Բաժիններ՝

«Երիտթևերի» աստեղային ժամը. մամուլ

«Առավոտ» օրաթերթի խմբագիր Արամ Աբրահամյանը թերթի խմբագրականում գրում է. «Աշխարհում տհաճ քաղաքական երևույթներից ամենատհաճներից մեկը կուսակցությունների երիտթևերն են: Պարզ է, իհարկե, որ կուսակցությունները պետք է նախապատրաստեն իրենց հերթափոխը՝ մարդկանց, որոնք պետք է 10, 20, 30 տարի հետո դառնան պատգամավորներ, նախարարներ, մեծ ու փոքր «նաչալնիկներ»:

Բայց արդյոք դրա համար անհրաժե՞շտ է լինել այդ աստիճանի «քառակուսի» և դատարկ: Քառակուսին, հիշեցնեմ, իմ կարծիքով, նա է, ով ենթարկվելով կուսակցական կարգապահությանը՝ չի ցանկանում որևէ երևույթի մեջ տեսնել որևէ երանգ, որը կհակասի իր պատկերացրած «կուսակցական գծին»: Այդպիսի մարդիկ ընդունակ են միայն շաբլոն մտածելակերպի և բովանդակազուրկ ճռճռան տեքստերի արտաբերման: Բացի այդ, հնարավոր չէ պատկերացնել «երիտթևի» որևէ ներկայացուցչի՝ առանց թանկարժեք կոստյումի և փողկապի և առանց պսպղուն կուսակցական կրծքանշանի:

Այս պահին առավել ակտիվ են ՀՀԿ և ԲՀԿ «երիտթևերը»: Դա ունի իր բացատրությունը. առջևում են Երևանի ավագանու ընտրությունները, որտեղ չի որոշվում համապետական իշխանության հարցը և, հետևաբար, կարելի է քիչ թե շատ անկաշկանդ լինել: Բայց նույնիսկ այդ «անկաշկանդ» մթնոլորտում տվյալ կուսակցությունների «պառավթևերը» չեն կարող իրար «բզբզել» քիչ թե շատ բարձր մակարդակով՝ չափից դուրս շատ են ընդհանրությունները:

Իսկ ահա երիտասարդներին կարելի է և նույնիսկ ցանկալի է կսմիթներ փոխանակել՝ գուցե ապագա ընտրություններից առաջ իրար թեթևակի «փչացնելը» ինչ-որ դիվիդենդներ կարող է բերել: Եվ սկսվում է «ավանդական» երկխոսությունը. «որոշ քաղաքական ուժերի ուզում եմ հիշեցնել», «որոշ չկայացած գործիչների ուզում եմ խորհուրդ տալ»: Մոտակա մեկ ամիսը դա է լինելու:

Փորձեք հարցնել որևէ «երիտթևականի»՝ ինչո՞վ է տարբերվում իր կուսակցությունը մյուս կուսակցություններից: Նա կպատասխանի. «Իր գոյության ողջ ընթացքում իմ կուսակցությունն ապացուցել է, որ այն միշտ ժողովրդի կողքին էր, մշտապես ապրել է ժողովրդի ցավերով, մենք շատ չենք խոսել, մենք միշտ ժողովրդի մատից փուշ ենք հանել, ժողովրդի դարդին դարման ենք արել»: Եվ այլն:

Կազմեք կարճ նախադասություններ «ժողովուրդ» բառով, և դուք արդեն երիտասարդ, խոստումնալից քաղաքական գործիչ եք: Այդ ոչինչ չնշանակող, որևէ բովանդակություն չունեցող ֆրազները՝ գումարած այլ կուսակցությունների հասցեին թունոտ ակնարկները, փայլուն քաղաքական կարիերայի հիմքն են: Կարևորը չմտածելն է և պատրաստի ձևակերպումները վարժ առոգանությամբ կրկնելը:

Միայն մի հարց է ինձ հուզում՝ եթե 20 տարի բոլոր ընդդիմադիր և իշխանամետ կուսակցությունները ժողովրդի մատից փշեր էին հանում, ինչո՞ւ են, այնուամենայնիվ, այդքան շատ փշեր մնացել»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս