«Արզնիի», «ԵԹՖ»-ի, «Լուսակերտի», «Արաքսի» ձվերը չեն թանկացել. ՏՄՊՊՀ
ՏՄՊՊՀ ամենօրյա դիտարկումները ցույց են տվել, որ ձվի շուկայում թանկացումներ չեն եղել: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասել է ՏՄՊՊՀ (Տնտեսական մրցակցության պաշպտանության պետական հանձնաժողով) մամուլի քարտուղար Գայանե Սահակյանը: «Մոնիտորինգի խումբն աշխատել է նաև ոչ աշխատանքային օրերին: Հիմնականում մեր կողմից վերահսկվում են «Արզնին», «ԵԹՖ»-ն, «Լուսակերտը», «Արաքսը», քանի որ խոշորները դրանք են: Այս պահի դրությամբ՝ նշված տնտեսվարող սուբյեկտներից ոչ մեկի կողմից գնային փոփոխություններ չկան: Ամենօրյա դիտարկումները կատավում են նախորդ չորեքշաբթի օրվանից սկսած, այսինքն՝ դեռևս 4 օր է, ինչ անցել ենք ամենօրյա դիտարկումների: Ամենօրյա դիտարկումների անցնելու պատճառն այն էր, որ շուկայում նկատել էինք ձվի գնի բարձրացում 1-2 դրամով: Ընդհանրապես 1 դրամ էր, բայց դիետիկ տեսակի ձուն թանկացել էր 2 դրամով, այսինքն`որոշակի տեսակներ թանկացել էին 2 դրամով»,- նշել է Գայանե Սահակյանը: Վերջինիս համոզմամբ՝ ամենօրյա մոնիտորինգ է արվում հանրապետության գերիշխող դիրք ունեցող սուպերմարկետներում. օրենքով ՏՄՊՊՀ-ին լիազորություն տրված չէ մանրածախ առևտրի մյուս կետերում մոնիտորինգ անցկացնել. «Մոնիտորինգը կատարվում է «Երևան Սիթիում», «Սթարում», «Մոսկվիչկայում», ավելացել է նաև «Վաս գրուպ» խանութների ցանցը: Հանձնաժողովն աշխատում է խիստ վերահսկողության տակ պահել ձու արտադրող տնտեսվարողներին: Ուզում ենք հավաստիացել, որ, համենայն դեպս, բնակչությունը զերծ կմնա անհարկի գնային չարաշահումներից»,- ավելացրել է Գայանե Սահակյանը: