Բաժիններ՝

Խաբված քաղաքացիներին բնակարան կհատկացվի

Արամի 72-76 հասցեներում գտնվող շենքը կօտարվի «Դե ընդ Էյջ գրուպ» ՍՊԸ-ին և ծրագրի շահառուներին տարածքներ կտրամադրվի Ծիծեռնակաբերդի խճուղու 1/2 հասցեում գտնվող անավարտ շենքից, որը նույնպես պատկանում է վերը նշված ընկերությանը, ինչպես նաև Արամի 72-76 հասցեներում կառուցված շենքից։ Այսօր նման որոշում է կայացրել կառավարությունը՝ հաշվի առնելով Երևանի Արամի 72-80 հասցեներում ձախողված կառուցապատման ծրագրից տուժած անձանց գույքի կորստի վերականգնման նպատակով ՀՀ վարչապետի 2012 թ.-ի մարտի 2-ի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի առաջարկությունները։

Նշենք, որ բնակարանային այս խարդախությունների կապակցությամբ նաեւ հարուցվել է քրեական գործ, որը ներկայումս գտնվում է դատարանում։

Վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ շահառուների մեծամասնությունը համաձայն է այս որոշման հետ, սակայն կլինեն մարդիկ, ովքեր համաձայն չեն լինի։ Եվ քանի որ նման անբարեխիղճ կառուցապատողներ դարձյալ կարող են լինել, վարչապետն առաջարկել է, որպեսզի իր ստեղծած միջգերատեսչական հանձնաժողովը շարունակի աշխատանքը` հնարավոր մյուս դեպքերին ևս լուծում տալու համար։

Ըստ ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության, վարչապետն ընդգծել է, որ բացահայտված այս դեպքերը, երբ մեկն սկսում է բնակչությունից փող հավաքել ինչ-ինչ խոստումներ տալով, ոչնչով չեն տարբերվում բանկային գործառույթներից, վերջիններս, սակայն, հսկվում են։ Վարչապետն առաջարկել է համանման հսկողական մեխանիզմ կիրառել նաև այն մարդկանց նկատմամբ, ովքեր հրապարակային օֆերտայով մարդկանցից փող են հավաքում։ Նշվել է նաև, որ, բացի այդ, քաղաքացիներին պետք է կոչ անել, որպեսզի խուսափեն նման գործարքներից և խաբեբաների ձեռքն ընկնելուց։

Կառավարությունն իր նախկին որոշումներից մեկում կատարել է փոփոխություն և լրացում, որոնց վերաբերյալ համաձայնություն է ձեռք բերվել ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչության իրավաբանական ծառայության և «Դվին» հյուրանոցային համալիր» ՓԲԸ գնորդի միջև կայացած բանակցության ընթացքում։ Նոր պայմանագրում փոխվել է ինչպես պարտավորության կատարման ժամկետը, այնպես էլ պարտավորության չկատարման դեպքում սահմանվել են տույժ-տուգանքներ։

Կառավարության որոշմամբ Երևան քաղաքում կառուցապատման ծրագրերի իրականացման համար 2004 և 2005 թ.թ. կնքված պայմանագրերի հիման վրա առանձին կառուցապատողների շենքերի կառուցման համար վերգետնյա վճարի գծով ՀՀ անունից ֆինանսների նախարարության կողմից արտաբյուջետային բանկային հաշվին հավաքվող գումարների հաշվին 2013 թ.-ին «Երևան» հիմնադրամին վճարվել է 13,5 մլն դրամ, որը հատկացվելու է իրացման ծրագրերից տուժած առանձին իրավատերերի 2013 թ. ընթացքում սոցիալական օգնություն տրամադրելու համար։

Փաստինֆո

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս