Բաժիններ՝

Ադրբեջանի իշխանական կառույցներում բռնկվել է հերթական խոշոր սկանդալը (տեսանյութեր)

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի իշխանական կառույցներում բռնկվել է հերթական խոշոր սկանդալը: Ֆրանսիայում վտարանդիության մեջ գտնվող Ադրբեջանական միջազգային համալսարանի նախկին սեփականատեր և ռեկտոր Էլշադ Աբդուլաևը սոցցանցերում տեղադրել է հերթական սենսացիոն ձայնագրությունը:

Այդ տեսագրությունը թվագրված է եղել 2004 թվականի նոյեմբերի 11-ին և իրականացվել է թաքնված տեսախցիկի օգնությամբ: Տեսանյութում ներկայացված է Աբդուլաևի զրույցը Բաքվի օդանավակայանի ոստիկանության պետի տեղակալ Ռասիմ Իլդրիմզադեի հետ, ով հանդիսանում է Ադրբեջանի ներքին գործերի նախարար Ռամիլ Ուսուբովի ազգականը և Բաքվի շրջաններից մեկի դատախազ Յուսիֆ Իլդրիմզադեի եղբայրը:

Զրույցի ժամանակ կողմերը քննարկել են Էլշադ Աբդուլաևի առևանգված եղբոր՝ Ազգային անվտանգության նախարարության մայոր Մահիր Աբդուլաևի փրկագնի պայմանները: Նրան առևանգել էին 2003 թվականի հոկտեմբերի 15-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններից երկու օր առաջ՝ հոկտեմբերի 13-ին:

Զրույցի ժամանակ Իլդրիմզադեն Աբդուլաևին խոստանում է նրա եղբորը ողջ և առողջ վիճակում վերադարձնել 1 միլիոն դոլարի դիմաց: Բացի այդ, նա հավելել է, որ Մահիր Աբդուլաևին պահում են Ադրբեջանի սահմաններից դուրս, սակայն սահմանի մոտ. կա՛մ Իրանում, կա՛մ Դաղստանում:

Տեսանյութում երևում է, որ Իլդրիմզադեն երաշխավորում է Աբդուլաևի ազատումը՝ ընդգծելով իր ազդեցիկ կապերը, և որ իր «տանիքը» Ռամիլ Ուսուբովն է ու Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհթիևը: Այս տեսանյութի հետ կապված՝ Իլդրիմզադեն այժմ հայտարարել է, թե «այդպիսի հանդիպում տեղի չի ունեցել, և որ դա մոնտաժ է»:

Հիշեցնենք, որ Ադրբեջանում նախագահական ընտրությունները տեղի են ունենալու այս տարվա հոկտեմբերի 16-ին: Սրանից առաջ էլ՝ 2012 թվականի սեպտեմբերի կեսերին, Էլշադ Աբդուլաևը հրապարակել էր ևս մեկ սենսացիոն տեսանյութ, որում նա զրուցում է ադրբեջանցի արդեն իսկ նախկին պատգամավոր Գյուլյար Ահմեդովայի հետ, ով ներկայացնում էր իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցությունը (ԵԱԿ):

Այդ հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են 2005 թվականին Ադրբեջանի խորհրդարանական ընտրությունների հարցը: Աբդուլաևը հայտնում է, որ ցանկանում է դառնալ պատգամավոր, իսկ Ահմեդովան պահանջում է 1 միլիոն դոլար՝ նրան ԵԱԿ-ի պատգամավորական ցուցակում ընդգրկելու համար: Էլշադ Աբդուլաևը համաձայնում է վճարել 500.000 (չի նշվում մանաթ, թե դոլար), սակայն նրան հայտնում են, որ նա այդքան էլ դեռ պետք է վճարի:

Ռեկտորը, սակայն, առարկում է՝ պնդելով, որ իրենք պայմանավորվել են 500.000-ի շուրջ, որ ինքն արդեն իսկ վճարել է այդ գումարը: Նա հավելում է, որ պատրաստ է վճարել ևս 500.000, եթե իրեն ընտրեն խորհրդարանական հանձնաժողովի նախագահ: Սակայն կինը նրան պատասխանում է, որ այդ պաշտոնը զբաղեցնում է Ալի Հուսեյնովը, և ոչ ոք չի փոխի նրան: Ահմեդովան իր զարմանքն է արտահայտում, որ ռեկտորը դեռ սակարկում է իր հետ, և դա այն դեպքում, երբ ինքը համարձակվել է փոխել Իլհամ Ալիևի կազմած ցանկը և ռեկտորին խցկել դրանում:

Այս տեսանյութի հրապարակումից հետո Ադրբեջանում քրեական գործ հարուցեցին Ահմեդովայի նկատմամբ, բացի այդ, նրան վտարեցին ԵԱԿ-ի շարքերից: Ահմեդովան փորձեց փախուստի դիմել երկրից, սակայն նրան ձերբակալեցին Վրաստանի սահմանի մոտ:

Ահմեդովան այժմ մեղադրվում է Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ կետով (վստահության չարաշահման միջոցով խոշոր չափի այլոց ունեցվածքի յուրացում) և 307-րդ հոդվածի 2-րդ կետով (ծանր հանցագործության քողարկում):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս