«Այսօր ամեն աղբ եթեր է գնում, ամեն երկրորդն իրեն ռեժիսոր է անվանում» (լուսանկարներ)
168.am–ի զրուցակիցը ռեժիսոր Հրանտ Մովսիսյանն է
– Պարոն Մովսիսյան, ի՞նչ է Ձեզ համար ռեժիսուրան:
– Ինձ համար ռեժիսուրան ոչ թե կյանքը փոխելն է, այլ քո ներսինն արտահայտելն է, մարդկանց մտածելու հնարավորություն տալն է, նրանց որոշ ժամանակով քո աշխարհ տանելն է:
– Կարելի՞ է ասել, որ մեզանում տեսահոլովակ նկարահանելու մեկնարկը Դուք տվեցիք:
– Այո, եղել է այդպիսի բան (ժպտում է.- Գ.Ա.): Իմ մեջ միշտ երեք ճյուղ է բլթբլթացել. առաջինը՝ ես երաժշտության մեծ մելոման եմ, երկրորդը՝ շատ եմ սիրում ձեռքով նկարել, երրորդը՝ ես շատ էի ցանկանում ռեժիսոր դառնալ: Հանրային հեռուստաընկերությունում աշխատելու տարիներից էլ սկսեցի երգը, երաժշտությունը շարժելու մասին մտածել: Այսպես սկսեցի տեսահոլովակներ նկարահանել. հեռուստատեսությունում նոր շունչ մտավ: Այդ տարիներին եթերով տեսահոլովակ հեռարձակելը շատ դժվար էր, քանի որ այն անցնում էր մի շարք օղակներով: Այսօր, ցավոք սրտի, այդ ֆիլտրը չկա, այդ պատճառով էլ ամեն աղբ եթեր է գնում: Հիմա տեսահոլովակ նկարահանելը դարձել է շատ մոդայիկ. բոլորն իրենց ռեժիսոր են անվանում:
– Ինչպիսի՞ կարծիք ունեք այսօր եթերով հեռարձակվող տեսահոլովակների մասին:
– Այսօրվա տեսահոլովակները դիտելիս՝ նկատում եմ, որ ձեռագրի խնդիր կա: Այսօրվա երգիչներն ընտրում են այնպիսի ռեժիսորների, ովքեր իրականում ռեժիսոր էլ չեն: Ռեժիսոր դառնալը կրթություն է պահանջում, փորձ, բայց այսօր ամեն երկրորդն իրեն ռեժիսոր է անվանում: Ինձ մոտ եկող երգիչ-երգչուհիները գիտեն, որ ես հինգ օրում չեմ կարող տեսահոլովակ ստեղծել: Ինձ ժամանակ է պետք, որ երգն իմ միջով անցկացնեմ, որոշ բաներ հիշեմ, կարդամ, և այլն: Կարո՞ղ ենք ասել, որ այսօրվա տեսահոլովակներն արտահայտում են մեր կյանքը, այսօրվա իրականությունը: Այսօր բոլոր մարդիկ թանկ ավտոմեքենանե՞ր ունեն, բոլորը հայտնի ապրանքանիշների հագո՞ւստ են կրում: Սուտ է, այդպիսի բան չկա: Ագռավների նման՝ մենք փայլուն բաներ ենք սկսել սիրել: Ամեն ինչ չէ, որ փայլում է՝ ուրեմն ճիշտ է:
Տեսահոլովակներում բոլոր պարողներն անընդհատ նույն շարժումներն են անում: Եթե Մայքլ Ջեքսոնը չլիներ՝ մենք կորած էինք: Բայց, Ջեքսոնից բացի, մեկ այլ հայտնի մարդ կա, ում չեն անդրադառնում, որովհետև նրանց համար դժվար է Բոբ Ֆոսի պես մտածել: Պետք չէ անընդհատ հանճարի հետևից ընկնել, պետք է նորը ստեղծել: Իսկ ովքե՞ր են երգահանները. հնարավոր չէ, որ մի հոգին բոլոր երգիչ-երգչուհիների համար երգ գրի: Այն դառնում է երգ՝ ողջ ազգի համար: Շատ չեմ ուզում քննադատել, որովհետև դա ամենահեշտ գործն է: Կարող եմ ասել, որ ամեն մարդ անում է այնքան, որքան կարողանում է, դրանից ավելի նա երբեք չի կարող անել:
– Այնուամենայնիվ, կա՞ն ռեժիսորներ, ովքեր այսօր, Ձեր կարծիքով՝ ստեղծում են որակյալ տեսահոլովակներ:
– Կարող եմ առանձնացնել Դավիթ Բաբայանին, ով շատ հետաքրքիր է մտածում: Անիմացիոն տեսահոլովակներից ինձ շատ են դուր գալիս Դավիթ Սահակյանցի նկարահանած տեսահոլովակները: Կան մի խումբ մարդիկ, ովքեր փորձում են հետաքրքիր բաներ ստեղծել: Մեզանում կա մի խնդիր՝ տեսահոլովակ նկարահանելիս օպերատորները դառնում են ռեժիսորներ: Ամեն մարդ պետք է իր գործով զբաղվի: Ես երբեք ինձ թույլ չեմ տա մտնել մի ոլորտ, որը գիտեմ, բայց կա մի մարդ, ով ինձնից շատ գիտի: Տեսահոլովակի արտադրությունը շատ նման է կինոյի արտադրությանը: Կինոն չի կարող մեկ մարդ ստեղծել: Մենք ցանկանում ենք միայնակ ինչ-որ գործ անել, թիմ հասկացությունը մեզանում չկա:
– Հայկական արտադրության ֆիլմերի մասին ի՞նչ կարծիք ունեք:
– Մենք բոլորս ստեղծված ենք իլյուզիա ստեղծելու համար: Կինոն իլյուզիա է: Մինչև հիմա էլ, երբ փողոցում ֆիլմ կամ տեսահոլովակ են նկարահանում, մարդիկ հավաքվում են, նայում, որովհետև դա մի աշխարհ է, որն իրենք չեն պատկերացնում: Մեր ժողովուրդն ուզում է հայկական արտադրության ֆիլմեր տեսնել՝ մեր լեզվով, ապրելակերպով, պատմությունով: Հեռուստատեսությունը կինոն փոքր-ինչ հասարակացրել է, քանի որ տանը դու կարող ես էկրանին մոտ նստել, կինո նայելու հետ միաժամանակ՝ այլ գործով զբաղվել, և այլն: Կինոթատրոնում ֆիլմ նայելն իր մեջ միստիկ ինչ-որ բան ունի: Իհարկե, պետք է պատմական ֆիլմեր ունենալ, բայց ես շատ կուզենայի, որ մելոդրամաներ ունենայինք: Պատմական ֆիլմ նկարահանելը թանկ հաճույք է: Մենք այսօրվա կյանքը, ապրելակերպը նկարագրող ֆիլմ չունենք: Մենք երիտասարդական կինո, հեռուստատեսային ծրագիր չունենք: Այսօր ավելի շատ հումորային, զվարճալի ծրագրեր են, որոնք, եթե որոշ ժամանակ անց չլինեն՝ չենք էլ նկատի: Մենք մոռանում ենք, որ կինոն բիզնես է:
Մենք ֆիլմեր ցուցադրելու տեղ չունենք: Մեկ-երկու կինոթատրոնով չես կարող հետ վերադարձնել այն գումարը, որը ծախսվել է կինոյի վրա: Մենք ժողովրդական, քաղաքային ֆոլկլորով կինոներ ենք ցանկանում ունենալ, ինչպիսին էին «Մենք ենք, մեր սարերը», «Տղամարդիկ», «Պեպո» և այլն: Կամաց-կամաց ինչ-որ շարժեր նկատվում են: Մյուս խնդիրն այն է, որ բոլոր ֆիլմերը մի մարդ է նկարահանում: Հնարավոր չէ, որ այս հանրապետությունում միայն 4-5 ռեժիսոր լինի: Կինոյի համար ամենադժվար բանը լավ սցենարն է: Մենք ունենք սցենարիստներ, բայց այսօր նրանք զբաղվում են սերիալներով, քանի որ այն գումար է ապահովում:
– Պարոն Մովսիսյան, Դուք հեռուստացույց դիտո՞ւմ եք:
– Միայն ռուսական ալիքներ: Հայկական ալիքներից դուրս եկած մարդ եմ, և այն, ինչը ես արել եմ՝ հիմա կրկնվում է: Այս պատճառով էլ՝ հայկական ալիքներ դիտելու պահանջ չեմ զգում: Բացի այդ՝ հեռուստաալիքներով ինձ համար հետաքրքիր ոչ մի ծրագիր չկա: Հայկական հեռուստատեսությունը քնած է: Հեռուստաընկերությունների տնօրենները պետք է մի բան մտածեն հեռուստադիտողներին իրենց մոտ տանելու համար: Այսօր շատ դժվար է մարդկանց նորություն ցույց տալ: Հեռուստատեսությունը շատ է կաղալու, մինչև չհասկանա, որ իր ապագան համացանցն է, օնլայնը, ինտերակտիվը: Մենք՝ ավագ սերունդս, պետք է ստեղծենք այն, ինչն իսկապես հետաքրքրում է երիտասարդներին:
– Այս պահին նոր տեսահոլովակ նկարահանո՞ւմ եք:
– Այո: Ժամանակին, կարծում եմ, շատ արտասովոր, հետաքրքիր տեսահոլովակ էինք նկարահանել: Խոսքը Նունե Եսայանի «Սեր իմ» երգի տեսահոլովակի մասին է: Տեսահոլովակը վերջանում է այն պատկերով, որում երիտասարդ աղջիկը սրճարան է գնում և սպասում մեկին, ով այդպես էլ չի գալիս: Նկարահանում ենք այս տեսահոլովակի շարունակությունը: Այս պահին նկարահանում ենք նաև Երևանի մասին քաղաքային մի տեսահոլովակ, որում արտահայտում ենք մեր վերաբերմունքը մեր իսկ քաղաքի նկատմամբ: Կարծում եմ՝ այսպիսի տեսահոլովակների պակաս կա, քանի որ մենք միշտ մեր քաղաքի միայն վատն ենք նկատում, իսկ լավը՝ ոչ: Ես սիրում եմ իմ քաղաքը…