«Էրգենեքոնի» գործով անցնող պաշտոնաթող գեներալը մեղադրվել է Թուրգութ Օզալի դեմ մահափորձ կազմակերպելու մեջ
CNN Türk-ի փոխանցմամբ՝ հանրապետական դատախազ Քեմալ Չեթինը բրիգադի պաշտոնաթող գեներալ Լևենթ Էրսյոզին մեղադրել է Թուրքիայի 8-րդ (1989-1993) նախագահ Թուրգութ Օզալի նկատմամբ մահափորձ կազմակերպելու մեջ: Չեթինը Էրսյոզին մեղադրել է երկրի քրեական օրենսգրի 156-րդ հոդվածը («Նախագահի նկատմամբ մահափորձի կազմակերպում») խախտելու մեջ:
Դատախազի տվյալ մեղադրականը բաղկացած է մոտ 50 էջից, այն ուղարկվել է Անկարայի՝ ծանր հանցագործությունները քննող 13-րդ դատարան: Դրա ընդունման դեպքում պաշտոնաթող գեներալի նկատմամբ քրեական գործ կհարուցվի՝ 156-րդ հոդվածը խախտելու մեղադրանքով: Դա անելու համար դատարանն ունի 15 օր:
Լևենթ Էրսյոզը 2009 թվականի հունվարի 15-ից կալանավորված է՝ հանդիսանալով «Էրգենեքոն» ահաբեկչական կազմակերպության գործով ամբաստանյալներից: Նա հանդիսացել է Ժանդարմերիայի սկանդալային JITEM ստորաբաժանման հրամանատար:
Հիշեցնենք, որ Թուրգութ Օզալը մահացել է 1993 թվականի ապրիլի 17-ին՝ պաշտոնական վարկածով սրտի կաթվածից: Սակայն ցայժմ շատերը համոզված են, որ Օզալին թունավորել են: Այդ նպատակով անգամ ոչ վաղ անցյալում արտաշիրմմվեց նրա աճյունը, սակայն դատաբժշկական փորձաքննությունը հակասական եզրակացություն կազմեց՝ հայտարարելով, որ թեև Օզալի օրգանիզմում հայտնաբերվել է թույն, սակայն դա չէր կարող հանդիսանալ նրա մահվան պատճառ: