միտում չուներ, բայց երբ համարձակվեց զուգահեռաբար օծվել նախագահ, արդեն սահմանն անցավ: Եթե անցավ սահմանը, իշխանությունները դա, որպես կանոն, չեն ներում: Եվ այստեղ պետք է նշենք Վլադիմիր Գասպարյանի խոհեմության մասին, որ նա ժամանակին ամեն ինչ կանխեց, որովհետև այս ամենը կարող էր շատ ավելի վատ վերջանալ: Ես տեսնում էի առաջին շարքերում կանգնած Ներքին զորքերի զինվորների վերաբերմունքը. նրանք հայհոյում էին: Նա ոստիկան է, նա իրավունք չունի հայհոյելու, նա հրաման կատարող է: Եթե հայհոյում է, ուրեմն այնտեղ խուժան է կանգնած, եթե խուժան է, խուժաններով, խուլիգաններով պետք է զբաղվել, որովհետև այդ խուլիգաններն, այդ հայհոյող սրիկաներն իրավունք չունեն ուսադիր կրելու:

– Իսկ Դուք հավատո՞ւմ եք, որ, օրինակ, Արմեն Մարտիրոսյանին ծեծի ենթարկած ոստիկանները կենթարկվեն պատասխանատվության:

– Իհարկե չեմ հավատում: 10 մարդու սպանողները դատապարտվեցի՞ն: Հետո էլ իրենց շներին սովորեցնում են ելույթներ ունենալ, թե ո՞ւր էին Մարտի 1-ին: Բոլոր մեծ ու փոքր տականքներին ասեմ` ուր էինք: Ուրեմն այդ ժամանակ մենք գտնվում էինք կալանավայրերում և ոչ մի շարունակություն տալ չէինք կարող, ցավոք սրտի: Իսկ սույն քաղաքական գործիչն ընդամենը ման էր գալիս էս քաղաքից էն քաղաք ու ամեն կերպ, առանց անուն տալու, փնովում էր ընդդիմությանը, գովերգում Արցախի հերոս Սերժ Սարգսյանին: Այ հիմա խփեց քթիդ Արցախի հերոսը` իր ասած հերոսը, որովհետև համարձակվեց մի քիչ առաջ շարժվել: Մինչև այսօր սույն քաղաքական գործիչն իր ցանկացած քայլը համաձայնեցրել է իշխանությունների հետ. նայեք Ազգային ժողովում նրա պատգամավորների ցուցակը, այնտեղ կտեսնեք մարդ, ով ուղղակիորեն Սերժ Սարգսյանի փեսային շատ հարազատ մարդ է: Ինչպե՞ս է նա հայտնվել «Ժառանգության» ցուցակում:

– Ո՞ւմ նկատի ունեք:

– Նայեք, հետո կզրուցենք: Հիմա, այդ մարդն ամեն ինչ համաձայնեցրել է, մեկ էլ հանկարծ որոշում է զուգահեռ օծվել: Ուրեմն, ինչ-որ մեկն էլ նրան ասաց` դու էլ սենց արա: Այսինքն՝ ինչ-որ մեկին հարկավոր է Սերժ Սարգսյանի պահել թելի վրա կախված, այսինքն՝ կրկին Հայաստանից բան ունեն պահանջելու, եթե հանկարծ սա իրեն լավ չպահի, ինքը կախված մարդ է: Դա արդեն չներվեց, անմիջապես ապտակը ստացավ Արցախի հերոսից:

– Այսինքն` Դուք որևէ աշխարհաքաղաքական ենթատե՞քստ եք տեսնում այստեղ:

– Ես տեսնում եմ, որ սույն գործիչը չուներ առաջ շարժվելու որևէ ծրագիր: Նա ինձ վրա թողնում է մի մարդու տպավորություն, ում ասում են` ի՞նչ պետք է անի, նա էլ գալիս անում էր և գնում էր տուն: Լավ, ապրիլի 9-ին հայտարարել էր, իբր թե, ինաուգուրացիա: Որևէ ծրագրային ելույթ չունեցավ: Այն մարդիկ, ովքեր փորձում էին ծրագրային ելույթներ ունենալ, այլևս չերևացին: Բերեմ օրինակ` Աշոտ Մանուչարյան, ով ծրագրային ելույթ ունեցավ և ասաց, թե ինչպես է նա տեսնում զարգացումները: Ես անմիջապես ասացի, որ սրանք Աշոտ Մանուչարյանին էլ ո՛չ հարթակ կտրամադրեն, ո՛չ էլ այլևս կհրավիրեն: Այսինքն՝ բոլոր այն գործիչները, ովքեր հոդաբաշխ երկու նախադասություն ասել գիտեին, նրանք, որպես կանոն, ոչինչ չէին խոսում, խոսում էր միայն նա, իսկ նա խոսում էր հանպատրաստի, հետն էլ խոսել չգիտեր:

– Ձեր քննադատությունը հիմնականում ուղղված է Րաֆֆի Հովհաննիսյանին, բայց, ամեն դեպքում, եթե փորձենք նրան պատկերացնել այդ իրավիճակում, կարծես թե, նրա այն կողմնակիցները, ովքեր շուրջ 2 ամիս նրա կողքին կանգնած էին, ապրիլի 9-ին նրանց մեծ մասը լքեց Րաֆֆի Հովհաննիսյանին: Արդյոք այս ձախողման մեջ նրանց մեղքը չկա՞ր:

– Րաֆֆի Հովհաննիսյանի այս անիմաստ քայլերի մեջ կար մի դրական բան հանրության համար. ի հայտ եկան ազնվագույն մարդիկ, ովքեր իրոք լրջագույնս մտահոգված են իրենց երկրով: Կարող եմ նշել, օրինակ, Ռուբեն Հախվերդյանին` պայծառ մի անուն, ով ուղղակի իր պարտքը համարեց վեր կենալ և իր կարծիքն արտահայտել հարթակից: Այսպիսի լավ բաներ եղան, իսկ ընդհանուր առմամբ` շատ վատ բան եղավ: Նա շատ վատ գործողություններ էր անում: Ես ինքս ասել եմ, թե դա ինչով է ավարտվելու, և տասնյակ-հազարավոր մարդկանց պարզապես հիասթափեցրեց:

– Ի դեպ, Դուք ասել էիք, որ Րաֆֆի Հովհաննիսյանը սև վերնաշապիկով կգնա շնորհավորելու Սերժ Սարգսյանին:

– Փառք Աստծո, այս անգամ այդ հիմար քայլը չկատարեց: Այն ժամանակ ասաց` «սևազգեստ եմ գնացել»: Ջհանդամը գնայիր, սպիտակազգեստ գնայիր, մի երկու բառ ասեիր: Եթե մեկն Ազատության հրապարակում բացականչում էր` «կորչի էս իշխանությունը», ասում էր` «մտքում ասեք»: Մտքում ասելը ո՞րն է: Մտքում ասացիր՝ ստացար: Հիմա Րաֆֆի Հովհաննիսյանը խոստացել է, որ ապրիլի 12-ին կգա և կներկայացնի կառավարության կազմը, այդպե՞ս է: Ավելի, քան վստահ եմ, որ չի գա և ոչինչ էլ չի ներկայացնի:

– Այդ դեպքում ինչո՞ւ նա մեկնեց Մոսկվա:

– Երևի գնացել է, որ հիմա էլ Պուտինի վրա «շառը» գցի, թե՝ չընդունեցին, դրա համար կառավարությունը չեմ ներկայացնում: Բայց քիչ առաջ ես հեռուստացույցով նայում էի, ասացին, որ Պուտինը գտնվում է Բուրյաթիայում: Էս ժողովրդին ուզում է հերթական անգամ խաբել, այսինքն` «ժողովուրդ ջան, ես կառավարության կազմն ամսի 12-ին կհրապարակեի, բայց չհրապարակեցի, որովհետև էն այլանդակ Պուտինն ինձ չընդունեց, Բուրյաթիայում էր»:

– Այսինքն` հնարավոր եք համարում, որ վաղը Րաֆֆի Հովհաննիսյանը հետ չվերադառնա՞ Մոսկվայից:

– Իհարկե, գա ի՞նչ ասի, խայտառակ է եղել, նապաստակի պես փախել է` իր արյունլվա ընկերոջը թողնելով: Կինն էլ այնտեղ էր… Ճիշտն ասած` ես ևս մի կարևոր բան հայտնաբերեցի, ես շատ ու շատ եմ հավանում իր կնոջը` տիկին Արմինեին, ով, հակառակ իր ամուսնուն, իրեն տղամարդու պես պահեց, ո՛չ ուշաթափվեց, ո՛չ սիրտը վատացավ, ո՛չ ընկավ, ո՛չ էլ գնաց, սկսեց Վլադիմիր Գասպարյանի հիպնոսի տակ կիսատ-պռատ աղոթք կարդալ:

Տեսանյութեր

Լրահոս