Ալենն ու իր մայրն արդեն նոր կյանք են սկսել (լուսանկարներ)
Երկու օր առաջ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Դրոյի 62 տան բնակչուհի Նարինե Հարությունյանի տան բացման արարողությունն էր: Երկու տարեկան Ալենի պատմությունը մեզ ստիպեց բացել հարբեցողների, անբարոյականների հանգրվանն հանդիսացող դուռը և վերանայել ոչ միայն ինքներս մեզ, այլև այն իրականությունն ու արժեքները, համաձայն որոնց՝ մենք ապրում ենք: Ալենի դուռը շատերիս համար այն ինքնաճանաչողական փորձաքարն էր, որի միջոցով գուցե մեզնից ամեն մեկը գտավ իր ճշմարտությունը: Մենք ապրում ենք մի հանրույթում, որտեղ ընկածին ձեռք մեկնողները քիչ են, իսկ ընկածին հրողներ՝ որքան ուզես: Դրոյի 62 տան դռնից խորշում էին` թաղամասի բնակիչներից սկսած, մինչև անգամ համայնքային և իրավապահ մարմինները:
Դեռ մեկ ամիս առաջ 2 տարեկան Ալենն ապրում էր մի տարածության մեջ, որտեղ կատարվում էին մարդկության համար ամենաանընդունելի արարքները:
մինչև վերանորոգումը
Ալենն, ինչպես երկու տարի առաջ ծնվել էր, այնպես էլ կարող էր այսօր չլինել շատ պարզ պատճառով՝ նրա կյանքը վտանգված էր: Նախկինում հարբեցող Նարինեն այսօր ամեն ինչ անում է իր «արածները» չանելու ու չարածներն անելու համար: Նա հիմա ջանք չի խնայում լավ մայր ու լավ մարդ լինելու համար: Փոքրիկ Ալենը մորը ստիպեց գտնել կյանքի ճշմարտությունը և ալկոհոլի շշերի հետ ջարդել, դեն նետել նաև արատավոր անցյալը:
Երկու օր առաջ Նարինեն իր վերանորոգված, կահավորված նոր տուն ոտք դրեց կյանքի նկատմամբ միանգամայն նոր արժեքներով: Տան բացման արարողությանը ներկա էին այս պատմության առաջին օրվանից սկսած` մինչև հիմա այս ընտանիքի կողքին գտնվող «Փրկենք Ալենին» ֆեյսբուքյան խմբի երիտասարդները:
Հրավիրված էին նաև Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի անդամները, որոնցից մի քանիսը նույնպես այցելեցին Նարինեենց տուն և իրենց զարմանքն ու հիացմունքն արտահայտեցին: Հիշեցնենք, որ Նարինեի բնակարանը կապիտալ վերանորոգվեց, կահավորվեց անհատների նվիրատվությունների շնորհիվ: Ալենի պատմության լուսաբանումից հետո պաշտոնյաներից սկսած, մինչև շարքային քաղաքացիներ` իրենց ներդրումները կատարեցին փոքրիկ Ալենի կյանքը փոխելու համար: Այս ընթացքում շատերն անհամբեր սպասում էին աշխատանքների ավարտին, հետևաբար` մենք կփորձենք լուսանկարների միջոցով հիշեցնել այն իրականությունը, որը կար, և այն, ինչն այսօր առկա է: Չնայած այս ամենին, «168 Ժամ» թերթը շարունակելու է իր ուշադրության կենտրոնում պահել այս ընտանիքին և մշտապես հետևողականորեն անդրադառնալ նրանց հետագա ճակատագրին: Նաև նշենք, որ Ալենի մասին պատմությունը համախմբել էր մի խումբ երիտասարդների, որոնք ամեն օր, ամեն ժամ գտնվել են այս ընտանիքի կողքին՝ նույնիսկ կորցնելով աշխատանքը կամ ուսումնական հաստատություններում խնդիրներ ունենալու գնով: Հուսով ենք՝ «Փրկենք Ալենին» խմբի կամավորները օրինակ ծառայեցին հատկապես համայնքային կառույցներին, որոնք ի պաշտոնե պարտավոր էին շատ գործառույթներ կատարել, բայց բոլորիս էլ հայտնի է, թե նրանցից շատերն ինչպիսի «սրտացավությամբ» են իրացնում մարդկային ճակատագրերի հետ կապված իրենց աշխատանքը: Նաև հուսով ենք՝ Նարինեի տան բացման արարողությանը մասնակից թաղապետարանի ներկայացուցիչը համայնքի ղեկավարին կպատմի, թե ինչպես մի խումբ հոգատար մարդկանց հաջողվեց այս ընտանիքին ոտքի կանգնեցնել, ինչը, թերևս, երկու տարուց ավելի չէր հաջողվում հսկայական մի կառույցի՝ վարչական շրջանի՝ իր վարչություններով, վարչության պետերով, պետերի տեղակալներով ու տեղակալների տեսուչներով ու քարտուղարուհիներով:
Վերջում նշենք, որ Նարինեն ոչ միայն ձերբազատվել է ալկոհոլի հանդեպ իր մոլուցքից, այլև՝ անձամբ նողկանքով հրաժարվում է դրանից: Տան բացման արարողության ժամանակ նա անկեղծորեն ասաց՝ «Սկսել եմ կարդալ: Ես սիրում եմ կարդալ, բայց գիրք չեմ ունեցել: Օրեր առաջ, երբ ձեր թերթի խմբագիրը կրկին մեզ հյուր էր եկել, ինձ մի տեքստ տվեց կյանքի դժվարությունների, ճշտի ու սխալի մասին: Ես հասկացա, որ նորից ու նորից եմ ուզում կարդալ: Հիմա իմ տանն ամեն ինչ կա, ես ոչնչի կարիք չունեմ, բայց որ ճիշտն ասեմ՝ ամենաշատը գրքի կարիք ունեմ: Ինձ համար կյանքը նոր, լրիվ ուրիշ իմաստ ա ստացել: Ձեզնից ամեն մեկն ինձ մի նոր բան սովորացրեց»: