
«Լեքսուսով» հետևում էին Րաֆֆի Հովհաննիսյանին. մամուլ

«Առավոտ» օրաթերթը գրում է. «Երեկ Րաֆֆի Հովհաննիսյանըն իր թիմով եղավ Եղվարդում, Ուջանում, Թալինում, Արթիկում, Գյումրիում, Արմավիրում: Բոլոր հանդիպումներին անխտիր ներկա էին ոստիկանության աշխատակիցներ, որոնք Րաֆֆի Հովհաննիսյանից շուտ հանդիպման վայրում էին և տեսախցիկները միացրած սպասում էին նրան:
Ոստիկանների այստեսակ վերահսկողությունը նորություն չէ ընդդիմության նման հանդիպումների համար: Սակայն երեկ հանդիպումների ժամանակ նկատեցինք, որ այդ ամբողջ ընթացքում Րաֆֆի Հովհաննիսյանի մեքենային գաղտնի հետևում է Լեքսուս RX 330 մակնիշի և 55 AM 525 պետհամարանիշի մեքենան:
Մեզ հաջողվեց լուսանկարել նաև մեքենան վարողին: Ուշագրավ է, որ այդ մեքենայի վարորդը, իբր շեղելու համար մեր ուշադրությունը, խաչմերուկներում գնում էր ոչ թե մեր ուղագծով, այլ թարթիչները միացնում էր և ուղևորվում լրիվ այլ ճանապարհով, սակայն մի քանի վայրկյան անց շրջադարձ էր կատարում և նորից գաղտնի հայտնվում էր նույն ճանապարհին, որտեղ Րաֆֆի Հովհաննիսյանն էր ու նրա թիմը»: