Հայաստանը՝ լավերի՞ն

Տագնապահարույց արտագաղթի պատճառները վերլուծելիս` առաջին տեղում, առանց վարանելու, կարելի է նշել իշխանությունների մեղավորությունը: Երկրորդ տեղը, կարծում եմ, պատկանում է ավանդական` «որտեղ հաց, այնտեղ կացին»: Երրորդում ցանկանում եմ դնել մեր հրեշավոր անհանդուրժողականությունը, որին էլ փորձեմ կարճ անդրադառնալ:

Ուշադրություն դարձրեք, թե օրվա մեջ քանի անգամ ենք ասում` այսինչներին պետք է վտարել երկրից, նրանք պիտի մեր հացը չուտեն, մեր օդը չշնչեն: Ի դեպ, նման տեսակետ հայտնողները թե՛ իշխանության ներկայացուցիչներ են, թե՛ ընդդիմության` անկախ տարիքից, գրագիտությունից ու սոցիալական վիճակից: Ամեն օր հազարավորներին «աքսորում» են մեր երկրից, զուգահեռաբար չզլանալով ախուվիշ անել, թե երկիրը դատարկվում է: Մեր այլատյացությունը կարելի է բանաձևել հետևյալ կարգախոսով. «Հայաստանը` լավերին»:

Ու ամեն մեկս կարծում ենք, թե այդ լավը մենք ենք ու մեր մերձավոր շրջապատը, իսկ վատերն ու երկրի օդն ապականողներն` ուրիշները: Հատկանշական է, որ մեր անհանդուրժողականությունը ոչ դասակարգային է, ոչ էլ անգամ գաղափարական, առհասարակ կանոնակարգված չէ:

Թյուր պատկերացում կա, որ ատում ենք այլակարծությունը, բայց դա էլ այդպես չէ: Ինչ կարծիք էլ դիմացինն արտահայտի` ուզում ենք պարտադիր ընդդիմանալ: Պետք լինի` մեր նախնական կարծիքից կհրաժարվենք, միայն թե տարբերվի դիմացինի կարծիքից, որպեսզի նրան չհանդուրժելու առիթ ունենանք: Գուցե սա պարզ մարդատյացությո՞ւն է, մեր տիրույթում չենք հանդուրժում ուրիշի ֆիզիկական գոյությունն, ու վերջ:
Չէ՞ որ նույն անհանդուրժողականությանը հանդիպում ենք նաև օտարների նկատմամբ:

Տեսեք, թե ինչպե՞ս ենք ալեկոծվում, երբ մեր կարծիքով` զբոսաշրջիկն իրեն անթույլատրելիորեն ազատ է պահում, դրանով իսկ մեր արժանապատվությունը վիրավորում:

Դատափետում ենք այդ «լկտիներին» հրապարակայնորեն, ԶԼՄ-ներով ու համացանցում, հետո էլ ափսոսանքով փաստում, թե այս տարի` նախորդի համեմատ, ավելի քիչ մարդ եկավ տվյալ երկրից: Մինչդեռ զբոսաշրջիկը հարստացնում է մեր պետական գանձարանն ընդհանրապես, զբոսաշրջային ու սպասարկման ոլորտները` մասնավորապես: Պատմամշակութային արժեքները կարողանում ենք պահպանել ու վերականգնել նաև շնորհիվ օտարների` մեր երկրում թողած գումարների: Ուստի, պետական մտածողություն ունեցող յուրաքանչյուր ոք պետք է գրկաբաց ընդունի զբոսաշրջիկին, եթե անգամ ինքն անձամբ այդ ոլորտի հետ առնչություն չունի: Ինչ խոսք, եթե օտարներն օրենք են խախտում` պետք է պատժվեն:

Դա այլ հարց է: Ես մարդկային պարզ փոխհարաբերությունների մասին եմ խոսում, երբ պատրաստ ենք մեր տուն եկածներին «գլխներիս վրա տեղավորել», իսկ մեր երկիր, ասել է թե` մեծ տուն եկածների համար օդն անգամ շատ համարել:

Շատ երկրներ ամեն տարի իրենց բնակչության թիվը զգալիորեն գերազանցող զբոսաշրջիկներ են ընդունում, իսկ մենք հազիվ մի քանի հարյուր հազար զբոսաշրջիկ ենք ունենում, այն էլ` ներկայացված պաշտոնական թվերն էլ արդարացիորեն կասկածի տակ դնում, քանի որ արտագնա աշխատանքից իրենց տուն վերադարձած մեր հայրենակիցներն էլ են որոշ դեպքերում զբոսաշրջիկ համարվում` ստույգ հաշվառման ու եկողի կարգավիճակի ճիշտ բնութագրման անհնարինության պատճառով:

Առանձնահատուկ անհանդուրժող ենք նաև հարուստների նկատմամբ: Մինչդեռ կապիտալի նախասկզբնական կուտակման մեկնարկային փուլն արդեն ավարտվել է, և առաջին կասկածելի միլիոնի թեման` տարիներ առաջ փակվել: Հիմա սեփականատերերի դասն իրողություն է, ու եթե մենք անգամ նրանցից խլենք ժամանակին ապօրինի ձեռք բերվածը, իրենց ունեցվածքի մի չնչին մասը կկազմի:

Հիմա հաշվարկներն արդեն միլիոններով չեն արվում, այլ` միլիարդներով: Բայց անհանդուրժողականությամբ պայմանավորված մեր անխոհեմ քայլերով ստիպում ենք, որ հայկական կապիտալն ավելի մեծ չափերով դուրս հոսի: Չենք կարողանում գիտակցել, որ, եթե հարուստ մարդն աշխատատեղ չստեղծի, անգամ ոչինչ չանի, միայն ապրի Հայաստանում, դրանով արդեն մեզ օգուտ է բերում, քանի որ ամեն ինչի խոշոր սպառող է հանդիսանում, ինչից էլ առաջանում են մեր ձեռներեցների եկամուտներն ու պետության հարկերը: Ինչ խոսք, եթե հարուստներն իրենց արտոնյալ դաս համարելով` օրենք են խախտում, պետք է անհանդուրժող գտնվենք այդ հարցում ու պահանջենք օրենքի առաջ բոլորի հավասարություն:

Սա միանգամայն այլ հարց է, և պետությանն իրեն տեր համարող ու ակտիվ քաղաքացիական դիրքորոշում ունեցող յուրաքանչյուր անձի համար սա պարտադիր կեցվածք պետք է լինի: Բայց չասենք` թող գնան իրենց փողերն ուրիշ տեղ ծախսեն, շքեղ տներն ուրիշ տեղ կառուցեն, թանկարժեք մեքենաներն ուրիշ տեղ քշեն, որպեսզի մեր աչքը չտեսնի, ու չնյարդայնանանք: Մինչդեռ աշխարհի շատ քաղաքներ հարուստ մարդկանց համար «էստի համեցեքի» հատուկ ծրագրեր են մշակում: Էլ չեմ խոսում, որ մեգապոլիսի կենտրոններում «դաունթաուններ» են ստեղծում` աշխարհով մեկ սփռված ու բախտները խելքներից առաջ ընկած «դաունների» համար, որպեսզի գան միլիոնավոր դոլարներով շքեղ բնակարաններ ու օֆիսային տարածքներ գնեն, բարձր հարկեր վճարեն, թանկարժեք բրենդային խանութներից օգտվեն, միայն թե կարողանան գլուխ գովել, որ իրենց պատուհանից Եղիսաբեթի աշտարակն է երևում, կամ` Էյֆելյանը:

Մի խոսքով, ժողովրդավարության, քաղաքակրթության ու նորաձևության բնօրրանների անվան տակ աշխարհի «փախած փողերի» մագնիս են դարձել: Սիրահոժար իրենց քաղաքի կենտրոնները թողել են օտարներին, որոնց գումարների հաշվին էլ կարողանում են տեղական բնակչության համար քաղաքի «ննջարանային» թաղամասերում նորմալ պայմաններ ապահովել:

Կարծում եմ, վաղուց ժամանակն է` մեր երկրի նոր իրողություններին համահունչ մտածելակերպ ու ապրելակերպ ձևավորելու:

ԷԴՎԱՐԴ ԱՆՏԻՆՅԱՆ
«168 ԺԱՄ»

Տեսանյութեր

Լրահոս