Բաժիններ՝

Հայաստանում գիտնականը խրախուսանքը, մոտիվացիան ինքն իր մեջ պետք է գտնի

Լուսինե Նազարյանը սովորում է Դանիայում, Կոպենհագենի համալսարանում: Ասպիրանտական ծրագրի վրա է աշխատում և շուտով կլինի նրա պաշտպանությունը՝ Բժշկական գենետիկայի ուղղությամբ: Լուսինե Նազարյանն ավարտել է Երևանի պետական համալսարանի Կենսաբանության ֆակուլտետը՝ բակալավր, այնուհետև մագիստրատուրան, մասնագիտացել է Գենետիկայի և բջջաբանության ամբիոնում: Ավարտելով համալսարանը՝ Լուսինեն աշխատանքի է անցել Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոնում, որտեղ և աշխատել է 5 տարի՝ մասնագիտանալով՝ որպես կլինիկական բջջագենետիկ: Այդ ընթացքում համագործակցել է ներկայիս Դանիայի իր գիտական ղեկավարի հետ և հնարավորություն է ստացել արդեն Դանիայում իրականացնել իր գիտական աշխատանքը:

– Ի՞նչն էր պատճառը, որ տեղափոխվեցիք Դանիա: Հայաստանում չկայի՞ն բավարար պայմաններ՝ աշխատելու, սովորելու և առաջ գնալու համար:

– Աշխատելու պայմաններ ես ունեի, աշխատում էի իմ մասնագիտությամբ, սակայն գիտական առումով այնքան էլ բավարար չէին պայմանները, որովհետև ես միշտ ավելի խորը ուսումնասիրություններ իրականացնելու կարիք ունեի: Հենց այդ նպատակով կարողացա գտնել ներկայիս ղեկավարիս և խնդրել իրենց օգնությունը, որպեսզի ավելի խորը ուսումնասիրություններ կատարեմ: Այսինքն՝ առաջին կապը եղել է ոչ թե ասպիրանտական թեմա գտնելու հետ կապված, այլ զուտ ուսումնասիրություն կատարելու համար, իսկ քանի որ իրենց լաբորատորիաները, սարքավորումներն ու միջոցներն ավելի առաջընթաց էին, և, բնականաբար, նրանց համար այդ ամենը մատչելի էր, իրենք անգամ անվճար պատրաստ էին օգնելու: Արդեն հետագայում, երբ որոշակի կարճաժամկետ ճանապարհորդություններ կատարեցի, և եկա Դանիա՝ վերապատրաստումների, իրենք ինձ առաջարկեցին նաև երկարաժամկետ գիտական աշխատանք՝ որպես հետագա մասնագիտացում:

Ես սիրով համաձայնեցի, որովհետև իմ երազանքն էր՝ փորձել իմ ամբողջ պոտենցիալը նոր միջավայրում, նոր առաջընթաց սարքավորումներով, առաջընթաց մասնագետների հետ: Ես չեմ զղջում դրա համար, չնայած շատ դժվար էր ամեն ինչ թողնել հետևում և նոր երկրում փորձել անել այդ ամենը, սակայն դա ստացվեց, և հնարավորություն տրվեց նոր զարգացած ամեն ինչը կիրառել այս ոլորտում, որը ինձ համար միշտ երազ է թվացել:

Կարդացեք նաև

– Որքա՞ն ժամանակ է՝ այդտեղ եք:

– 4.5 տարի:

– Նշեցիք, որ միշտ երազել եք Ձեր ոլորտի նոր և առաջատար տեխնոլոգիաներով աշխատել: Եթե Հայաստանում այդ առաջատար տեխնոլոգիաները, առաջ գնալու հնարավորությունները լինեին՝ կմնայի՞ք Հայաստանում:

– Միանշանակ՝ այո, ինչո՞ւ ոչ, եթե կան այդ հնարավորությունները: Ես այստեղ մենակ եմ, իսկ իմ ընտանիքը Հայաստանում է, այդ իսկ պատճառով երեք ամիսը մեկ այցելում եմ Հայաստան, իսկ եթե Հայաստանում լինեին այդ միջոցներն ու աշխատանքային պայմանները, այդ խնդիրն այդպես գոնե կլուծվեր: Մյուս կողմից՝ ես չեմ ժխտում, որ դուրս գնալն ու այլ երկրների մասնագետների հետ հանդիպելը շատ կարևոր է, որովհետև փորձի փոխանակում է կատարվում, իսկ մենք դրա կարիքը ունենք և երբեք չպետք է մեկուսացված լինենք: Այսինքն՝ միջազգային համաժողովներն ու հանդիպումները, դասընթացները շատ կարևոր են, որպեսզի մեր հայ մասնագետներն ինտեգրվեն և ցույց տան իրենց աշխատանքը, կիսվեն փորձով, իրենց ձեռքբերումներով և մյուսներից էլ ինչ-որ բան սովորեն:

– Զուգահեռներ կանցկացնե՞ք՝ ինչպիսի՞ն է Հայաստանում և Դանիայում գիտությանը հատկացվող ուշադրությունը:

– Անհամեմատելի է, իսկապես անհամեմատելի է այն ուշադրությունը, որը գիտությանը տրվում է Հայաստանում և այստեղ: Հայաստանում խրախուսանքը, մոտիվացիան գիտնականը միանշանակ ինքն իր մեջ պետք է գտնի: Եթե դու ինքդ քեզ չես ստիպում դա անելգ Չկան ո՛չ ֆինանսական, ո՛չ տեխնոլոգիական հնարավորություններ, անգամ գրականություն չկա: Շատ ամսագրեր, շատ գիտական հոդվածներ ուղղակի մատչելի չեն, և դրանց համար պետք է դու ինքդ քո գրպանից վճարես. այսինքն՝ համալսարանները, գիտական ինստիտուտները, իրենք նույնիսկ դա չեն ապահովում այդտեղ: Դեռ չեմ խոսում գիտական կրթաթոշակների մասին, որպեսզի դու քեզ գոնե սոցիալապես ապահով զգաս և կարողանաս ամբողջությամբ մտածել գիտության մասին:

Օրինակ՝ Դանիայում, դու՝ որպես ասպիրանտ, պարտավոր ես մեկնել տարբեր երկրներ ճանապարհորդությունների, մասնակցել տարբեր կուրսերի ու հանդիպումների, այստեղ փորձի փոխանակումներ են կազմակերպվում: Այսինքն՝ միանշանակ, այստեղ այդ մոտիվացիան տարբեր կողմերից է գալիս, միայն քո ջանքերի շնորհիվ չէ: Այսինքն՝ այն հիասթափությունների պահը, որը ցանկացած մեկն ունենում է իր գործի մեջ, որովհետև կան դժվարություններ ու անհաջողություններ, և միշտ չէ, որ փորձը հաջողվում է, հատկապես կենսաբանության բնագավառում:

Այսինքն՝ դու պետք է ունենաս ճիշտ ղեկավար, ով պատրաստ է նաև հոգեբանորեն քեզ օգնել և առաջ տանել: Այստեղ այլ ստանդարտներ են, այստեղ մեթոդներն ու մոտեցումներն են տարբեր: Խրախուսանքները շատ-շատ են, այստեղ դու քեզ զգում ես հարգված մասնագետ անգամ հիմա, երբ դեռևս չես պաշտպանել, թեև գիտակցում ես, որ դեռևս շատ բաներ ունես սովորելու և տեղ ունես աճելու: Այստեղ արդեն իսկ դու քո արժեքը գիտես այդ ոլորտում, դու արդեն այդ կայացման ճանապարհին ես: Ղեկավարների խորհրդատվությունը, պարբերաբար սեմինարների ելույթներով հանդես գալը քեզ արդեն ասես արժեքավորում են: Այստեղ դու գիտես, որ մարդիկ լսում են քեզ, մարդիկ քեզ հարցեր են տալիս, և նրանք իսկապես հետաքրքրված են այն գործով, որով դու զբաղվում ես: Հայաստանում անտարբերությունը, ցավոք, շատ մեծ է:

Այդտեղ հնարավոր է՝ միայն քո անձնական ղեկավարը կարողանա ինչ-որ չափով քեզ օգնել, սակայն, հիմնականում, Հայաստանում երիտասարդ գիտնականները շատ-շատ անտարբերության են մատնված: Ես հպարտանում եմ այն մարդկանցով, ովքեր իսկապես կարողանում են այնուամենայնիվ գտնել այդ ուժը՝ կամքի ուժը, և գնալ մինչև վերջ և հասնել այն ամենին, ինչն իրենք երազում են՝ անգամ այդ պայմաններում:

– Ավելի շատ նշեցիք՝ ոչ նյութական մոտիվացիայի, և ավելի քիչ՝ ֆինանսական հարցերի մասին: Գիտնականին խրախուսանքը՝ մասնագիտական սեմինարներին մասնակցությունը, և այլն, այդ ամենը բավարա՞ր է, թե՞ նաև ֆինանսական հարցն է առաջնային:

– Ֆինանսականը միանշանակ կարևոր է: Պատկերացնո՞ւմ եք, եթե ես Հայաստանից գայի այստեղ և ֆինանսական հնարավորություններ չունենայի և համապատասխան միջոցներ չունենայի: Դանիան տասն անգամ ավելի թանկ երկիր է, քան Հայաստանը: Իմ ընտանիքը ինձ չէր կարողանա ապահովել, և եթե Հայաստանում ապրում ենք, օրինակ՝ ընտանիքի հետ, և քիչ թե շատ գումարն ընդհանուր բաշխվում է և, այսպես ասած, ընտանիքի բոլոր անդամները սոված չեն մնում, այստեղ դա հնարավոր չէր լինի: Այստեղ այդ ամենն ապահովում են, և շատ ավելի շատ, այսինքն՝ գոնե ասպիրանտների համար սա համարվում է ամբողջ դրույք, ստանում ես աշխատավարձ, որից անգամ հարկեր են պահում: Այսինքն՝ սա կրթաթոշակ չէ, սա համարվում է մի կողմից՝ ուսանում, մյուս կողմից՝ դու աշխատավարձ ես ստանում, և քեզ նաև ստաժն է գումարվում: Իսկ այստեղ բավական բարձր աշխատավարձ է տրվում՝ ի տարբերություն անգամ Եվրոպայի այլ երկրների՝ Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի:

– Այսինքն՝ կարողանում եք հանգիստ ապրել այդ գումարով՝ առանց ընտանիքին նեղություն տալու:

– Այո, ոչ միայն կարողանում ես ապրել, այլև քեզ թույլ տալ որոշակի ճոխություններ. ճանապարհորդել, օգնել Հայաստանում կարիքավոր բարեկամներին և ընկերներին: Այսինքն՝ այստեղ ասպիրանտական հնարավորությունը շատ խրախուսելի է: Բացի այդ, իրենք շատ բաց են բոլոր խելացի «ուղեղների» համար՝ անկախ ազգությունից: Այստեղ ազգային խտրականություն չկա, բոլոր ազգերից ընտրում են և շատ բաց են ընդունելու բոլոր խելացի մարդկանց և մասնագետներին: Այսինքն՝ շատ խրախուսելի է Դանիայում աստիրանտական աշխատանք կատարելը:

– Մինչև գնալը գիտեի՞ք այդ մասին:

– Բացարձակ: Շատ պատահական է ստացվել: Իմ ղեկավար Նիլսինգ: Այստեղ նույնիսկ այդ մանրուքները, այդ ֆորմալությունը չկա: Այստեղ դու քո պրոֆեսորին պարզապես անունով ես դիմում՝ առանց պրոֆեսոր ասելու, կամ առանց ազգանունը տալու, և ոչ էլ հայրանունը:

Այդ ամենը շատ դժվար էր ինձ համար, որովհետև մեզ մոտ՝ Հայաստանում, այդ պաշտոնների, կոչումների ֆորմալությունը շատ է: Ճիշտ է, չնայած այդտեղ՝ Հայաստանում, իմ աշխատավայրում գործընկերներիս հետ շատ մտերմություն կար, բայց այստեղ այդ ամենն ուրիշ կերպ է: Երբ իմ ներկայի ղեկավարին նամակ գրեցի, նա շատ արագ՝ 30 րոպեում պատասխանեց շատ դրական, այսինքն՝ այստեղ իրենք շատ արագ են արձագանքում, շատ բաց են ցանկացած համագործակցության համար: Իսկ եթե տվյալ պահին իրենք չունեն ֆինանսական միջոցներ, իրենք չեն ասում, որ՝ ունենք, պարզապես ասում են՝ չունենք, սակայն եկեք ծրագիր գրենք, եկեք դիմենք այստեղ և այս միջոցը փորձենք: Եթե տվյալ գիտական խմբի ղեկավարը կամ խումբը հետաքրքրված լինեն քո առաջարկներով, քո ծրագրերով, և ընդհանրապես քեզնով՝ որպես մասնագետի, իրենք անպայման ուղիներ կգտնեն, կօգնեն քեզ և ցույց կտան, թե ինչպես, օրինակ, այստեղ հայտնվել:

– Կվերադառնա՞ք Հայաստան:

– Անկեղծ ասած՝ մոտ ապագայում չեմ ցանկանա գալ Հայաստան, որովհետև հիմա այն փուլում եմ, որ նոր աշխատանք եմ փնտրում, և ցանկանում եմ կրկին գիտությամբ զբաղվել: Զուտ այն առումով, որ ես՝ որպես գիտնական, չեմ կարծում, որ ինձ կգտնեմ Հայաստանում: Օրինակ՝ կարող եմ գալ և բիզնես ներդնել Հայաստանում և այդպես գոյատևել, կարող եմ գալ, ուրիշ բնագավառներում զարգացնել, որովհետև, ցավոք սրտի, Հայաստանում գիտությունը զարգացած չէ: Ես, իհարկե, կարող եմ վերադառնալ Գենետիկայի կենտրոն, որտեղ աշխատել եմ, և կրկին այնտեղ աշխատանք գտնել, սակայն այնտեղ ես դիագնոստիկայով (ախտորոշմամբ) էի զբաղվում: Այսինքն՝ զուտ այս հիմքային գիտությամբ զբաղվելու հնարավորությունը չկա Հայաստանում:

– Այսինքն՝ գիտությամբ զբաղվելու շռայլություն Ձեզ թույլ տալ չե՞ք կարող Հայաստանում:

– Այո: Ցավով եմ դա ասում: Այդ իսկ պատճառով՝ կրկին աշխատանք եմ փնտրում առաջին հերթին՝ Դանիայում: Այստեղ դու ունես քո խոսքի ազատությունը, քո իրավունքները պաշտպանված են, և դու՝ որպես գիտնական, քեզ զգում ես նաև որպես կայացած մեկը և ունես այդ հնարավորությունը՝ համագործակցելու աշխարհի բոլոր կետերի գիտնականների հետ, հանդիպելու նրանց հետ և փորձը կիսելու: Այդ հնարավորությունը, ցավոք, ես Հայաստանում չեմ ունենա:

Այստեղ զուտ գիտական գործունեությամբ կարողանում ես շատ ավելի լավ ապրել, քանգ: Այստեղ նաև շատ պատվելի աշխատանք է գիտական աշխատանքը: Այստեղ իրենք իսկապես մասնագետներին ողջունում են և շատ են խրախուսում հատկապես բնական գիտությունների ուղղությունները, որով ես զբաղվում եմ:

– Խոսենք Ձեր ոլորտի՝ կենսաբանության մասին: Հայաստանը, այսպես ասած, շա՞տ հետ է:

– Հայաստանում տեսական գիտելիքները, կարծում եմ, միգուցե բավարար են, որովհետև կրկին նշեմ՝ նա, ով ինքն իր մեջ մոտիվացիա ունի, կարդալու, սովորելու միջոցներ գտնում է: Սակայն փորձարարական, պրակտիկ առումով գիտելիքները շատ հետ են՝ զուտ սարքավորումների և նյութերի պակասի պատճառով: Այդ ամենը կարելի է ուղղել զուտ գիտության մեջ ներդրումներ կատարելով: Պետք է պետությունը իսկապես կարողանա այդ գումարները ներդնել:

Գիտեմ, սակայն, որ Հայաստանում Ակադեմիայի տարբեր ինստիտուտներում խմբեր կան, որոնք փորձում են միջոցներ գտնել և միջազգային դրամաշնորհների միջոցով այդ բացերը լրացնել, և իրենք քիչ թե շատ կարողանում են սարքավորումներով հարստացնել իրենց լաբորատորիաները և այդկերպ կարողանում են քիչ թե շատ առաջ գնալ: Սակայն Հայաստանում գիտության ոլորտում միանշանակ մենք հետ ենք:

– Նշեցիք, որ այդտեղ հարգում են գիտնականին: Դա ավելի պետության կողմից դրվածքի, մոտեցմա՞ն խնդիր է, թե՞ հասարակության ներսում է գիտնականի նկատմամբ այդ վերաբերմունքը ձևավորված:

– Երևի հասարակության կողմից է, չգիտեմ: Այստեղ ոչ միայն գիտնականը, այլև յուրաքանչյուր մարդ իրեն հարգված է զգում: Գիտնականն այստեղ երբեք ինքն իրեն ավելի բարձր չի համարում հավաքարարից: Օրինակ՝ մեր կոլեկտիվում բոլորս իրար հավասար, միմյանց հարգելով, իրար սիրելով ենք խոսում:

Օրինակ՝ ափսեներ լվացող տիկինը շատ հարգված, շատ սիրված է բոլորիս կողմից, իսկ առանց նրա արդեն չենք էլ պատկերացնում, թե ինչպե՞ս կարող է մեր ամբիոնը գոյատևել: Այսինքն՝ այստեղ այդ հավասարությունը և հարգանքը բոլորի հանդեպ է: Իհարկե, որպես գիտական աշխատող՝ մարդիկ քեզ նայում են՝ որպես արդեն շատ խելացի մեկը, թեև իրականում լինել գիտնական՝ չի նշանակում՝ իմանալ ամեն ինչի մասին, մեզնից յուրաքանչյուրը մասնագիտացած է շատ նեղ ուղղությամբ և չի կարող իմանալ ամեն ինչի մասին. մենք պարզապես փորձում ենք ինչ-որ ոլորտում անել նոր հետազոտություններ և օգնել մարդկանց այն գիտելիքով, որում մասնագիտացել ենք: Բացի այդ, որքան սովորում ես, հասկանում ես, թե ինչքան բան դեռ չգիտես:

– Ի՞նչ խորհուրդ կտաք երիտասարդներին, Ձեր հասակակիցներին:

– Կքաջալերեմ մեր երիտասարդներին, ուսանողներին, գիտնականներին, որպեսզի իրենց հույսը չկորցնեն:

Եթե հնարավորություն ունեն՝ անպայման փորձեն կապեր ստեղծել արտասահմանյան գիտնականների հետ, և գտնեն իրենց պոտենցիալների զարգացումը, որովհետև վստահ եմ, այդ պոտենցիալը մեր մեջ կա, և դա իրավունք չունի մեռնելու: Եթե այս պահին Հայաստանում իրենք իրենց չեն գտնում, դա չպետք է նրանց կանգնեցնի: Այդ կեղծ հայրենասիրությունըգ Ես շատ հայրենասեր եմ, բայց դա չպետք է խոչընդոտի նրանց գիտական աճին, նրանց գիտական կարիերայի զարգացումը: Այսինքն՝ ես չեմ խրախուսում՝ ստամոքսի համար, զուտ լավ կյանքի համար ավելի զարգացած երկրներ մեկնելը, բայց, եթե դու՝ որպես մասնագետ, ուզում ես քեզ գտնել դաշտում, պետք է փորձես: Շատ քաջալերելի է, որպեսզի ցանկացած վայրում իրենք փորձեն գտնել իրենց և այդ աշխատանքի հնարավորություններն ունենան:

«168 ԺԱՄ»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս