«Ադրբեջանական Վիկիլիքսը» նախագահական ընտրություններին ընդառաջ նոր թափ է հավաքում (տեսանյութեր)
Ադրբեջանական Haqqin.az ինտերնետային թերթի փոխանցմամբ՝ «ադրբեջանական Վիկիլիքսը» շարունակում է նոր թափ հավաքել: «Ադրբեջանական Ջուլիան Ասանժ» Էլշադ Աբդուլաևը շարունակում է նոր տեսանյութեր ներկայացնել՝ այս տարվա հոկտեմբերի 16-ին Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրություններին ընդառաջ մերկացնելով իշխանությունների իրական դեմքը:
Այս անգամ Էլշադ Աբդուլաևի «զոհն» է դարձել նախագահական պահպանության ծառայությունը: Նոր տեսանյութերը նախորդ տեսանյութի նման նույնպես առնչվում են Էլշադ Աբդուլաևի եղբոր՝ Ազգային անվտանգության նախարարության մայոր Մահիր Աբդուլաևի առևանգմանը:
Տվյալ խնդրի հետ կապված՝ Էլշադ Աբդուլաևը եղբոր առևանգումից 10 ամիս անց, այսինքն 2004 թվականի օգոստոսին հանդիպում է Նախագահական գվարդիայի ներկայացուցիչ Սաֆար Քալանթարովի հետ: Վերջինս Էլշադից խնդրում է 3000 դոլար՝ նրա եղբոր գործով Սանկտ Պետերբուրգ այցի համար: Քալանթարովը հայտարարում է, որ Սահիբն ու Նատիգը պետք է մեկնեն այնտեղ և բերեն «գրություն», ինչից հետո Մահիրի քույրերն ու եղբայրները կարող են հեռախոսազրույց ունենալ նրա հետ: Դրա հետ մեկտեղ Քալանթարովը պնդում է, որ Մահիր Աբդուլաևին պահում են Չեչնիայում:
Ի պատասխան՝ Էլշադ Աբդուլաևը հայտնում է, որ դրա հետ կապված՝ Սահիբն ու Նատիգն իրենից արդեն իսկ վերցրել են 20.000 դոլար, ինչի համար ինքը զայրացած է և անպայմանորեն վրեժխնդիր է լինելու նրանցից. «Թող ինձ մոտ բերեն իմ եղբորը, և ես կհամբուրեմ նրանց ոտքերը: Ես թույլ չեմ տա խաբել ինձ: Եվ այնուամենայնիվ ես համաձայն եմ տրամադրել ևս 3000 դոլար և ոչ թե 3 օր, այլ՝ մեկ շաբաթ: Բայց եթե ժամանակին չվերադառնան, ես երեքիցդ հետ կվերցնեմ 30.000 դոլար»:
Քալանթարովը համաձայնվում է դրան: Բացի այդ, զրույցից պարզ է դառնում, որ ավելի վաղ Քալանթարովն Էլշադին խոստացել էր հատկացնել նրա եղբոր լուսանկարն ու տեսանյութերը: Աբդուլաևը պահանջում է դրանք՝ ընդգծելով, որ դրա համար պատրաստ է վճարել մինչև 20.000 դոլար:
Հիշեցնենք, որ սրանից առաջ Էլշադ Աբդուլաևն արդեն իսկ երկու տեսանյութ է ներկայացրել Ադրբեջանի իշխանական կառույցներում տիրող կոռուպցիոն վիճակի մասին: Դրանից հետո ադրբեջանական իշխանությունները սկսել են վրեժխնդիր լինել նրանից: