«Չեմ հանդուրժում սուտն ու պոռոտախոսությունը». Թ.Մանասերյանը՝ Հրանտ Բագրատյանի մասին
Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը ֆեյսբուքի իր էջում պատասխանել է նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի գրառմանը։ Հիշեցնենք, որ Թ.Մանասերյանը դեռ փետրվարին քննադատել էր Բագրատյանի «100 քայլ» ծրագիրը՝ դրանում տեսնելով հակասություններ։ Հրանտ Բագրատյանը հեռուստաընկերություններից մեկի եթերում պատասխանել էլ այդ քննադատությանը՝ ոչ այնքան հաճելի արտահայտություններ հնչեցնելով Մանասերյանի հասցեին։ Դրանից հետո Մանասերյանը, կրկին ոչ այնքան հաճելի ձևակերպումներով, պատասխանեց Բագրատյանին՝ նրան հրավիրելով բանավեճի։ Նախկին վարչապետը տևական ժամանակ անձամբ չէր պատասխանում բանավեճի հրավերին, ինչի արդյունքում Մանասերյանը Բագրատյանին մեղադրեց բանավեճից խուսափելու մեջ։
Երեկ գիշերը Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքի իր էջում, այնուամենայնիվ, անդրադարձել էր այս թեմային՝ նշելով, որ ինքը Մանասերյանին բանավիճելու հնարավորություն է տալիս. «Օրինակ, վաղը մենք սլավոնական համալսարանի տնտեսագետների մոտ (4-րդ կուս 4-րդ հարկ) 9։30-ից մինչև 14։00 հենց այդ հարցերն ենք բանավիճելու։ Համեցեք»։
Իսկ քիչ առաջ Թաթուլ Մանասերյանը կատարել է պատասխան գրառում՝ այն վերնագրելով «Բագրատյանի գիշերային դեգերումները»։ Ներկայացնում ենք այդ գրառումսն ամբողջությամբ.
«Դժվար է հստակ որակում գտնել այն մարդու հոգեվիճակի համար, ով կեսգիշերին, քնելու փոխարեն, զգում է, որ ինքը լուրջ խնդիր ունի մարդկային իմ տեսակի հետ, փորձում է տնտեսագիտությունից հեռու բացատրություններ փնտրել իր արած ու չարածի համար: Անկեղծորեն ցավում եմ, որ մասնագիտական խնդիրները դարձյալ փորձում է լուծել անձնավորված, վիրավորական երանգներով:
Դժվար է որսալ այն մարդու տրամաբանությունը, ով կեսգիշերին կատարած գրառումով առավոտյան ժամը 9:30-ին հրավիրում է բանավեճի, այն էլ իր անձնական էջում գրառում կատարելով: Երևի «մեգա» աստղին թվում է, որ մարդիկ նույնպես գիշերը չպետք է քնեն և տեսնեն, թե ուրիշ էլ ինչ հանճարեղ մտքեր է մոգոնում համացանցում:
Անշուշտ, դժվար հասկանալի է հասարակ մահկանացուի համար, թե ինչպես կարելի է կարծիք հայտնել անձնական վիրավորանքների վերաբերյալ՝ առանց շարունակաբար ինքն իրեն մեծարող անձից գոնե հեռախոսով թույլտվություն չվերցնելու: Կամ ինչպե՞ս տեղավորել առողջ տրամաբանության մեջ այն, որ հեռուստատեսությամբ անհավասարակշիռ խոսքի դիմաց առաջարկում է բանավեճ անցկացնել ուսանողական լսարանում… Միգուցե սա մասնագիտական էթիկայի նոր մակարդա՞կ է:
Ինչ վերաբերվում է իր անտեղյակությանը՝ մեր կողմից հեղինակած տեսություններից, երկու տասնյակից ավելի մենագրություններից և բազմաթիվ գիտական հոդվածներից կամ աշխարհի տարբեր համալսարաններում արդեն վաղուց որպես դասագրքեր օգտագործվող իմ և իմ փորձագետների՝ հեղինակային խմբի աշխատություններից, խորհուրդ եմ տալիս այցելել Հայաստանի Ազգային գրադարան, իսկ իր իսկ խոսքերով, խոպան գնալիս՝ տվյալ երկրների ազգային գրադարաններ, ներառյալ՝ ԱՄՆ կոնգրեսի գրադարան: Իսկ գրադարանի ճանապարհը մոռանալու դեպքում՝ գոնե այցելել համացանց… Այդ դեպքում գոնե «համաշխարհային տնտեսություն» կամ «գլոբալ էկոնոմիկա» տերմինների փոխարեն, իր նախկին գործընկերների վկայությամբ՝ «մեգա էկոնոմիկա» անհեթեթ բառակապակցությունը տեսություն չէր անվանի: Տեսնես գոնե մեկը կա՞, որին հասանելի է “հանճարի” խոսքը:
Փորձում եմ հասկանալ, որ դժվար է համակերպվել ժողովրդի գրեթե 98%-ի կողմից մերժելի մարդուն իր կարգավիճակի հետ և մարդկանց լսողությունն ու տեսողությունը, համբերությունը տևական ժամանակ չարաշահելուց հետո, միանգամից լռել: Բայց իր հմտությունները խորհուրդ կտայինք փորձարկել այլ երկրներում, որտեղ դեռ իրեն լավ չեն ճանաչում: Եթե պատվեր կա, այո, հենց այդ մարդկանց պատվերն է, ովքեր բանավեճի իմ առաջարկի հենց հաջորդ պահից սկսած ինչ որակում ասես, որ չտվեցին Բագրատյանին, բայց չեմ կարող իջնել անձնավորման մակարդակին և հրապարակել դրանք, երևի այդ բառերը լավ էլ հայտնի են բոլորին: Միայն նշեմ, որ ոչ մեկի հիշողությունը դեռ չի խամրել:
Բանավեճն ինձ համար, մեղմ ասած, կյանքի նպատակ չէ: Ուղղակի չեմ հանդուրժում սուտը, պոռոտախոսությունն ու առավել ևս՝ անձնական վիրավորանքը: Գնդակը վաղուց Բագրատյան Հրանտի դաշտում է: Դրա մասին ինքը պետք է մտահոգվի: Եթե, այնուամենայնիվ, վերագտնի կորուսյալ համարձակությունը, թող արձագանքի այն հեռուստաընկերություններին, ովքեր հստակ առաջարկ են ներկայացրել կազմակերպելու մասնագիտական բանավեճ: Համարձակության համար կարող է իր հետ վերցնել ցակացած քանակով համախոհներ, եթե այդպիսին կգտնվեն քիչ թե շատ ճանաչված տնտեսագետների կամ առողջ տրամաբանության տեր մարդկանց շրջանում»: