Հայաստանի հարցում Ադրբեջանից ունեցած կախվածությունը նյարդայնացնում է Թուրքիային. փորձագետ

Ռուսական Regnum լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ Գիտությունների ռուսական ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի Կովկասի ու Կենտրոնական Ասիայի հետազոտման կենտրոնի աշխատանքային խմբի կոորդինատոր Ալեքսանդր Սկակովը մեկնաբանել է թուրքական իշխանությունների կողմից «Վան-Երևան-Վան» ավիաչվերթի սառեցումը և դրան հաջորդած Ադրբեջանի ԱԳՆ-ի շնորհակալությունը.

«Հայաստանի հանդեպ Թուրքիայի քաղաքականության վրա Ադրբեջանի ազդեցությունն ուժեղ կլինի այնքան ժամանակ, քանի դեռ Բաքվում իշխանությունը կունենա ամուր հիմք: Սա արդեն առաջին դեպքը չէ, երբ Ադրբեջանին հաջողվում է քաղաքական ճնշման միջոցով Թուրքիայից հասնել ցանկալի արդյունքի:

Նույն բանը տեղի ունեցավ նաև հայ-թուրքական արձանագրությունների, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման և այլ դեպքերում: Բացի այդ, մենք այժմ խոսում ենք այսբերգի տեսանելի հատվածի մասին, շատ բան թաքնված է վարագույրից այն կողմ:

Ամեն դեպքում Թուրքիան այսօր տնտեսական առումով կախվածության մեջ է Ադրբեջանից, և չի կարող իրեն թույլ տալ կտրուկ գործողություններ՝ Բաքվի կամքին հակառակ: Ես վստահ եմ, որ եթե ինչ-որ պատճառով թուլանա Ադրբեջանի իշխանությունների դիրքերը, ապա դա կարող է արձակել Անկարայի ձեռքերը:

Այդպիսի սցենար հնարավոր է, ասենք, Իրանի շուրջ իրավիճակի բացասական զարգացման, Ղարաբաղյան հակամարտության գոտում Ադրբեջանի արկածախնդրության և այլ դեպքերում: Դա առավել հավանական է դառնում, եթե այս կամ այն հանգամանքները միավորվում են համալիր գործոններում:

Բազմամիլիոն, մեծ Թուրքիային սկզբունքորեն նյարդայնացնում է իր պայմանները թելադրող Ադրբեջանը: Սակայն եթե անգամ Ադրբեջանը Թուրքիայի համեմատ փոքր է, ապա Հայաստանն Անկարայի աչքերում երևում է էլ ավելի փոքր: Թուրքիան կարիք չունի մարտահրավեր նետելու Ադրբեջանին:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումից, Հայաստանի հետ սահմանի բացումից և հետևաբար Թուրքիայի արևելյան նահանգների զարգացումից Անկարայի ստանալիք դիվիդենդներն անհամեմատելի են Բաքվի հետ հարաբերություններից ստացված շահի հետ:

Անկարան Երևանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում որպես նախապայման է առաջ քաշել Ղարաբաղի հարցը, սակայն իրականում Թուրքիան անտարբեր է Ղարաբաղի ճակատագրի հանդեպ: Նրա համար ավելի կարևոր են Ադրբեջանի հետ հարաբերությունները և տնտեսական շահերը»:

Տեսանյութեր

Լրահոս