
Ադրբեջանում կրոնական գործիչը ձերբակալվել է «թմրանյութ պահելու» մեղադրանքով

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ նախօրեին ձերբակալվել է Նարդարանի բնակիչ, աստվածաբան Թալեհ Բագիրզադեն: Այս մասին հայտարարել է նրա փաստաբան Անար Գասիմլին:
Բագիրզադեն մեղադրվել է Քրեական օրենսգրքի 234-րդ հոդվածի առաջին կետով (թմրանյութերի ապօրինի պահպանում). նրա մոտ հայտնաբերվել է 1.26 գրամ հերոին: Բագիրզադեն ձերբակալվել է իր վարորդի հետ միասին:
Ադրբեջանական դատարանը վաղը կդիտարկի Բագիրզադեի նկատմամբ խափանման միջոցի ընտրման հարցը: Նրա ձերբակալումը բողոքի ալիք է բարձրացրել Նարդարանի հավատացյալների շրջանում, որոնք մտադիր են այսօր ժամը 15.00-ին անցկացնել բողոքի ակցիա:
Նշվում է, որ Բագիրզադեն նախկինում մասնակցել է հիջաբ (մահմեդական գլխաշոր) կրելու արգելքի դեմ կազմակերպված բողոքի ակցիաներին, ինչի համար էլ 1.5 տարի անցկացրել է բանտում:
Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարի վերջին Ադրբեջանը խստացրել է Կրոնական ազատության մասին օրենքը: