Բաժիններ՝

Թուրք դատախազը պնդել է, որ ապրիլի 24-ին հայազգի զինծառայողի սպանությունը չի եղել կանխամտածված

CNN Türk-ի փոխանցմամբ՝ Դիարբեքիրի ռազմական դատարանում տեղի է ունեցել հայազգի զինծառայող Սևան Բալըքչըի գործով դատավարության հերթական նիստը: Սևակն իր ծառայակից, ազգայնական Քըվանչ Աղաօղլուի կողմից, իբրև թե, անզգուշաբար սպանվել է 2011 թվականի ապրիլի 24-ին, Բաթմանի (Սասուն) նահանգում գտնվող Ժանդարմերիայի զորամասում:

Դատալսման ժամանակ դատախազը հայտարարել է, որ Սևակի սպանությունը «կանխամտածված չի եղել»՝ ընդգծելով, որ որևէ բան չի հայտնաբերել, որը կվկայեր, որ Սևակին կանխամտածված են սպանել:

Դատալսմանը մասնակցել է նաև տվյալ զորամասի ենթասպա Սադրեթթին Էրսոզը, ով մեղադրվում է ծառայողական անփութության մեջ: Մեղադրող կողմը պահանջում է Աղաօղլուին և Էրսոզին դատապարտել 2-6 տարի ազատազրկման: Դատական նիստը կշարունակվի այսօր:

Հիշեցնենք, որ մոտ մեկ տարի առաջ Սևակ Բալըքչըի նշանած Մելանի Քումրույանը դատական նիստերից մեկի ժամանակ հայտարարել էր. «Սևակի սպանությունից մոտ 6 ամիս առաջ՝ հոկտեմբեր և նոյեմբերի ամիսներին, Սևակը զանգահարել է ինձ և հայտնել, որ իր ծառայակիցները շարունակ ճնշումներ են գործադրում վրա: Նրա ծառայակիցներից մեկը նրան ասել է, որ եթե Հայաստանի դեմ պատերազմ սկսվի, ապա առաջինը նրան է սպանելու:

Դա վախեցրել էր Սևակին ու ինձ: Նրա մուսուլման զինծառայակիցները Սևակին շարունակ հիշեցրել են, որ նա հայ է, ինչի համար նա որակվել է թշնամի: Բոլոր ծառայակիցների համար Սևակը թշնամի էր»:

Իսկ ավելի վաղ Մելանի Քումրույանը հայտարարել էր, որ սպանությունից մեկ ամիս առաջ զորամասում Սևակին սպառնացել են այրել. «Պարեկություն կատարելիս զինծառայողներից մեկը կորցրել է 50 թուրքական լիրա (ավելի քան 30 ամերիկյան դոլար), ինչի համար հրամանատարը մեղադրել է Սևակին ու նրա ընկերոջը և երկուսին ծեծի ենթարկել: Սևակը բողոքել էր հրամանատարի դեմ, սակայն սպառնալիքների ներքո հետ է վերցրել իր բողոքը: Նրան սպառնացել էին այրել»:

Ի դեպ, Սևակի զորացրվելուն մնացել էր ընդամենը 23 օր։ Սևակի սպանությունից հետո Թուրքիայում ի հայտ եկան նոր պաստառներ ու կարգախոսներ. 1.500.000+1+1 (1915 թվականին Հայոց ցեղասպանության ժամանակ զոհված 1.5 միլիոն հայերը, 2007 թվականի հունվարի 19-ին Ստամբուլի հայկական «Ակօս» թերթի նախկին խմբագրապետ Հրանտ Դինքը և 2011-ի ապրիլի 24-ին թուրքական բանակում սպանված Սևակ Բալըքչըն):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս