Սիրուհուն խեղդամահ անելուց հետո փորձել է ինքնասպան լինել
Երեկ՝ ապրիլի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում ոստիկանության Արարատի մարզային վարչության հերթապահ ծառայություն ահազանգ էր ստացվել, որ Ուրցաձոր գյուղի դաշտում մահացած կին կա: Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված գյուղ են մեկնել ոստիակնության Արարատի մարզային վարչության օպերատիվ խումբը, ոստիկանության Արարատի բաժնի և Վեդիի բաժանմունքի օպերատիվ խմբերը, ինչպես նաև ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի մարզի քննչական բաժնի քննիչները, փորձագետն ու դատական բժիշկը:
Օպերատիվ-քննչական խումբը հայտնաբերել է Վեդի քաղաքի Կոմիտասի 1-ին նրբանցքի բնակիչ, 28-ամյա Աննա Ավետիսյանի դին: Տեղում դատաբժիշկը պարզել է, որ նա մահացել է խեղդամահ լինելու հետևանքով:
Պարզվել է, որ նրա և Արարատի մարզի Վանաշեն գյուղի բնակիչ, 42-ամյա Հակոբ Նահապետյանի միջև տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ Հ. Նահապետյանը, Ա. Ավետիսյանին ձեռքերով պարանոցը սեղմելով, խեղդամահ է արել:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ Նահապետյանը, տեսնելով, որ Ա. Ավետիսյանը մահացել է, իր մոտ եղած խոհանոցային դանակով փորձել է ինքնասպան լինել՝ հարվածելով իր կրծքավանդակի ձախ շրջանին:
Ոստիկանները կարողացել են ժամանակին հասնել դեպքի վայր, ինչից հետո վիրավոր Հ. Նահապետյանին տեղափոխել են Վեդիի հիվանդնոց:
Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօրի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով: