Բաժիններ՝

Ադրբեջանում գործում է պետական հնարավորություններից օգտվող «Մահվան էսկադրոն». Էլշադ Աբդուլաև

Ադրբեջանական Haqqin.az ինտերնետային թերթի փոխանցմամբ՝ «ադրբեջանական Վիկիլիքսի» հեղինակ Էլշադ Աբդուլաևը նոր ուղերձ է հղել ադրբեջանական ԶԼՄ-ներին: Նա պատմել է իր վերջին տեսանյութի մանրամասների մասին, որում նա զրուցում է նախագահի պահպանության ծառայության ներկայացուցիչների հետ:

Աբդուլաևը պնդում է, որ տեսանյութում զրուցում է նախագահի պահպանության ծառայության բարձրաստիճան աշխատակցի հետ. «Մահվան էսկադրոնը կազմակերպված հանցավոր խմբավորում է, որի անդամները, օգտագործելով պետական հնարավորությունները, զբաղված են մարդկանց առևանգմամբ:

Դա հաստատում է Պահպանության հատուկ ծառայության պետ, գեներալ Վագիֆ Ախունդովի մասնակցությամբ տեսանյութը: Հասականալի է, որ առանց Վագիֆ Ախունդովի ու Ռամիզ Մեհթիևի (Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար – 168.am) իրազեկման, այդ ծառայության աշխատակիցը չէր կարող այցելել ինձ: Երկրորդ մարդը Նատիգն է, ով նույնպես Վագիֆ Ախունդովի աշխատակիցն է, գնդապետ է:

Խմբի անդամ է նաև Սահիբը, ով հանդիսանում է Ազգային անվտանգության նախարարության 7-րդ վարչության աշխատակից և ծնունդով Ջալիլաբադից է: Խմբավորման մեկ այլ անդամ էլ նախիջևանցի Յասիրն է՝ ՆԳՆ-ի կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության մայոր: «Շահին Ջալիլաբադսկին» հանդիսանում է «պետական օրենքով գող», վարձու մարդասպան»:

Նշվում է, որ Ադրբեջանական միջազգային համալսարանի նախկին ռեկտոր Էլշադ Աբդուլաևն ավելի վաղ նույնպես բարձրաձայնել էր Ադրբեջանում «մահվան էսկադրոնի» գոյության մասին:

Հիշեցնենք, որ Աբդուլաևը հայտարարել է, թե ունի 400 տեսանյութ, որոնցում պետական մարմիններն ու պաշտոնատար անձինք մերկացվում են կոռուպցիոն գործունեությանը և մարդկանց առևանգմանը մասնակից լինելու մեջ: Նա ընդգծել է, որ այդ տեսանյութերը համացանցի միջոցով հրապարակելու է ժամանակի պահանջներին համապատասխան: Ի դեպ, Ադրբեջանում նախագահական ընտրությունները պետք է տեղի ունենան այս տարվա հոկտեմբերի 16-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս