Բաժիններ՝

Վազգեն Խաչիկյանից տուժածները՝ դատարանում

Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի և մյուսների գործով այսօրվա դատական նիստում սկսվեց վկաների հարցաքննության փուլը:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, այսօր հարցաքննվեցին գործով առաջին 10 վկաները՝ հիմնականում արտասահմանում գտնված և թոշակ չստացած թոշակառուների մերձավոր և հեռավոր հարազատներ: Վկաների ընդհանուր թիվը շուրջ 2 հարյուրյակ է:

Վկա Թորգոմ Խաչատրյանը հայտնեց, որ իր հայրը 1998թ. ԱՄՆ մեկնելուց առաջ ոչ մեկի չի լիազորել ստանալ իր թոշակը: Վկան հայտարարեց, որ ճանաչում է Վազգեն Խաչիկյանին՝ նրան տեսել է 2012 թ. նոյեմբեր- դեկտեմբերին դատարանում, սակայն չկարողացավ հանրամատչելի ներկայացնել և շատերը՝ ներառյալ Վ.Խաչիկյանի պաշտպան Ժորա Վարոսյանը չընկալեցին, թե դա ինչ դատավարություն էր: «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան պաշտպանը նկատեց, որ այդ ժամանակ իր պաշտպանյալն արդեն կալանավորված էր:

Արտասահմանում գտնվող թոշակառու Սիրանուշ Մաթևոսյանի որդու ընկեր, վկա Վրեժ Ֆիթիլջյանը և մի շարք այլ վկաներ նույնպես փաստեցին, որ իրենք ոչ ոքի չեն լիազորել ու իրենց չեն ուղարկվել չստացած թոշակի գումարները:

Կարդացեք նաև

Վկա Նազիկ Շահինյանը հայտնեց, որ 1999թ. վերջին իր մոր ԱՄՆ մեկնելուց հետո իրենք երկու ամիս են ստացել նրա թոշակը, քննիչներն իրեն ասել են, որ գումարները ստացել են ուրիշները:

Դատարանի այն հարցին, թե «ովքե՞ր են Ձեր ծնողները» վկա Գևորգ Կարապետյանը շատ խորիմաստ պատասխան տվեց՝ «հայրս ու մայրս»: Նրանք 1997թ.-ից ԱՄՆ են մեկնել, 5 տարի առաջ եկել են, դիմել են, ստացել են թոշակը, «որքան հասնում էր»: Հնարավոր է, որ «5 տարի առաջը» 2006թ. եղած լիներ դատարանի հարցին ի պատասխան վկան բացառեց, սակայն պաշտպանական կողմի նույն հարցին ի պատասխան նշեց՝ հնարավոր է:

Վկա Նարինե Մելքոնյանը հայտնեց, որ իր մայրը ոչ Հայաստանում, ոչ արտերկրում գտնված ժամանակ 10 տարի թոշակ չի ստացել, իսկ հոր մահից հետո մինչև 2007թ. 3 տարվա ընթացքում նրա թոշակը ուրիշներն են ստացել, քննիչների տեղեկացմամբ, այդ գումարը կազմել է 800 հազար դրամ:

Վկան ինքն իր հերթին հարց ուղղեց դատարանին՝ լիազորագրով թոշակ ստանալու կարգի մասին և քանի որ, նախագահող դատավորի բնորոշմամբ, դատարանը իրավաբանական խորհրդատվական մարմին չէ, այդ գործի մասնագետները՝ ամբաստանյալները, պատրաստակամորեն պարզաբանումներ տվեցին ոլորտի գործող օրենսդրության վերաբերյալ:

Արտասահմանում գտնված և Հայաստան վերադարձած թոշակառու Սենիկ Հովհաննիսյանը հայտնեց, որ 2007թ. ստացել է իր 3 տարվա թոշակը՝ 500 հազար դրամից ավելի, իսկ նախորդ 3 տարվա թոշակը չեն տվել՝ ասելով՝ «գնացել է պետական բյուջե»:

Ապրիլի 18-ին նիստին ներկայանալու ծանուցում է ուղարկվել հաջորդ 30 վկաներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս