«Իշխանությունը լրջորեն հավատում էր իր գալա համերգին»
Հարցազրույց Գյումրիի «Ասպարեզ» ժուռնալիստների ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանի հետ
– Ինչպե՞ս եք գնահատում նախագահական ընտրությունները:
– Ճիշտն ասած, ընդարձակ միջոցառում էր` «ընտրություն» վերնագրով, ինչպես եղել է նախորդ անգամներին, որտեղ իշխանությունն իր ամբողջ զինանոցը փորձեց բանեցնել, քվեներ գնել, լրագրողների, դիտորդների աշխատանքը խոչընդոտել, ահաբեկել դիտորդներին մի քանի տեղերում, բյուջետային աշխատողներին իրենց կամքը թելադրել, վարչական ռեսուրսի չարաշահում կատարել:
Սրանք այն հին գործիքներն էին, որոնք կային և այս անգամ էլի օգտագործեցին: Կարծում եմ, որ իշխանությունը երևի մի քիչ գերագնահատել էր իր հնարավորությունները, չէր սպասում նույնիսկ այսպիսի պաշտոնական արդյունքների: Ճշգրիտ արդյունքները, ցավոք, ոչ ոք չգիտի, և կարծում եմ` ճշգրիտ արդյունքները երբեք ոչ ոք չի իմանա: Եթե ինչ-որ հրաշքով արագ իշխանափոխություն լինի, քվեները բացեն-նայեն, բայց «արդյունք» ասվածը միայն քվեաթերթիկի մեջ չէ, բազմաթիվ մարդկանց տանել-բերել, լցոնել, կաշառք, այդ դեպքում ճշգրիտ արդյունքն ինչպե՞ս իմանաս:
– Նախքան ընտրությունները մեզ հետ զրույցում ասել էիք, որ փետրվարի 18-ին ընտրությունների գալա համերգն է լինելու: Ըստ Ձեզ` կայացավ այդ գալա համերգը:
– Այո, ֆինալն էին կազմակերպել: Իշխանությունը լրջորեն հավատում էր իր գալա համերգին, ուզում է արագ-արագ շնորհավորանքներ ընդունի, կարծում է, որ դա հոգեբանական լուրջ ճնշող ազդեցություն ունի Հայաստանի հանրության վրա, բայց, կարծում եմ, որ հանրությունը տեղյակ է, որ դա, իսկապես, գալա համերգ է, բեմադրություն: Քարոզարշավի մեկ ամսվա եզրափակիչ բեմադրությունն էր:
– Շիրակում Սերժ Սարգսյանն ամենաքիչ ձայները ստացավ: Ինչո՞վ էր դա պայմանավորված:
– Գյումրիում խայտառակ արդյունքներ են` 70%-ը` 27-ի համեմատ, բայց նրա իրական վարկանիշն անհամեմատ ցածր է: Եթե 27%-ից կամ Շիրակի մարզում նրա ստացած ձայներից հանում ենք զինծառայողների քվեները, բերման ենթարկվածների քվեները, վարչական ռեսուրսով, կաշառքով քվեարկության քշվածների տոկոսները, տակը կարող է մնալ 5-6-7 կամ 10 %:
Ոմանք, իհարկե, մեկնաբանում են գյումրեցոնց պատասխանով, որովհետև Շիրակում կրած պարտության առյուծի բաժնի համար Սերժ Սարգսյանը պարտական է Գյումրու քվեարկությանը: «Ինչքան պետք ա, էդքան էլ կխփենք» և այլն` Գյումրիում նման արտահայտություններ անել չի կարելի, երևի իրենք հասկացան:
– Այսինքն` «ճակատագրակա՞ն» էր այդ արտահայտությունը Սերժ Սարգսյանի համար:
– «Ճակատագրական» չէր, որովհետև Հայաստանով մեկ իրենք նկարեցին այն թիվը, ինչ իրենց պետք էր: Գյումրու մասով, հա, թարս բուսնեց այդ վարունգ կոչված մթերքը: Այդ ռեպլիկները, ճիշտն ասած, ինքն արել է ոչ թե Գյումրիում, այլ Գյումրիի Թորոս գյուղում: Սա այդ խայտառակության լիրիկական մասն է, իսկ պրագմատիկ պատճառները շատ ավելի խորն են: Գյումրիում աղքատությունը պաշտոնական տվյալներով 47% է, 5 տարի առաջ` 35, թե 36% է եղել:
Գյումրիում 4500 ընտանիք շարունակում է մնալ անօթևան, գործազրկության ամենաբարձր տոկոսն է այստեղ: Մարդիկ ամեն ինչ շատ լավ գիտեին, պարզապես իրենք երևի թերագնահատել էին այդ սոցիալապես անապահով խավին` մտածելով, թե «լավ է, կքշենք քվեարկության, կգան խելոք, ականջները կախ կքվեարկեն», այնինչ, դու մի ասա, այդ աղքատ մարդիկ իրենց վերաբերմունքն ունեին և գնացին քվեով հայտնեցին:
Այդ խայտառակ պարտության պատճառներից մեկը տեղական լրատվամիջոցների, թող անհամեստ չհնչի` մեր ակումբի գործունեությունն էր ամբողջ քվեարկության ընթացքում, մասնավորապես, մենք բոլոր 81 ընտրատեղամասերում ունեինք մեկական ԶԼՄ ներկայացուցիչ, պլյուս` տեղական ակտիվորեն աշխատող 3 հեռուստակայանների թղթակիցները, որոնք ուղղակի մանրադիտակի տակ էին պահում քաղաքը, և շատ դժվար էր այստեղ լցոնել, տառացի, դասական իմաստով` լցոնման որևէ փաստ չգիտենք, իսկ լայն իմաստով` լցոնում ունեինք` մարդկանց տանել-բերել, քվեարկել տալ, կարուսել անել, բայց ֆիզիկական իմաստով, ինչպես դա եղել է Արարատի մարզում, այստեղ լցոնում չի եղել: Եվ շատ լավ գիտեին, որ եթե որևէ մեկը փորձ աներ, մերոնց ձեռքում կար ֆոտոապարատ և վիդեո նկարելու հնարավորություն` կնկարեին և անպայման կբացահայտվեր դա: Տեղամասերում բոլոր տեսակի ցնցումներին, ճնշումներին, վեճերին արագ արձագանքում էինք:
– Հանրապետականները վա՞տ աշխատեցին Գյումրիում, և դրա համար Սերժ Սարգսյանը քիչ ձայնե՞ր ստացավ:
– Քարոզչությունը բոլորդ տեսել եք` շպարված, գրիմ արված քարոզչություն էր, և ամեն տեղ Սերժ Սարգսյանի քարոզչությունը եղել է էականորեն բեմադրված: Իրական շփում, ազնիվ զրույց` պարզ մարդկանց հետ, չի եղել: Մեկ-երկու տեղ մարդիկ փորձել են ազնիվ զրույցի գնալ, թեկնածուն դրել-հակադարձել է` ասելով. «Տենց եք մտածում, որ խիյարը թարս ա բուսնում»: Իրական քարոզչություն Սերժ Սարգսյանի թիմը չի իրականացնել, արել է բեմադրությունների շատ մեծ շարք:
Դա ակնհայտորեն երևում է այդտեղ հրավիրված մարդկանց տեսքերից, միջավայրից, և այլն: Քարոզչական իմաստով` կարելի է ասել, որ` այո, շատ վատ են աշխատել: Վարչական ռեսուրսի չարաշահման իմաստով` ուղղակի հոգնեցրել, զզվեցրել են մարդկանց: Ամենամեծ քարոզչությունն իր օգտին կարող էր լինել իր աշխատանքն անցած 5 տարի: Ինքը` խոշոր հաշվով, Գյումրիում չկա, չի տեսնվել: 2000 ընտանիքի համար բնակարան է կառուցել, որը շատ քիչ է` քաղաքի պրոբլեմների համեմատ:
– Պարոն Բարսեղյան, Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն, օրինակ, ասում էր, որ իր քաղաքապետ լինելու ժամանակ Սերժ Սարգսյանն ավելի շատ քվեներ էր ստացել:
– 2008թ. Սերժ Սարգսյանը Գյումրիում տարել է 26.000 թե 27.002 քվե, իսկ այս անգամ` 16.000-ից ավելի քվե: Սրանք ուղղակի թվեր են` հինգ տարվա տարբերությամբ, և ցույց է տալիս վարկանիշի ուղղակի անկում: Այն ժամանակ էլ, այս անգամ էլ եղել է ընտրակաշառք, նույն գործիքները կիրառվել են, բայց արդյունքում ստացվել է այդպիսի անկում: Րաֆֆի Հովհաննիսյանը տարել է, այսպես ասած` «դժգոհության քվե», իշխանություններն էլ են այդպես մեկնաբանում` ասելով, թե` հանրությունը հո՞ չէր սիրում Րաֆֆի Հովհաննիսյանին: Բայց լավ են արել, այդպես էլ լինում է։
Ոչ ոք չէր սպասում, որ դժգոհության տոկոսն այդքան մեծ կլիներ, բայց, փաստորեն, 70/27 հարաբերակցությունը խոսում է Հանրապետական թեկնածուի խայտառակ պարտության մասին Գյումրիում: Գուցե նաև նրանից է, որ Գյումրիից ընտրողների մոբիլ խմբեր էին տարել Երևան, և այդ խմբերը չկարողացան ասպատակել Երևան քաղաքը, և ասպատակեցին ուրիշ տեղեր:
– Իսկ գո՞ւցե Գյումրիի ԲՀԿ-ական քաղաքապետ Սամվել Բալասանյանն էլ, այսպես ասած` «լավ» չաշխատեց ՀՀԿ-ի թեկնածուի օգտին:
– Այն պահին, երբ պարոն Բալասանյանը հայտարարեց, որ ինքը սատարում է Հանրապետական թեկնածուին, ես հոդված գրեցի և մեկնաբանեցի, թե ինչպե՞ս է արտահայտվելու այդ սատարումը, եթե ոչ` միայն մերձավորների, սեփական բիզնեսի մարդկանց հորդորելով, ինչն իսկապես արել են, և նոր չէր, որ պետք է անեին:
Իսկ եթե փորձեին չարաշահել վարչական ռեսուրսը, մենք ակնհայտորեն և անմիջապես իմանալու էինք: Քաղաքապետարանում ահագին մարդիկ կան, որ աշխատում են, և քաղաքն էլ այդքան մե՜ծ չէ, որ որևէ վարչական ռեսուրսի չարաշահման, հրամանի դեպքում չիմանայինք: Ես կանխատեսել էի, որ իր խոսքի ազդեցությունը լինելու է անձնական, մերձավոր թիմի, ընտանիքի և սեփական բիզնեսի մարդկանց վրա` հորդորի կշռով:
– Օրեր առաջ Շիրակի ՀՀԿ-ական մարզպետ Աշոտ Գիզիրյանը մեզ հետ հեռախոսազրույցում նշեց, որ տրամադրություն չունի, և հրաժարվեց պատասխանել հարցերին: Հավանակա՞ն համարում եք մարզպետի փոփոխությունը:
– Երեկվա (երեքշաբթի.- Մ.Մ.) իր խոսքերից բխում է, որ մնացած մարզերից ընտրախախտումներով են կրել և հաղթել: Իր խոսքի ուղղակի մեկնաբանությունն ինձ դա է հուշում: Լուրեր կային, որ ինքը հավակնում է Հայաստանի ոստիկանապետի պաշտոնին և այստեղ իր պլանը կատարելու դեպքում կստանձնի այդ պաշտոնը, հիմա շատ եմ կասկածում: Գուցե թողնեն, որ չարչարվի: Գյումրին միշտ աքսոր է համարվել Երևանի համար: Նույնիսկ «Ոսկե ցլիկը» ֆիլմի մեջ կա այդպիսի մի դրվագ, ասում է` «Հիշո՞ւմ ես` փախնում էիր Լենինական, ախպերս չթողեց»: Երևանից Ոստիկանության վարչության պետերը երբեք գյումրեցիներ չեն եղել, մարզպետները, եթե խորանում եք, երբեք գյումրեցի չեն եղել:
– Պարոն Բարսեղյան, այս ընտրություններին, բացի Չակ Նորիսից, ձայներ ստացավ նաև Չեբուրաշկան:
– Մենք ունենք մոտ 300 ֆոտոներ, որոնք բոլորը չեմ հասցրել նայել, բայց ինչ ասես կա` սեռական բնույթի հայհոյանքներից սկսած` վերջացրած տարբեր նկարներով, և դա հասկանալի է, որովհետև 3 քաղաքական ուժեր, որոնք խորհրդարանական ընտրություններում պաշտոնական արդյունքներով տարել էին հանրության քվեների մոտ 40%-ը, իսկ ոչ պաշտոնականով` երևի կեսից ավելին, բայց թեկնածու չէին առաջադրել` ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը և Դաշնակցությունը, և շատ մարդիկ դժգոհել էին:
-Իսկ ամենահետաքրքիրը ո՞ր անվավեր քվեաթերթիկի մակագրությունն էր:
– Թույլ տվեք դեռ չպատասխանել, որովհետև վախենամ, որ ավելի հետաքրքիր բաներ լինեին` Ադոլֆ Հիտլեր կար, Գվենիկ տնային տնտեսուհի կար, և այլն: