«Րաֆֆի Հովհաննիսյանի քայլերը համարժել չեն այն իրավիճակին, որում նա հայտնվել է»

Ասում է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը

 

 

– Պարոն Բոզոյան, ինչո՞վ առանձնացան այս նախագահական ընտրությունները և դրանց հաջորդած գործընթացները նախորդ նախագահական ընտրություններից: «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի գործելակերպը որքանո՞վ է արդարացված:
– Նախ` սկսենք նրանից, որ հայաստանյան ընտրությունները բոլորն իրար շատ նման են, որովհետև բոլոր ընտրություններում էլ աշխատել է պետական ընտրակեղծիքի մեքենան: Ցավոք սրտի, Հայաստանը չի կարողանում շրջանցել այդ արատը և չի կարողանում արևելաեվրոպական, Բալթյան երկրների և նույնիսկ Վրաստանի պես նորմալ ընտրություններ անցկացնել: Բնականաբար, վերջին ընտրություններն ունեին իրենց նրբերանգները և որոշ չափով տարբերվում էին նաև նախորդ ընտրություններից: Ինչո՞վ էին տարբերվում, սկսենք նրանից, որ, ինչպես գիտեք, երեք ազդեցիկ քաղաքական ուժեր` ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը և Դաշնակցությունը, հրաժարվեցին մասնակցել նախագահական ընտրություններին, և այդ իմաստով` շատերը, այդ թվում` ես, համարում էին, որ այս ընտրությունները չեն կարող մրցակցային լինել, որովհետև համեմատելով պետական ապարատի և «Ժառանգության» թիմի հնարավորությունները` հասկանալի էր դառնում, որ «Ժառանգությունն», ըստ էության, չէր կարող դիմադրել հսկայական պետական մեքենային գոնե այն պատճառով, որ «Ժառանգությունը» չուներ այնքան մարդկային ռեսուրս, որ կարողանար պաշտպանել իր ձայները: Սակայն շատերի, այդ թվում` նաև ինձ համար անսպասելիորեն «Ժառանգության» առաջնորդը շատ ավելի ձայն հավաքեց, քան նրանից սպասում էին, և դա պայմանավորված էր այն հանգամանքով, որ փաստացի հիմնական քաղաքական ուժերը, չմասնակցելով ընտրություններին, անուղղակիորեն դաշտ ստեղծեցին, որպեսզի իրենց ձայները հավաքի Րաֆֆի Հովհաննիսյանը: Նրանք այդպիսի բան չէին ուզում, բայց այդպես ստացվեց: Արդյունքում` ստացվեց այնպիսի մի իրավիճակ, երբ այդ ձայների քանակն անցավ, այսպես ասած, կրիտիկական կետը և դարձավ լրջագույն վտանգ իշխանությունների համար: Այսինքն` այդչափ ձայների քանակը թույլ կտար ցանկացած քաղաքական գործչի, այդ թվում` Րաֆֆի Հովհաննիսյանին, գործընթացը տանել հետընտրական զարգացումների` այն, ինչ նա այսօր անում է: Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչպե՞ս է անում, որքանո՞վ են ճիշտ նրա քայլերը, կարող եմ տալ իմ սուբյեկտիվ գնահատականը. ըստ էության` իր քայլերը համարժեք չեն այն իրավիճակին, որում նա հայտնվել է: Այսինքն` այն քայլերը, որը նա անում էր, դրանցով հնարավոր չէր ձևավորել, այսպես ասած, կրիտիկական զանգված, որի միջոցով նա կկարողանար ճնշումներ գործադրել գործող իշխանությունների վրա: Գործող նախագահը բացահայտորեն ասաց, որ` «եթե ուզում ես ինձ վրա ճնշում գործադրել, 3000 հոգին Ազատության հրապարակում բավարար չէ, այսինքն` Րաֆֆի Հովհաննիսյանը պետք է ստեղծեր իր, այսպես ասած, քաղաքական մեքենան, որը կկարողանար սպասարկել հետընտրական գործընթացները, կկարողանար մարզերում կապիտալիզացնել իր ձայները, ձևավորեր ճիշտ օրակարգ, ներկայացներ հստակ քայլերի առաջնություն, թե ինքն ի՞նչ է ուզում, որը պարզ և հասկանալի կլիներ նաև հանրության համար, և փորձեր այդ ճանապարհով գնալ: Մինչդեռ ինքը չգնաց այդ ճանապարհով, անցկացրեց մարզային հանդիպումներ, բայց Երևանում լուրջ հավաքներ չէր անցկացնում, ինչն, ըստ էության, թուլացնում էր իրեն: Եվ մենք սա տեսանք գործող նախագահի հետ իր բանակցություններում, այն, որ իր դիրքորոշումներն այդ իմաստով բավական թույլ են: Բացի այդ, իր քայլերն անհասկանալի մնացին հանրության մեծ մասի համար, որի պատճառով էլ հանրությունը փոքր-ինչ անորոշ դիրքորոշում որդեգրեց: Իհարկե, բոլորը հասկանում են, թե ի՞նչ է կատարվել, սակայն, մեծ հաշվով, մարդիկ լավ չեն պատկերացնում, թե ո՞րն է լինելու Րաֆֆիի հաջորդ քայլը, որպեսզի կարողանան նրան աջակցել:

 
– Դուք նկատի ունեք Րաֆֆի Հովհաննիսյանի հացադո՞ւլը:
– Ոչ միայն հացադուլը: Հացադուլը նրա քայլերից մեկն էր: Պարզ էր, չէ՞, որ ընտրությունների ժամանակ պետք է կարողանայիր հավաքել ապացույցների իրավական լուրջ բազա, որպեսզի հետագայում բողոքարկեիր Սահմանադրական դատարանում, մինչդեռ, մի կողմ թողնենք, թե որքան ապացույցներ էին հավաքված, բայց, մյուս կողմից, իրենք մտածում էին` դիմե՞լ, թե՞ չդիմել Սահմանադրական դատարան: Չդիմելով Սահմանադրական դատարան` նրանք ընդհանրապես կկանգնեցնեին քաղաքական պրոցեսները, և դիմեցին բավական ուշ, երբ արդեն աշխարհի գրեթե բոլոր երկրները ճանաչել էին Սերժ Սարգսյանի լեգիտիմությունը: Փաստորեն, ստացվեց այնպես, որ այն քաղաքական քայլերը, որոնք պետք է աներ Րաֆֆի Հովհաննիսյանի թիմը, ֆորմալ առումով կատարվեցին, բայց հիմնական շեշտադրումը կատարեցին այնպիսի զգացմունքային էլեմենտների վրա, որոնք քաղաքական տեսակետից որևէ բան չեն տալիս Րաֆֆի Հովհաննիսյանին:

 
– Նախորդ նախագահական ընտրություններին ընդդիմության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցներից մի քանիսը պնդում են, որ Րաֆֆի Հովհաննիսյանը չկարողացավ «թեժ պահել» Ազատության հրապարակը, կամ «ճնշման դոզան» շատ փոքր է: Ի՞նչ կարծիք ունեք այս մասին:
– Նշեմ մեկ ցուցանիշ, որպեսզի բոլորի համար պարզ լինի: Ընդհանրապես, Հայաստանում Ազատության հրապարակն այն յուրօրինակ հասարակական ճնշման բորսան է, որտեղ պարզ է դառնում, թե ի՞նչ արժեք ունի այս կամ այն քաղաքական գործիչը կամ քաղաքական ուժը: Եվ այս իմաստով` բոլոր հետընտրական գործընթացները հիմնականում կատարվում էին կա՛մ Ազատության հրապարակում, կա՛մ Մատենադարանի հրապարակում: Դե ֆակտո, Րաֆֆի Հովհաննիսյանը չհասկացավ, որ Ազատության հրապարակը լիքը լցնելը և հանրությանը համախմբելու համար կոնկրետ, առարկայական օրակարգ ձևավորելը այն միակ ճնշման միջոցն է, որով նա կկարողանա զիջումներ կորզել գործող իշխանություններից: Նա չգնաց այդ քայլին: Բերեմ մի վառ օրինակ. 2008թ. և նաև նախորդ նախագահական ընտրությունների ժամանակ իշխանությունը, զգալով այդ վտանգը, միշտ ջրցան մեքենաներ էր պահում (ԱԺ շենքի մոտ և Ազատության հրապարակի շրջակայքում մեքենաներ էին կանգնած, և ոստիկանական հսկայական բանակ կար, որը պատրաստ էր ամեն վայրկյան ճնշել հասարակական հուզումները): Վերջին ընտրություններից հետո որևէ ջրցան մեքենա մենք չենք տեսել, որովհետև չի եղել դրա անհրաժեշտությունը, իշխանությունը երբևիցե մտահոգված չի եղել, քանի որ ընդդիմության մարտավարությունը չի համապատասխանել իրականությանը, այսինքն` ընդդիմությունը չի գնացել ճնշման ճանապարհով: Երբ Րաֆֆի Հովհաննիսյանը պահանջներ է ներկայացնում Սերժ Սարգսյանին, նա պետք է գիտակցի, որ այդ պահանջները ստանալու համար պետք է ճնշում գործադրի, նրա ետևում պետք է կանգնած լինի հոծ զանգված: Օրինակ` 2008թ. ընդդիմության թեկնածուն` Լևոն Տեր-Պետրոսյանը, կարողանում էր համախմբել մարդկանց Ազատության հրապարակում, մինչդեռ ներկայիս թեկնածուն չգնաց այդ ճանապարհով, և ինձ զարմացնում է` եթե նա չի կարողանում այդպիսի զանգված հավաքել, ապա ինչո՞ւ պետք է գործող նախագահը զիջումների գնա: Միգուցե սա ընդունելի չէ, բայց քաղաքագիտական տեսանկյունից` սրանք հասկանալի հարցադրումներ են: Եվ այս իմաստով` Րաֆֆի Հովհաննիսյանը պետք է որ հաշվի առներ այդ հանգամանքը:

 
– Նախորդ նախագահական ընտրություններին մենք տեսանք այդ հոծ բազմությունը, բայց դա, ըստ էության, նույնպես չբերեց իշխանափոխության, այլ հանգեցրեց բախման:
– Այսպես ձևակերպեմ. մեծ զանգվածների հավաքն անհրաժեշտ, սակայն ոչ բավարար պայման է իշխանափոխության իրականացման համար: Այսինքն` զանգվածներ հավաքվեցին Վրաստանում, և իշխանափոխությունը կայացավ, զանգվածներ հավաքվեցին Ուկրաինայում, և իշխանափոխությունը կայացավ: Մի օր էլ Հայաստանում է այդպիսի զանգված հավաքվելու, և իշխանափոխություն է լինելու, բայց առանց այդպիսի զանգվածի հավաքման` երբևիցե իշխանափոխություն չի լինի, եթե չհաշվենք պետական հեղաշրջումները:

 
– Սակայն կա մեկ այլ օրինակ, երբ Եգիպտոսում` Թահրիրի հրապարակում, նույնպես հավաքվեցին մարդկանց մեծ զանգվածներ, և, ի վերջո, տապալվեց Հոսնի Մուբարաքի իշխանությունը, սակայն այնտեղ հնարավոր չեղավ խուսափել արյունահեղությունից, այդ դեպքում ո՞րն է այլընտրանքային ճանապարհը:
– Ընդհանրապես ամբողջ աշխարհում անցումային փուլում գտնվող երկրներում իշխանափոխությունը բավական դժվար և երկար գործընթաց է: Միայն քվեաթերթիկը քվեատուփի մեջ գցելով` հնարավոր չէ իշխանափոխություն իրականացնել, որովհետև իշխանությունը սերտաճած է տնտեսական համակարգի հետ, ինքն իրենից ներկայացնում է մեկ միասնական համակարգ, և իշխանությունն ինքը ոչ միայն իշխանություն է, այլ նաև կապիտալ է կուտակում հանրային հարստության հաշվին: Կարող ենք բերել նույն Հարավային Կորեայի կամ Չիլիի օրինակները, երբ իշխանափոխությունն առանց մեծ ցնցումների տեղի չի ունենում, կարող են նաև զոհեր լինել: Ես, իհարկե, դեմ եմ դրան, բայց, ցավոք սրտի, իշխանափոխությունները երբեք չեն լինում հանգիստ պայմաններում, երբ գործող նախագահն ասի` «ես շատ վատ բան եմ արել, եկեք իմ տեղը նստեք, հիմա դուք իմ տեղը ղեկավարեք»: Նման բան երբեք չի լինում:

 
– Այսինքն` բռնապետությունները երբեք ընտրություններով չե՞ն տապալվում:
– Չէ, ընտրությունները` որպես միջոց, օգտագործվում են տապալման համար, բայց բուն ընտրությունների միջոցով չի տապալվում: Ընտրությունն իշխանափոխության կարևոր հանգրվան է: Օրինակ` ֆրանսիական հեղափոխությունը տեղի ունեցավ Ֆրասիայի խորհրդարանական ընտրությունների ժամանակ, երկու ռուսական հեղափոխությունները` 1905 և 1917 թվականներին, եղան ընտրությունների ժամանակ, 88 թվականի շարժումն իշխանություն ստացավ 1990թ.. խորհրդարանական ընտրությունների արդյունքում: Այսինքն` ընտրությունն այն ժամանակն է, երբ հասարակական շարժումները, ընտրությունն օգտագործելով` որպես միջոցառում, ճնշումների և ոչ ստանդարտ գործողությունների միջոցով` մեծ զանգվածներ հավաքելով, կարողանում են իրականացնել իշխանափոխություն: Հանգիստ պայմաններում սովորաբար իշխանափոխություն չի լինում, եթե դա ռազմական կամ պետական հեղաշրջում չէ:

 
– Իսկ Ձեր կարծիքով` գործող իշխանություններն ի վիճակի՞ են կամ ընդհանրապես մտադրություն ունե՞ն գնալ այն զիջումներին, որն առաջարկեց Րաֆֆի Հովհաննիսյանը` իր նամակ-առաջարկում:
– Իշխանությունը ցույց է տվել, որ ինքը պատրաստ չէ որևէ զիջումների գնալ, իշխանությունն, ըստ էության, որևէ հարցում որևէ քաղաքական ուժի հետ չի գնում զիջումների: Նույնիսկ Դաշնակցությունը չկարողացավ մնալ իշխանական կոալիցիայի մեջ և դուրս եկավ, «Բարգավաճ Հայաստանը»` նույնպես: Այսինքն` կոալիցիան` բովանդակային իմաստով, երբ իշխանությունները կիսում են իշխանությունն այլ քաղաքական ուժի հետ, պրակտիկան ցույց տվեց, որ ներկայիս իշխանությունները պատրաստ չեն նման կերպ կիսել իշխանությունն այլ քաղաքական ուժի հետ: Մնացել է միայն «Օրինաց Երկիրը» (ՕԵԿ), որը կոալիցիայի մաս է, սակայն ես խիստ կասկածում եմ, որ այն նախարարները, ովքեր ֆորմալ առումով ներկայացնում են ՕԵԿ-ը, հենց ՕԵԿ-ի ներկայացուցիչներ են: Միայն նշեմ, որ իշխանությունը, փաստորեն, պատրաստ է կոալիցիայի գնալ մարդ-գործիչների հետ, ինչպիսին է, օրինակ, Արտաշես Գեղամյանը, այլ ոչ թե ազդեցիկ քաղաքական ուժի հետ: Այդ պատճառով` այն քաղաքական ուժերը, որոնք հույս ունեն, թե երկխոսությամբ հնարավոր է գնալ փոխզիջումների և ինչ-որ գործընկերային հարաբերություններ հաստատել գործող իշխանությունների հետ, ի վերջո, դատապարտված են ձախողման:

 
– Այսինքն` այս պայմաններում սխա՞լ է երկխոսության գնալ իշխանությունների հետ:
– Ինձնից լավ կհիշեք, թե վերջին տարիների ընթացքում Հայաստանում երկխոսության քանի՞ գործընթաց է եղել, և ինչպե՞ս են դրանք ավարտվել: Կարող եք ինքներդ գնահատական տալ, թե այդ երկխոսություններն ի՞նչ հետևանքներ կարող են ունենալ: Ի վերջո, հայ-թուրքական գործընթացից հետո չստացվեց երկխոսություն Դաշնակցության հետ, 2012թ. ամբողջ քաղաքական գործընթացը կազմում էին «Բարգավաճ Հայաստանի» և իշխող Հանրապետական կուսակցության հակասական հարաբերությունները, որի արդյունքում ԲՀԿ-ն դուրս եկավ կոալիցիայից, երկխոսություն չստացվեց նաև ՀԱԿ-ի հետ: Իսկ երկխոսության վերջին փորձը Րաֆֆի Հովհաննիսյանն է իրականացնում, իսկ թե ինչպե՞ս դա կավարտվի, կարծում եմ` արդեն պարզ է:

 
– Կիսո՞ւմ եք այն տեսակետը, որ իշխանությունների հետ երկխոսության գնալը կարող է հիասթափություն առաջացնել ընդդիմադիր զանգվածի շրջանում:
– Հիասթափություն չի առաջացնի, եթե երկխոսությունը կոնկրետ ինչ-որ արդյունքի հանգի, այսինքն` եթե իշխանությունն իսկապես պատրաստ է իր իշխանությունը կիսել այլ քաղաքական ուժերի հետ, ապա դա չի բերի հիասթափության: Բայց իշխանությունը չի պատրաստվում կիսել իշխանությունը: Ձևակերպեմ այսպես` Հայաստանում դե ֆակտո կոալիցիա չկա: Օրինակ` ՕԵԿ-ը, երբ 5-6 տարի առաջ կոալիցիայի անդամ էր, նա ազդեցիկ ուժ էր, բոլորս էլ հիշում ենք, թե ի՞նչ օրենսդրական նախաձեռնություններով էր հանդես գալիս այն ժամանակվա ՕԵԿ-ը` ներկայացնելով փոքր և միջին բիզնեսի շահերը: Ո՞ւմ շահերն է այսօր ներկայացնում ՕԵԿ-ը: Ես այս օրինակը բերեցի` բացատրելու այն, որ իշխանությունը պատրաստ չէ օբյեկտիվորեն որևէ լուրջ փոխզիջման գնալ որևէ լուրջ քաղաքական ուժի հետ, և այս առումով բացառություն չի կազմում նաև Րաֆֆի Հովհաննիսյանը:

 
– Ձեզ համար արդեն ուրվագծվե՞լ է դեռևս ընթացող հետընտրական զարգացումների հնարավոր հանգուցալուծումը: Ի՞նչ է մեզ սպասվում ապրիլի 9-ին և դրանից հետո:
– Կարծում եմ` բոլորը սպասում են Րաֆֆի Հովհաննիսյանի և Սերժ Սարգսյանի հանդիպմանը: Անկեղծ ասած` ես այդ հանդիպումից որևէ լուրջ բան չեմ սպասում, որովհետև կողմերի դիրքորոշումները և պատկերացումները շատ տարբեր են: Սա շատ նման է ղարաբաղյան հիմնախնդրին. ինչպես հայկական և ադրբեջանական կողմերը շատ տարբեր պատկերացումներ ունեն հիմնահարցի կարգավորման վերաբերյալ, այնպես էլ Րաֆֆի Հովհաննիսյանի և Սերժ Սարգսյանի պատկերացումներն այս քաղաքական ճգնաժամի վերաբերյալ շատ տարբեր են, որպեսզի ընդհանուր հայտարարի գան:

Տեսանյութեր

Լրահոս