Սևակ Բալըքչըի սպանության դատավճիռը կարող է բողոքարկվել ՄԻԵԴ-ում
Ստամբուլի հայկական «Ակօս» թերթին տված հարցազրույցի ժամանակ 2011 թվականի ապրիլի 24-ին, Բաթմանի (Սասուն) նահանգի Քոզլուք շրջանում գտնվող Ժանդարմերիայի զորամասում սպանված Սևակ Բալըքչըի ընտանեկան փաստաբան Ջեմ Հալավուրտը հայտարարել է, որ իրենք դիմելու են եվրադատարան՝ կապված Սևակի սպանության գործով օրեր առաջ կայացված դատավճռի հետ:
Նա հավելել է, որ Սևակին սպանած Քըվանչ Աղաօղլուն «չկանխամտածված սպանության» համար դատապարտվել է 4 տարի և 5 ամիս ազատազրկման, ինչը նշանակում է, որ նա երկու տարուց էլ պակաս ժամանակահատված պետք է անցկացնի բանտում.
«Մենք այդ վճիռը բողոքարկելու ենք Վճռաբեկ դատարանում, ապա դիմելու ենք Սահմանադրական դատարան: Ներքին իրավական ուղիների սպառվելուց հետո մենք կդիմենք Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)»: